Կամարիսում խոզեր են սատկել
Կոտայքի մարզի Կամարիս բնակավայրում ֆերմերներն անհանգստացած են ու խուճապային տրամադրությամբ։ Օրեր առաջ գյուղում մեծ թվով խոզեր են անկել, նախնական վարկածով, կենդանիները սատկել են աֆրիկյան ժանտախտի պատճառով։
Ֆերմեր Արարատ Դանիելյանը 137 գլուխ խոզ է կորցրել։ Նրա հետ խոսելու ժամանակ սատկած կենդանիների ոչնչացման աշխատանքներն էին կազմակերպում, տրակտորը փոսն էր փորում, որտեղ պետք է խոզերին տեղափոխեին։
Ֆերմերը վարկ էր վերցրել և տնտեսություն զարգացրել, երբ արդեն հասել էր գործից եկամուտ ստանալու պահը, անսպասելիորեն խոզերը սատկել են։ Արարատ Դանիելյանն արդեն կրած վնասներն է մտովի հաշվում։
«23 հատ մայր խոզ է եղել, որոնք հղի են եղել, 12 հատ գոջիներով սաղ տարել թափել ենք, մոտ 500 հազար դրամ փող եմ այդտեղ կորցրել, չհաշված մնացածը։ Վարկով էի խոզերին վերցրել, գալու են տունս, տեղս սաղ ձեռքիցս վերցնեն։ Եթե հաստատվի, որ աֆրիկյան ժանտախտ է, ես փոխհատուցում եմ պահանջելու»,- Ագրոպրեսի հետ զրույցում սրտնեղեց խոզաբույծը։
Նրա խոսքով՝ գյուղում միայն իր խոզերը չեն անկել, հիվանդությունը համատարած է։ Արարատ Դանիելյանի հարևանի ֆերմայում էլ 600 գլուխ խոզ է սատկել, մյուս համագյուղացին էլ 400-ն է կորցրել։ Դեպքերը շատ են, ֆերմերն անգամ դժվարանում է մտաբերել։
Հնարավոր աֆրիկյան ժանտախտից նաև Կամարիսի ֆերմեր Վարուժան Ներսիսյանն է տուժել։
«2 շաբաթ է՝ ամեն օր անկում է լինում։ Մոտ 50 խոզ իրենց ձագերի հետ անկել են։ 200 կիլոգրամանոց մայր խոզեր էին՝ իրենց ձագերի հետ․ պատկերացնո՞ւմ եք, տնտեսությանս որքան վնաս եղավ։ Վարկերի տակ եմ, միայն խոզաբուծությամբ էի զբաղվում։ 60 հատի էի հասցրել, հիմա 10 հատ է մնացել»,- պատմեց նա։
Ֆերմերների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները եկել են այն ժամանակ, երբ խոզերի մի մասին թաղած են եղել։ Անկած կենդանիներին հողից հանել են, այրել և կրկին թաղել՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով։
Հիվանդության պատճառով բիզնեսը կորցրած ֆերմեր Արարատ Դանիելյանի պնդմամբ՝ աֆրիկյան ժանտախտը ոչ միայն իրենց գյուղում է, այլ ամբողջ հանրապետությունում է վարակը տարածված։
«Ես կարող եմ ապացուցել, որ մենակ մեզ մոտ չէ հիվանդությունը, բայց չգիտեմ՝ ինչի մարդիկ ձայն չեն հանում, երևի, ուզում են միսը վաճառել»,- նշեց գյուղացին։
Կամարիսում ասում են, որ աֆրիկյան ժանտախտ գյուղում վերջին անգամ տարիներ առաջ է եղել․ 2003 թվականին է հիվանդության բռնկում եղել, որից դարձյալ միլիոնների վնասներ են կրել։
Ամեն ինչ արվում է հիվանդության տարածումը կանխելու համար
Կամարիսի վարչական ղեկավար Հովհաննես Սարգսյանը ևս հաստատեց, որ կատարվել են կենդանիների թաղման աշխատանքներ, ՍԱՏՄ-ն համապատասխան աշխատանքներն իրականացրել է։
«Ես չեմ կարող ասել, թե կենդանիների անկման դեպքերը համատարած են գյուղում։ Ես միայն 3 ֆերմերից ահազանգ ունեմ, որոնց մոտ անկման դեպքեր են գրանցվել։ Հիմա սպասում են փորձաքննության արդյունքներին։ Սննդի անվտանգության տեսչական մարմինն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները կատարում է՝ կասեցնելու համար վարակի տարածումը, իսկ համայնքապետարանը հատկացրել է հատուկ տեղ՝ սատկած անասունների համար»,- հավելեց վարչական ղեկավարը։
ՍԱՏՄ Կոտայքի մարզային պետ Արշակ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ կառույցի աշխատակիցներն անկած կենդանիներից նմուշներ են վերցրել, առայժմ սպասում են լաբորատոր փորձաքննության պատասխանին, թե արդյո՞ք կենդանիները անկել են աֆրիկյան ժանտախտից, թե՞ ոչ։ Արշակ Ավետիսյանն արձանագրեց, որ Կամարիսում շուրջ 700 գլուխ խոզ է անկել, գյուղում էլ կարանտին են սահմանել։ Մասնագետների կասկածները 3 հիվանդության ուղղությամբ են։
«Նախնական վարկածով աֆրիկյան ժանտախտ է։ Նմուշներ ենք տվել լաբորատորային, սպասենք, տեսնենք՝ կասկածները հաստատվում են, թե՝ ոչ։ Կասկածներ կան, որ խոզերի մոտ կարող է լինել հիվանդության 3 տեսակ՝ դասական և աֆրիկյան ժանտախտ, ինչպես նաև պաստերելոզ ենք նշել։ Բոլոր սատկած կենդանիներն, ըստ կանոնակարգի, թաղվել են 4 մետր խորությամբ փոսում»,-ներկայացրեց մեր զրուցակիցը։
Կենդանիները պատվաստվա՞ծ են եղել
ՍԱՏՄ Կոտայքի մարզային պետը հակադարձում է ֆերմերներին, թե խոզերի հիվանդությունն ամբողջ երկրում է։
«Այս պահի դրությամբ ոչ մի ուրիշ տեղ օջախ չունենք, համենայնդեպս, տեղեկատվություն չունենք։ Աշխատում ենք անասնաբույժների հետ։ Եթե հանկարծ դեպքեր լինեն, մեզ տեղյակ պահեն»,-ընդգծեց ՍԱՏՄ ներկայացուցիչ։
Արշակ Ավետիսյանը փաստեց, որ անկած կենդանիները հիվանդության դեմ պատվաստված չեն եղել։ Ըստ նրա՝ դասական ժանտախտ հիվանդության դեմ ժամանակին պետական ծրագրով պատվաստումներ իրականացվել են, հիմա՝ ոչ։
Մինչդեռ ֆերմեր Արարատ Դանիելյանը հակառակն է պնդում, թե խոզերին ժամանակին պատվաստել են, ախտահանումներ են արել, բայց միևնույն է, աֆրիկյան ժանտախտի դեմն որևէ ձևով առնել հնարավոր չէ։
Նշենք, որ աֆրիկյան ժանտախտն արագ տարածվող վարակիչ հիվանդություն է։
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը պաշտոնապես գրանցվել է 2010 թ․–ին։ Դրանից հետո որևէ դեպք պաշտոնապես չի հաստատվել, թեև խոզերի անկման դեպքեր այս տարիներին գրանցվել են Տավուշի և Սյունիքի մարզերում։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
