Մուսայելյանում 50 կովի մոտ բրուցելոզ է հաստատվել
Հանրապետությունում տարածված բրուցելոզը չի շրջանցել նաև Շիրակի մարզի Մուսայելյան գյուղը: Ավո Սիմոնյանի 2 կովի մոտ բրուցելոզ է հաստատվել: Նրա խոսքով՝ համայնքում 50 գլխից ավելի խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հիվանդություն է ախտորոշվել:
Կրած կորուստները մեծ է՝ ասում է անասնապահությամբ զբաղվող գյուղացին: Ավո Սիմոնյանի կովերն ու երինջները մաքրացեղ տեսակի են, մեծ գումարներ է ներդրել, երբ արդեն պետք է եկամուտ ստանար, հիվանդությունը տարավ կենդանիներին:
«Յուրաքանչյուրի վրա 250 հազարի ծախս եմ արել: Բարձր լեռնային գոտում ենք, մեր դաշտերի բերքատվությունը շատ ցածր է, ստիպված անասնակերը գնում են, որն էլ թանկ է նստում մեզ վրա: Հացահատիկ ենք գնում, խոտ ենք գնում: Էդ հիվանդ կովն էլ վաճառվել է ընդամենը 318 հազար դրամով»,- Ագրոպրեսի հետ զրույցում բողոքեց գյուղացին:
Մուսայելյանի բնակչի փոխանցմամբ՝ պետությունը բրուցելոզով վարակված կենդանիների համար փոխհատուցում չի տվել, վերամշակող ընկերություններն են եկել էժան գներով միսը գնել:
«Ոտքի վրա աչքաչափով փողը տվել են, անասունը տարել: Իմ կովին 160 կիլո մսի տեղ տարան, բայց 200-ից ավելի միս ուներ: Մի կիլո միսը գործարանները 1700 դրամով կանսերվի համար տարան: Էդ միսը, որ ջերմային մշակման են ենթարկում, իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, կարող ես օգտագործել»,-նշեց նա:
Անասնապահը համագյուղացիների մտահոգությունն է հայտնում՝ պետությունը չի ցանկանում, որ գյուղացիները երկրորդ անգամ կովերից նմուշառում վերցնեն և լաբորատոր հետազոտության տանեն՝ համոզվելու, որ կենդանիների մոտ իրապես բրուցելոզ կա: Ավո Սիմոնյանը մատնանշում է, որ պատկան մարմինները հաճախ ոչ ստույգ պատասխան են ներկայացնում, երբեմն էլ լաբորատորիայի եզրակացությունն են սխալ հասցեատիրոջ ուղարկում:
«Եղել է դեպք, որ կողքի գյուղի գյուղացու կովի անալիզի պատասխանն են ուղարկել մեր գյուղի բնակչին, նա էլ նայել է՝ տեսել, որ դա իր կովի համարը չէ: Հետո ՍԱՏՄ-ն ասել է՝ քո ծախսով արի էդ կովը հետ տար: Տենց բաներ շատ է եղել, որ անալիզի պատասխանների թվերը սխալ են եղել: Եթե թույլատրեն երկրորդ անգամ ստուգումներ անել, մարդիկ կհամոզվեն՝ իրենց կենդանին հիվանդ է, թե՝ ոչ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Համայնքապետարանից մանրամասնեցին, որ վարակված կենդանիները տեղափոխվել են վերամշակման կետ և ենթարկվել հարկադիր սպանդի։
«Ամեն տարի էլ այդ հիվանդությունը լինում է, մոտ 5-10 կենդանու մոտ, իսկ այս տարի մի քիչ շատ է՝ շուրջ 50 կովի մոտ հայտնաբերվել է»,-հայտնեցին Մուսայելյանից։
66 գլուխ անասուն ենթարկվել է մորթի
Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան: Բրուցելոզ հաստատվել է նաև Զույգաղբյուր և Հարթաշեն գյուղերում։
«66 գլուխ անասուն ենթարկվել է մորթի: Հիվանդ անասունները եթե չմորթվեին, վատ կեղներ: «Ոսկե կացին» սպանդանոցին էն եել անասուններին տարել: Իրենց առաջարկած գինը մեզի ձեռ չի տվել, բայց տվել են գյուղացիները, հիվանդ անասուններին հո չին պահելու մյուսներին էլ վարակեին»,- տեղեկացրեց Զույգաղբյուրի գյուղապետ Վահան Դիլանյանը։
Համայնքի ղեկավարը նաև ասաց, որ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվել։
Գեղամասարում էլ վարակ կա
Գեղարքունիքի մարզի Սոթք խոշորացված համայնքի Գեղամասար բնակավայրում ևս բրուցելոզի դեպքեր են գրանցվել խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում:
«Իմ անասունների, հարևանների կենդանիների մոտ բրուցելոզ է հաստատվել: Մի մասը թաքցնում է դեպքերը, որ կարողանան միսը վաճառել, մյուս մասը բարձրաձայնում է այդ մասին: Ստույգ տվյալներ չունեմ, թե քանի գլուխ կենդանի է վարակված, բայց մեծ թվով կան: ՍԱՏՄ-ն միայն գալիս, նմուշառում է վերցնում, հաստատում, որ հիվանդություն է: Հետո ասում են, որ պիտի մորթենք: Մարդիկ միլիոնների վնասներ են կրում, իսկ պետությունը դրա մասին չի մտածում, փոխհատուցման մասին խոսք անգամ չկա: Ամբողջ հանրապետությունում բրուցելոզ է բռնկված, սակայն անտեր վիճակ է, կարանտին չեն հայտարարում, վարակի դեմը չեն առնում»,-նեղսրտեց անասնատերերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Մարզի Չկալովկա գյուղում էլ 46 խոշոր և 81 մանր եղջերավոր կենդանիների մոտ էր բրուցելոզ հաստատվել: Այստեղ նաև բակիչներ մոտ էր բրուցելոզ հաստատվել: Իսկ շուրջ 270 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ Կրասարում բրուցելոզով էին վարակվել դեռ մարտին: ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Ագրոպրեսին հաղորդեց, որ մայիսի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում բրուցելոզ է արձանագրվել 1870 խոշոր եղջերավոր և 1320 մանր եղջերավոր կենդանիներ մոտ:
Նախորդ տարվա համեմատ կան դեպքերի աճ
Էկոնոմիկայի փոխնախարար գյուղատնտեսության ոլորտը համակարգող Տաթև Սարգսյանն ԱԺ պետական բյուջեի քննարկման ժամանակ, պատասխանելավ բրուզելոզի բռնկման վերաբերյալ հարցին, շեշտել էր, որ իրավիճակը ոչ այնքան մտահոգիչ է: Նա ընդգծել էր, որ նախորդ տարվա համեմատ առանձին համայնքերում կան դեպքերի աճ: Փոխնախարարը վստահեցրել էր, որ կենդանիներից անգամ կրկնակի նմուշառում են վերցնում՝ վարակի ստուգման նպատակով:
Նշենք, որ բրուցելոզը մարդուն է փոխանցվում բացառապես հիվանդ կենդանու հետ անմիջական շփումից և ջերմային մշակման չենթարկված մսամթերք և կաթնամթերք օգտագործելու դեպքում։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
Հանրապետությունում բրուցելոզ է տարածված
