Կովը վիժել է, կաթը քիչ է տվել
5 տարի առաջ «խելացի» անասնաշենք կառուցելու ծրագրին դիմած ֆերմեր Արմեն Գասպարյանը բիզնեսը զարգացնելու փոխարեն ոչ միայն սնանկացել է, այլ՝ կանգնել դատարանի առաջ:
Կոտայքի մարզի Արգել գյուղում Արմեն Գասպարյանը պետությունից 18, 5 միլիոն դրամի պետական աջակցություն է ստացել և երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել։ Նրա խոսքով՝ անասնաշենքը կառուցելու և կովերը գնելու համար 100 մլն դրամից ավելի գումար է ծախսել։ Ֆերմերը Ագրոպրեսի հետ զրույցում պատմեց, որ Եվրոպայից 42 հատ «Շվից» ցեղատեսակի կով է բերել, որոնցից 41-ը՝ հղի, բայց 10-ը վիժել է, 4 կովը սատկել է, իսկ մյուսների մոտ կաթնատվությունն է եղել ցածր:
«Հիվանդություն էր շուտ ընկնում մեջները։ Հոդերի, կճղակների հետ կապված խնդիրներ կային։ Անընդհատ բժիշկ էինք կանչում, կովը թույլ էր։ Դրսից բերածների հետ անընդհատ կային այդ խնդիրները։ Մի խոսքով, չէր արդարացնում իրեն։ Վաճառել ենք կովերը, գոմը կա, բայց դատարկ է, չենք զբաղվում անասնապահությամբ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Արմեն Գասպարյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն իրեն դատի է տվել, քանի որ, ըստ կառավարության, խախտել է պետության հետ կնքած պայմանագիրը:
«Պետություն այդ աջակցությունը տվել է այն պայմանով, որ 5 տարի այդ շենքը չեն կարող վաճառել և պետք է զբաղվենք անասնապահությամբ: Մինուսով էինք աշխատում: Տեսանք, որ ձեռ չի տալիս, վաճառեցինք կովեին: Դրանից հետո Էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգային խումբը եկավ, տեսան, որ կով չունենք, ասեցին՝ խախտում եք արել: Կովերը չկար, պայմանագիրը խախտված էր, պետությունն էլ 1 ամիս ժամանակ տվեց, որ փողը հետ տանք: Մենք էլ փող չունեինք, չտվեցինք ու էկոնոմիկայի նախարարությունը մեզ դատի տվեց: Մեր սխալն այն էր, որ կովերը կարող էիք տեղական սորտի գնել, բայց որոշեցինք, որ Եվրոպայից բերածն ավելի լավը կլիներ, սակայն, հակառակը ստացվեց: Պետությունը դատը շահել է, մեզ պարտավորեցրել է «խելացի» անասնաշենք կառուցելու համար վերցրած գումարը հետ տալ»,-փոխանցեց նա:
Ծրագիրը չի գործում
Կառավարության ապրիլի 10-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ին Հայաստանում ներդրված «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական ծրագիրը չի աշխատում։ Այս ծրագրի վերաբերյալ հերթական փոփոխությունների նախագիծն էր բերել Էկոնոմիկայի նախարարությունը։ Այն զեկուցել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, որից հետո Փաշինյանը հետաքրքրվել էր, թե նախորդ տարիներին այս ծրագիրն ինչ արդյունք է ունեցել։
Փոխնախարարը պատասխանել էր, որ 2019-ից ի վեր նախարարությունը 413 դիմում է ստացել, որոնցից միայն 103-ով են պայմանագիր կնքել, կառուցվել է 58 խելացի անասնաշենք, ինչպես նաև Հայաստան է ներմուծվել 2400 տոհմային կենդանի։
«Այդ երկու ծրագրերի շրջանակում անասնաշենքի ծախսված գումարի փոխհատուցումը եղել է 925 մլն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների հարկային տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում եղել է 598 մլն դրամ»,- հայտնել էր Խոջոյանը։ Բացի այդ էլ, ըստ փոխնախարարի, շինանյութը վերջին տարիներին թանկացել է. դրա պատճառով դիմելիությունը նվազել է:
Վարչապետն էլ արձագանքել էր՝ դժգոհ չեն, որ 58 անասնագոմ է կառուցվել, բայց ի սկզբանե պատկերացումն այլ է եղել ծավալների վերաբերյալ:
«Չորս տարվա ընթացքում ընդհանուր 925 մլն դրամ է ներդրվել, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի գործում: Բա հիմա ի՞նչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք»,- հարց բարձրացրեց Փաշինյանը:
Փոխնախարար Խոջոյանը տեղեկացրեց, որ նախագծով վերանայում են փոխհատուցման շեմը։
Գործադիրն ընդլայնում է «խելացի» անասնաշենքեր կառուցելու ծրագիրը
Թեև ծրագրից դժգոհություններ կան, բայց գործադիրը որոշեց «Խելացի» անասնաշենքեր կառուցելու համար բարձրացնել ներդրվող և փոխհատուցվող գումարների շեմը։ Փոխնախարար Խոջոյանը նշեց, եթե նախկին ծրագրով 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար անասնաշենք կառուցելը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա նոր առաջարկով այդ շեմն արդեն 46 մլն դրամ է։ Այս գումարի 50 տոկոսը ֆերմերները կարող են հետ ստանալ։ Այսինքն՝ ներդրման փոխհատուցվող չափը 23 մլն դրամ է՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան նաև շեշտեց, որ սահմանված են նաև արտոնյալ պայմաններ սահմանամերձ համայնքների, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար, այս դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 70 տոկոսի չափով։
Փոփոխություններ են առաջարկվում նաև գլխաքանակի, անասնաշենքերի կառուցման և վերակառուցման մոդելների հարցում։ Մասնավորապես, ծրագրից հանվել է 10-15 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար կառուցվող անասնաշենքի մոդելը։ Նախարարությունն առաջարկում է ավելի մեծ՝ 20-25, 40-45, 95-100 գլուխ կենդանիներ պահելու անասնաշենքներ կառուցել։ Պարտադիր պայման է նաև տոհմային կենդանիներ պահելը։
«Ծրագիրն ունի և՛փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ։ Վարկային բաղադրիչով կառավարությունը սուբսիդավորում է ներգրաված վարկի 10 տոկոսային կետը։ Սահմանվել է արտոնյալ ժամկետ 8 ամիս նախկինում գործող 12 ամսվա փոխարեն։ Այսինքն, եթե ֆերմերը վարկ է ներգրավում խելացի անասնագոմի կառուցման համար, ապա կարող է 18 ամիս մայր գումարի վճարում չիրականացնել։ Իսկ սահմանամերձ բնակավայրերի համար վարկային տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ»,- հավեեց փոխնախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց, թե ինչու է էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում հրաժարվել փոքր անասնաշենքերից։ Փոխնախարարի պարզաբանմամբ՝ ծրագրի շրջանակում ամենաքիչը հենց այդպիսի անասնաշենքեր են կառուցվել։
«Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում: 2018 թվականից սկսած՝ մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքրերի համար՝ հույս ունենալով նրանց աջակցել: Բայց, ըստ էության, արձագանք չենք ստացել: Հայեցակարգային, քաղաքական, սոցիալ–հոգեբանական և սոցիալ-տնտեսական խնդիր կա: Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ սովորական լուծումների ճանապարհով չենք առաջնորդվելու»,- նկատեց գործադիրի ղեկավարը:
Էկոնոմիկայի նախարարությունը տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ ևս։ Ծրագրից օգտվող գյուղացին տոհմային կենդանիների ձեռք բերման համար կարող է ստանալ փոխհատուցում։ Մինչև 25 գլուխ խոշոր եղջերավորների դեպքում այդ գումարը կկազմի ընդհանուր ծախսի 30, իսկ 25-ի և ավելիի դեպքում՝ 40 տոկոսը։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
