Չկալովկայում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրից հետո բրուցելոզի դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում: Շուրջ 270 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ Կրասարում բրուցելոզով էին վարակվել մարտին: Չկալովկայում բրուցելոզի դեպքերը հաստատվել են մայիսին: Վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանը Ագրոպրեսի հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ բրուցելոզ է գրանցվել: Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ համայնքի 219 խոշոր եղջերավոր կենդանիներից 46 գլխի մոտ բրուցելոզ է հաստատվել, 397 մանր եղջերավորներից էլ 81-ի մոտ է հիվանդությունն արձանագրվել:
Նա ընդգծում է, որ բրուցելոզ միշտ է եղել, պարզապես այս տարի հիվանդության դեպքերը մեծ թվով են գրանցվել: Կարապետյանի պնդմամբ՝ միայն իր ղեկավարած համայնքում չէ կենդանիների շրջանում բրուցելոզ տարածված: Նրա խոսքով՝ հարևան գյուղերում էլ է վարակը տարածված, սակայն, իրենց մոտ են դեպքերը համեմատաբար շատ արձանագրվել:
Չկալովկայում բնակիչները մեծամասամբ զբաղվում են անասնապահությամբ, այստեղ բնակլիմայական պայմանները նպատավոր են անասնապահությամբ զարգացման համար:
«Մարդիկ անասնապահությամբ են ընտանիք պահում: Հիմա կթի շրջանն է, պետք է կաթը մթերման հանձնեն, որ կարողանան ստացած գումարով վարկի տոկոսները մարել, ձմռան համար անասնակեր գնել: Բայց կովերը հիվանդություն կպան ու հարկադիր մորթի ենթարկեցին: Անասնատերերը հիմա ծանր վիճակում են հայտնվել»,- մատնանշեց նա:
Վահրամ Կարապետյանը դիմել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի համայնքում վարակի հայտնաբերման ուղղությամբ կրկնակի հետազոտություն կատարվի։ Բացի այդ, Գևորգ Պապոյանին ուղղած նամակում Չկալովկայի վարչական ղեկավարը փոխհատուցման հարց է բարձրացրել: Անասուններին հարկադիր մորթի ենթարկած գյուղացիները հույս ունեն, որ պետությունն իրենց մեջքին կկանգնի:
«Երբ հողագործությամբ զբաղվողները կարկուտից տուժում են, միշտ կառավարությունը աջակցություն է ցուցաբերում: Երբևիցե չեմ հիշում թե՛ իմ պաշտոնավորման տարիներին, թե՛ դրանից առաջ անասնապահությամբ զբաղվող գյուղացիներին ինչ-որ աջակցություն տրամադրվի: Սա էլ է աղետ: Եթե հաշվում ենք՝ այս պահին խոշոր եղջերավոր կենդանիների 22 տոկոսի մոտ բրուցելոզ է արձանագրվել, 30 տոկոսն էլ մանրերի դեպքում: Դա մեծ քանակ է: Կրկնակի ստուգումների արդյունքում այդ թիվը կարող է նույնիսկ կրկնապատկվել: Գյուղում մարդիկ կան, որ հենց այդ մի կովն էր իրենց ապրուստի միջոցը»,-նշեց նա:
Կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել
Չկալովկայում իրավիճակը վերահսկելի է՝ հավաստիացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Կառույցից պարզաբանում են, որ Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, ինչպես փաստում են ՍԱՏՄ-ից, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն:
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում իրենց ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:
Չկալովկայում 3 բնակիչ բրուզելոզով է վարակվել
Ի դեպ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը Ագրոպրեսի հետ զրույցում հայտարարել է, որ Չկալովկայում 3 բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել: Միևնույն ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը չի հստակեցնում՝ արդյո՞ք գյուղացիները հիվանդ կենդանիներից են բրուցելոզով վարակվել, թե՝ ոչ: Սերգեյ Չախմախչյանը միայն ասաց, որ հետազոտության արդյունքները ցույց կտան՝ արդյոք Չկալովկայի բնակիչները անասուններից են վարակվել բրուզելոզով, թե՝ ոչ:
Նշենք, որ բրուցելոզը մարդուն է փոխանցվում բացառապես հիվանդ կենդանու հետ անմիջական շփումից և ջերմային մշակման չենթարկված մսամթերք և կաթնամթերք օգտագործելու դեպքում։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
