Կովի երես Նորայր Ջնդոյանը տեսնել չի ուզում: Արտաշարցի Ջնդոյանների ընտանիքը խոշոր եղջերավորներից նախընտրել է գոմեշը: Արմավիրի մարզի հենց այս համայնքում էլ խոշոր եղջերավոր կենդանիներից կարելի է հանդիպել գոմեշի։
Գյուղացին անցել է այլընտրանքային այս ճյուղին, քանի որ այն եկամտաբեր է: Այս կենդանիների կաթնատվությունը բարձր չէ՝ միջինը տարեկան 150-200 լիտր, փոխարենը յուղայնությունն է բարձր՝ 6-8 տոկոս, գինն էլ՝ հետը: Ջնդոյանը սկսած բիզնեսից չի դժգոհում:
«Կովի կաթի լիտրը 200-300 դրամ է, մի շիշ ջերմուկից էժան: Գոմեշի կաթի լիտրը 600-800 եմ տալիս, կես լիտր մածունն էլ՝ 600: Կաթը քիչ է, բայց բարձր գնի պատճառով կարում ես ներդրածդ հետ բերես»,- Ագրոպրես-ի հետ զրույցում նշեց ֆերմերը:
Գոմշաբուծությամբ Ջնդոյանները երկար տարիներ են զբաղվում է: Երիտասարդը հիշում է՝ սկզբում տատն ու պապն են գոմեշ պահել, հետո՝ հայրն ու մայրը, հիմա էլ պապական գործն ինքն է շարունակում:
Գոմշաբուծությամբ զբաղվող Նորայրը կաթնամթերքի իրացման խնդիր չունի: Վստահեցնում է՝ իր արտադրանքն անարատ է, հաճախորդներ միշտ է ունենում, 40 գլուխ գոմեշներից 23-ը կթու են:
«Գոմեշը հիվանդությունների նկատմամբ շատ դիմացկուն է: Մենք այսքան տարի գոմեշ ենք պահել, ես չեմ տեսել գոմեշը որևէ հիվանդությունից սատկի կամ վարակվի: Գոմեշի իմունիտետը շատ բարձր է հիվանդությունների նկատմամբ: Կով ունեցել եմ, բայց էդ կենդանին Արարատյան դաշտավայրում շոգին չի դիմանում, շուտ հիվանդանում է, գոմեշն ուշ է հիվանդանում: Ուտելիքն էլ՝ քարից փափուկ ուտում է»,- ասաց նա:
Գոմեշին պահելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Օրինակ՝ մյուս խոշոր եղջերավորների պես նրան պատվաստել պետք չէ։ Նորայր Ջնդոյանը, սակայն, խոստովանում է՝ դժվարությամբ է պահում:
Ճահիճը ցամաքեց, գոմեշներն էլ մնացին մի տասնյակի չափ
Եթե Արմավիրի մարզի Զարթոնք, Եղեգնուտ և Արտաշար գյուղեր գնացել եք, ճանապարհին ցամաքած ճահճուտներ տեսած կլինեք։ Դրանց կողքով եք անցնում։ Հենց այս տարածքներում էլ գրեթե ցեխերի մեջ նստած գոմեշների էլ կտեսնեք։ Տեսել եք, բայց մտածել եք՝ կովեր են: Խոնավ տարածքը գոմեշներ պահելու ամենահարմար միջավայրն է: Առաջ, երբ այստեղ ճահիճները շատ էին, Զարթոնթ և Երասխահուն գյուղերում գոմեշներն էլ էին շատ։ Ճահիճը ցամաքեց, գոմեշներն էլ մնացին մի տասնյակի չափ։
Ժամանակին գոմեշաբուծության հայտնի կենտրոն Երասխահուն գյուղում այսօր արդեն գոմեշի անուն լսել չեն ցանկանում: Արարատյան դաշտում ջրերի նվազման պատճառով երեասխահունցիները կենդանիներին վերացրին, իսկ գոմեշները կովերի համեմատությամբ սիրում են ջրային տարածքներ, որտեղ էլ անցկացնում են օրվա մեծ մասը:
Բացի սա՝ տեղացիներն այլ պատճառներ էլ են թվարկում նախկին գործին չվերադառնալու համար:
«Գոմեշի կաթն էլ ամեն մարդ չի առնում: Մածուն գցելն էլ հազարից մեկի մոտ է լավ ստացվում, դրա համար մարդիկ չեն պահում: Միսն էլ դժվար իրացվող է»,- փաստեց երասխահունցի Արմեն Ավետիսյանը:
90-ականներին՝ Հայաստանի համար ճգնաժամային տարիներին, այս խոշոր եղջերավորների գլխաքանակը կտրուկ նվազեց: Սոցիալական ծանր վիճակից ելնելով՝ շատ գյուղացիական տնտեսություններ գոյատևելու համար ունեցած գոմեշները վաճառեցին:
Սուբսիդավորվում են կաթնային գոմշաբուծության համար տրամադրվող վարկերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում կա 700 գլուխ գոմեշ։ Գոմշաբուծության կաթնամսային ուղղվածությամբ զբաղվում են Տավուշի, Լոռու, Արարատի և Արմավիր մարզերում։ Ինչպես հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը՝ նրանց կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի, հազվադեպ 1500-2000 կգ-ի սահմաններում, սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և պահվածքի բարելավման միջոցով կարելի է բարձրացնել կենդանիների կաթնատվությունը՝ մինչև 2000-3000 կգ։ Արդյունքում կենդանիներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ, ըստ նախարարության, մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում։
Կառավարությունն էլ օժանդակում է նաև անասնապահության այս ճյուղի զարգացմանը. սուբսիդավորվող վարկ է տրամադրվում կաթնային գոմշաբուծության զարգացման համար։
Ըստ նախարարության՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, և այդ ժամանակվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 51,644 միավոր վարկ՝ շուրջ 125,7 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 11,8 մլրդ դրամ: Միայն 2020 թվականին տրամադրվել է 36,608 միավոր վարկ՝ 63,4 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 4,9 մլրդ դրամ:
Առաջարկվող կարգավորման նպատակն է գյուղատնտեսության ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսած տավարաբուծության համար 3-50 մլն դրամ սուբսիդավորվող վարկը տրամադրել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար։ Այս նախագծով առաջարկվող լրացումը, էկոնոմիկայի նախարարության ակնկալմամբ, հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպմանը։
Գոմշաբուծությամբ զբաղվող մեկ այլ ֆերմեր էլ հավելում է՝ գոմեշի մածունը շատ պինդ է, ռեստորաններում այն դելիկատես նրբահամակ է համարվում: Գոմեշի կաթն ու մածունն է թանկ, բայց ոչ միսը։ Հենց այս հարցում էլ գոմեշ բուծողները վնաս են կրում: Հանրապետությունում գոմեշի մսի և կաթնամթերքի պահանջարկը մեծ է: Սակայն պահանջարկի պատճառով էլ ոլորտում խնդիրներ առաջացան, պնդում են ֆերմերները:
Մնում է «խալտուրա» չանեն
Գոմշաբույծը դժգոհում է, որ մարդիկ սկսել են չարաշահումներ անել;
«Լավ էր մինչև այն պահը, երբ սկսեցին «խալտուրա» անել: Մարդիկ կովի, ոչխարի կաթը խառնեցին, ինչ զիբիլ ասես խառնեցին ու գոմեշի մածունի տակ ծախեցին: Գոմեշի մածուն էին բերել, նայեցի խնդացի: Էդ մածունը պատառաքաղով պանրի պես պետք է պոկես, ուտես, բերում, կճուճը շուռ ես տալիս, մածունը թանի պես թափում է: Տարա, որ օբյեկտին մածուն տամ, ասացին՝ Գավառից անսահմանափակ քանակությամբ գոմեշի մածուն են բերում: Գավառում վաբշե գոմեշ չկա: Մի գյուղում մենակ կա, էն էլ էդ մարդն ինձնից է 3 գոմեշ առել»,- նկատեց ֆերմերը:
Գոմշաբուծությամբ զբաղվողները հայտարարում են՝ եթե շուկայում վերահսկողություն սահմանվի, այն իսկապես կարող է շահութաբեր գործ դառնալ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան