Անասնապահություն

Կենդանիների Հաշվառման ինտգվրված համակարգ

Բոլոր երկրներում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգն ունի կարևոր նշանակություն տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացման համար։ Կենդանիների հաշվառման համակարգերը ստեղծել են տոհմային գործով զբաղվող կազմակերպությունները՝ կենդանիների գենետիկական տվյալների կառավարման, ֆերմերային տնտեսություններում՝ անասնապահական և անասնաբուժական գործի կազմակերպման, պետական և անասանաբուժական հսկողության մարմինների կողմից համաճարակային իրավիճակը բարելավելու նպատակով։

ԱՄՆ-ում և Եվրոպայում կենդանիների հաշվառման համակարգերը պատմականորեն ունեցել են երկակի նշանակություն. մի կողմից` դրանք բարելավել են ֆերմերային գործը, մյուս կողմից՝ ծառայել հակակողոպուտային և հակաառևանգման նպատակներին, ինչը զգալիորեն նվազեցրել է կենդանիների գողության դեպքերն ու ապօրինությունների մակարդակը գյուղատնտեսության ոլորտում։
image
image
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը սննդամթերքի անվտանգության և հիվանդությունների դեմ պայքարի կարևոր միջոց է, հատկապես այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսին են բրուցելոզը, տուբերկուլոզը, սիբիրախտը, դաբաղը, սպունգանման էնցեֆալոպաթիան և այլն։

Խորհրդային Միության փլուզումից հետո կենդանիների հաշվառման նախկինում գործող մեթոդները դարձել են անարդյունավետ, շատ դեպքերում՝ անիմաստ։ Կենդանիների համարակալման և հաշվառման ժամանակակից համակարգի բացակայության պայմաններում խիստ անարդյունավետ են դարձել տվյալ ոլորտի պետական և ոչ պետական մարմինների հսկողական և վերահսկողական գործառույթները։ Հաշվառման ավտոմատացված համակարգի բացակայությունը խոչընդոտում է գյուղատնտեսության այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսին են անասնաբուծությունն ու տոհմային գործը, կենդանիների սելեկցիան, անասնաբուժությունը, սննդամթերքի արտադրությունը և արտահանումը, նաև պարենային անվտանգությունը։

Ժամանակակից ավտոմատացված համարակալման և հաշվառման համակարգն ինտեգրվում է պետական կառավարման բոլոր ոլորտներում, տարբեր մակարդակներով, հզորացնում պետական կառավարումը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։ Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել Հայաստանի համար այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսին են զոոնոզ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը դրանց, կենդանիների պատվաստանյութերի բաշխումը, կենդանիների բուժ-կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների կազմակերպումը, կենդանիների վերարտադրության հետագծելիությունը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի արտոնագրումը և փաստաթղթավորումը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրումը և արտահանումը, սննդամթերքի արտադրությունում որակի և անվտանգության ապահովումը։

Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը մեծ նշանակություն ունի ճշգրիտ և թափանցիկ վիճակագրություն մատուցելու, իրական սոցիալ-տնտեսական իրավիճակ ներկայացնելու առումով։ Ավտոմատացված համակարգը թույլ կտա վերծանել թաքնված կենդանիների գլխաքանակը։

Կենդանիների հաշվառման ինքնաշխատ/ավտոմատացված համակարգը խթանում է բանկային ծառայութունների զարգացումը՝ նվազեցնելով գյուղատնտեսության վարկավորման ռիսկերը։ Այն անասնապահության և սննդամթերքի արտադրության ոլորտները դարձնում է առավել կանխատեսելի և գրավիչ։ Նորացվում և հզորանում է բանկերի գործիքակազմը, ակտիվանում են ներդրումային ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում։ Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կիրառումը ամբողջ երկրում կնպաստի գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության մեխանիզմների ներդրմանը` լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար։

Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգերը մեկուսացված և օժանդակ համակարգեր չեն. դրանք կարող են սահմանել արդյունավետ հսկողություն միայն այն պարագայում, երբ համահունչ զարգանում են համապատասխան ենթակառուցվածքները, իրագործվում է ռեսուրսների ճիշտ կառավարման քաղաքականություն, իսկ ինտեգրացիոն գործընթացները շահավետ են ոչ միայն վերահսկողություն իրականացնող մարմինների, այլ նաև տնտեսվարողների համար։

Գլոբալ առումով` կենդանիների համարակալման և հաշվառման համակարգերը բազմաֆունկցիոնալ վերահսկման և պետական կառավարման ահռելի ռեսուրս են: Այն հնարավոր չէ ուղղակիորեն կրկնօրինակել այլ երկրներից, քանի որ համակարգի շահագործման պայմանները խիստ տարբերվում են։Հիմնական տարբերությունները պայմանավորված են պետական կառուցվածքի, սոցիալ-տնտեսական, արտադրական, անասնաբուժական և անասնաբուծական ոլորտների զարգացվածության, ռեսուրսների հասանելիության, ֆերմերների կարողությունների և տվյալ երկրի պատմամշակութային առանձնահատկություններով։

Չնայած նրան, որ զարգացող երկրներում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգերի ստեղծումն ու կիրառումը սահմանափակվում են պետության սոցիալ-տնտեսական իրավիճակով, գլոբալիզացիոն գործընթացները և միջազգային շուկայում կենդանական ծագման մթերքների մեծացող պահանջները ստեղծում են բոլոր նախադրյալները այդ համակարգերի մշակման և ներդրման համար։

Հեղինակ՝ Սերգեյ Չախմախչյան

http://agromshakuyt.card.am/

Follow Us

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Սոցիալական ցանցերում

Մեր մասին

Search