Ձկնամթերքը և մեղր Հայաստանից Եվրոպա արտահանելու հարցում որոշակի հաջողություններ է գրանցվել, այս մասին 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:
«Եվրոպացի մեր գործընկերների հետ վերջին շփումները ցույց տվեցին, որ մոտ ապագայում ձուկն ամբողջությամբ բաց կլինի Եվրոպայի համար, ինչը շատ կարևոր փաստ է»,-մանրամասնել է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ ձկնամթերքը Եվրոպա արտահանելու մասով բանակցություններն ավարտական փուլում են: ՍԱՏՄ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ 1-2 ամսում կհրապարակի այդ հաջողության մասին:
Ռուսաստանից կախվածությունը կնվազի
Ձկնամթերքը Եվրոպա արտահանելու լուրը սպասված է ձկնաբուծությամբ զբաղվողների համար: Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրի ձկնաբույծ Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ հայկական ձուկը ԵՄ երկրներ արտահանվելու դեպքում ռուսական շուկայից կախվածությունը կնվազի: Նա արդեն շուրջ 10 տարի իր արտադրանքի 70 տոկոսը ռուսական շուկայում է իրացնում, այլընտրանքային շուկան անհրաժեշտություն է համարում:
«Եթե ռուսները մի օր որոշեն, որ մեր ձուկն այլևս պետք չէ իրենց, մենք ի՞նչ ենք անելու: Եվրոպայում մեր ձկան պահանջարկը կա, այնտեղ ջրերը տաքանում են, արտադրութան ծավալները բավականին իջել են:Իսկ «Իշխան»-ը սառը ջուր է սիրում, տաք ջրում չի լինում այդ ձուկն աճեցնել: Եթե տեսնենք Ռուսաստանում գինն ավելի բարձր է այնտեղ կուղարկենք, եթե Եվրոպայում է բարձր, այնտեղ կուղարկենք: Մի բան էլ ասեմ՝ Եվրոպայում ձկան գները բարձր են, նախորդ տարվանից Թուրքիան սկսեց այնտեղ ձկնամթերք արտահանել՝ ռուսական շուկան թողնելով մեզ»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց նա:
Չնայած եվրոպական շուկան առաջիկայում կարող է հասանելի լինել ձկնաբույծների համար, բայց Անդրանիկ Գրիգորյանն այլ խնդիր է նկատում:
Նրա ներկայացմամբ՝ վերջին 2 տարվա ընթացքում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալները նվազել են, անհայտ հիվանդության պատճառով մեծ քանակությամբ ձկներ են անկել: Շատերն էլ ստեղծված իրավիճակից ելնելով՝ փակել են ձկնաբուծական տնտեսությունները, հիմա, պատկերը դեպի դրականն է փոխվել. ձկնաբուծարանները վերականգնման շրջանում են:
Ձկնաբույծն ասում է՝ նոր շուկան ոչ միայն հնարավորություն կստեղծի, որ տնտեսվարողները դարձյալ ավելացնեն արտադրության ծավալները, այլև հայ- ռուսական հարաբերություններից չեն տուժի:
«Վստահ եմ՝ եթե ՌԴ-ն այլընտրանք ունեցավ, կամ իրենց արտադրության ծավալներն ավելացան, կամ երրորդ երկրներից ձուկ բերեցին, հաստատ մեզ համար մի խնդիր ստեղծելու են: Երբ Հայաստանից հայտարարություն է լինում, որն իրենց դուրս չի գալիս, արհեստական խնդիրներ են ստեղծում մեր ապրանքների համար: Բազմիցս նման դեպքեր եկել են, անցյալ տարի էլ ձկնամթերքով բարձրացված մի քանի բեռնատար չեն ընդունել, ստիպված ապրանքը հետ ենք բերել: Մաքսակետերում դաժե ֆուռերի վարորդներին ասել են, որ ձեր իշխանության այսինչ հայտարարության պատճառով չենք ձուկ կամ պտուղ- բանջարեղենն ընդունում»,-պատմեց նա:
Ձկնաբուծությամբ զբաղվողը շեշտում է՝ Մոսկվան լավ իմանալով, որ հայ արտադրողներն այլընտրանքային շուկա չունեն, հաճախ իր գին է թելադրում, իրենք էլ այլ տարբերակով չունենալով ստիպված հարմարվում են:
Մեղրն արդեն Եվրոպա է արտահանվում
Մինչև բանակցությունները դրական ելքով կավարտվեն ու հայկական ձկնամթերքը կհասնի եվրոպական շուկա, անցած տարվանից եվրոպացիներն արդեն կարող են հայկական մեղր ուտել:
Մեղվաբույծների միության նախագահ Արմեն Նազարյանը, սակայն, մի քանի խնդիր է մատնանշում: Ըստ նրա՝ հայկական մեղրի ինքնարժեքն ավելի բարձր է, քան Եվրոպայում այն վաճառվում է:
«Մեր մաքուր մեղրի մեկ կիլոգրամն արժե 7000 դրամ, դրանից ցածր գնով հաստատ ոչ մի մեղվաբույծ մեղրի չի տա Եվրոպայում վաճառելու համար: Եվրոպայում մեղրի գինը ցածր է:Հայաստանը միակ երկիրն է, որտեղ բազմածաղկային և բարձր դիասպազայով մեղր է ստացվում: Ամբողջ աշխարհում մինիմալ դիասպազան մաքսիմում լինում է 7 տոկոս, իսկ մեր հանրապետությունում՝ 18 տոկոս է: Եթե այս թվից ցածր է լինում, դա մեր երկրում համարվում է ոչ լավ որակով մեղր»,- հավելեց միության նախագահը:
Մեղվաբույծների միության նախագահը համաձայն չէ այն քննադատությունների հետ, որ հայկական մեղրը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, քանի որ մեզ մոտ բույսերն աճեցնում են բուժանյութերով, որն անմիջապես ազդում է մեղրի որակի վրա:
«Արարատյան դաշտում դա հնարավոր է, քանի որ ծառերը, բույսերը թունաքիմիկատներով են բուժում: Հայաստանը, բայց միայն այս տարածքով չի սահմանափակվում. Տավուշի կողմերում, Լոռիում, Սյունիքում մարդիկ քիմիկատի մասին նույնիսկ գաղափար չունեն, մաքուր պտուղ- բանջարեղեն են աճում: Մենք մաքուր գոտիներ շատ ունենք»,-նկատեց մասնագետը:
Արմեն Նազարյանի փոխանցմամբ՝ մեր հանրապետությունում մեղրի արտադրության ծավալները մեծ չեն, նախորդ տարվա աշնանից սկսած 70-90 տոկոս մեղուներ են անկել, այդքան արտադրանք չկա խոշոր շուկաներում սպառելու համար:
«Եվրոպա մեղր արտահանելու համար, կարծում եմ՝ պետք է պայմանագրով աշխատել, որ մեղվաբույծը հստակ իմանա՝ ինչքան մեղր պետք է արտադրի և վաճառի, որպեսզի գումար ներդնեն, իրենց արտադրությունը զարգացնեն: Այս հարցում պետությունը նաև պետք է մեղվաբույծին օգնի: Մեղվաբուծության ճյուղում անհրաժեշտ է ռազմավարություն մշակել, որը հնարավորություն կտա վերականգնել անկած մեղվաընտանիքները և արտահանման համար բարձրորակ մեղր արտադրել»,-եզրափակեց նա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
