Ամբողջ նախիրը դաբաղ է վարակվել
Շիրակի մարզի Արթիկխոշորացված համայնքի Սպանդարյան բնակավայրում 100 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու մոտ դաբաղ է գրանցվել, համայնքում կարանտին է: Վարչական ղեկավար Ավետիք Մխիթարյանի տեղեկացմամբ՝ գյուղացիները կենդանիներին արոտ չեն տանում, գոմում եմ պահում:
«Գյուղում երկու նախիր ունենք, մի նախիրի մոտ դաբաղի ախտանշաններ են: Մարդիկ իրենց ուժերով հիվանդության դեմն առնում են, համապատասխան բուժումներն անում են, որ կենդանիները չանկեն: Կենդանիները հսկողության տակ են»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց նա:
Համայնքի գյուղացիներից մեկն էլ դժգոհեց, որ պատվաստումներ չեն արվել, նույնիսկ հիմա, երբ կարանտին է, պատկան մարմիններն անգամ համաճարակային միջոցառումներ չեն իրականացվում:
Վարչական ղեկավարը մինչդեռ վստահեցնում է՝ դաբաղի դեմ պատվաստումներն արվել են, հիմա էլ որոշ միջոցառումներ արվում են: Ըստ նրա՝ հնարավոր չէ, որ պատկան մարմիննրն անուշադրության մատնեն հիվանդությունների դեմ պատվաստումներ իրականացնելը, իրենց էլ խիստ ցուցումներ են տալիս այդ մասով:
Առայժ հայտնի չէ, թե ինչու է կենդանիների շրջանում դաբաղ գրանցվել: Մխիթարյանի խոսքով՝ ավելի քան 20 տարի այստեղ դաղաղ չի հայտնաբերվել, միայն այս տարի է հիվանդությունը գլուխ բարձրացրել: Դա էլ, Սպանդարյանի վարչական ղեկավարի դիտարկմամբ, չորային եղանակի պատճառով է:
Փանիկում ևս կարանտին է հայտարարվել, գյուղի 567 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների 30 տոկոսն է դաբաղով վարակված: Վարչական ղեկավար Մկրտիչ Սահրադյանը հայտնեց, որ դաբաղի համար նախատեսված դեղերը բաշխվել են համայնքապետարաններին, անասնաբույժն էլ բուժումներն է իրականացնում:
Անուշավանի վարչական ղեկավար Երվանդ Հակոբյանն էլ հավաստիացրեց, որ իրենց հաջողվել է հիվանդության դեմն առնել. 4 գլուխ կովի մոտ է դաբաղի ախտանշաններ ի հայտ եկել, անմիջապես բուժել են: Չնայած համայնքում համաճարակային վիճակ չէ, բայց անուշավանցիները զգուշավոր են, կենդանիներին արոտ չեն տանում, որպեսզի հարևան համայնքներից վարակը չտարածվի:
Դաբաղը Թուրքիայի՞ց է ներթափանցել
Ղարիբջանյան համայնքի ղեկավար Սևակ Գևորգյանը հերքում է պնդումները, թե հիվանդության օջախն իրենց համայնք է: Ասում է՝ մեկ ամիս առաջ է իրենց մոտ դաբաղի բռնկում եղել: Նա նշեց, որ համայնքի խոշոր եղջերավոր անասունների 70 տոկոսի մոտ դաբաղ է հայտնաբերվել, կովերը բուժվել են և հիմա արոտավայր են դուրս գալիս: Գևորգյանը հավաստիացնում է, թե չգիտեն դաբաղը որտեղից է Ղարիբջանյան հասել:
Որոշ անասնատերեր, սակայն, իրենց վարկածն ունեն: Նրանք կասկածներ ունեն, որ դաբաղը հարևան Թուրքիայից է տարածվել:
Ի դեպ, շուրջ 1 ամիս առաջ IHA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով:
Խոզ է անկել, պատճառը դեռ հայտնի չէ
Մարզի մեկ այլ՝ Լեռնակերտ բնակավայրում մեկ գլուխ խոզ է անկել: Վարչական ղեկավար Հովհաննես Հարությունյանն ասաց, որ պատճառը հայտնի չէ՝ խոզը դաբաղից է անկել, թե՝ ոչ, սպասում են փորձաքննության պատասխաններին:
Շիրակի մարզի անասուների շրջանում դաբաղի մասին այս պահին խոսք լինել չի կարող՝ պնդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարզմնի ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ արձագանքելով բնակիչների ահազանգերին։
«Մենք ահազանգ չենք ստացել: Միայն Լեռնակերտ գյուղում մեկ գլուխ խոզի անկում ունենք, նմուշառվել է և տարվել փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ չկան։ Հետևաբար, այս պահին դաբաղի մասին խոսք չկա»,-փոխանցեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։
Ինչ է դաբաղը
Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների և այլ երկսմբակավոր կենդանիների սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Դաբաղը ուղեկցվում է տենդով, բերանի, լեզվի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև միջմատային ծալքերում ու եղունգների շուրջը առաջացած բշտիկներով, որոնք կարճ ժամանակում փոխարինվում են խոցերով։ Այս հիվանդությունը շատ արագ է տարածվում և փոխանցվում նաև մարդկանց։ Հավելենք, որ մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
