Համարակալվել է 600 հազար մանր եղջերավոր կենդանի
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումից շուրջ 2 տարի անց այս տարվանից հանրապետությունում սկսվել է նաև մանր եղջերավոր կենդանիների համարակալումը:
Էկոնոմիկայի նախարարությունից Ագրոպրեսին փոխանցեցին, որ հուլիսի դրությամբ արդեն իսկ համարակալվել է առավել քան 600 հազար մանր եղջերավոր կենդանի։ Գյուղատնտեսության ոլորտը համակարգող նախարարությունից նաև հայտնեցին, որ նախատեսվում է այս տարվա ընթացքում համարակալել և հաշվառել ավելի քան 1 միլիոն 150 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, իսկ 2026-ին՝ 700 հազար:
Այս տարվա գարնանը Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով ծրագիրն, ասել էր, որ մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ են հաշվարկել:
«Մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ ենք հաշվարկել, հետագա տարիներին քանակը կիջնի, որովհետև սկզբի համար պետք է կենդանիների ամբողջ քանակի վրա ականջապիտակներ կպցնենք, որը մոտավորապես 1 մլն գլուխ է, այսինքն՝ երկու ականջների դեպքում 2 մլն է»,- նշել էր նախարարը:
Պապոյանի խոսքով՝ ձեռք կբերվի ռադիոհաճախականությունը գրանցող սարքեր:
«Հանրապետության ամբողջ տարածքում ակնկալվում է ապահովել խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը, հետագծելիության բարելավումը, նախիրների կառավարումը և տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը»,- մանրամասնել էր նախարարը:
Ինչ է տալու կենդանիների հաշվառումը
Նսախարարությունից հաղորդում են՝ համարակալման գործընթացը համապետական մակարդակով իրականացվող ծրագիր է, որի արդյուքում շահեկան դիրքում են հայտնվում պետություն-մասնավոր հատվածները, ստեղծվում են նախադրյալներ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման, պահեստավորման և իրացման արդյունավետության բարձրացման համար, միջազգային չափանիշներին համապատասխան ապահովելով մսատու և կաթնատու ուղղությունների զարգացումը՝ մրցունակ դարձնելով դրսի շուկաներում։
Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի միջոցով հնրավոր կլինի գտնել և վերադարձնել կենդանուն անասնատիրոջը։
ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագիրն անասնաբուծության ոլորտի այն հենասյուներից է, որը հնարավորություն է տալիս կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր մեխանիզմեր ներդնել, մատուցվող անասնաբուծական ծառայությունների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնել, արտադրել անվտանգ սնունդ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Բացի այդ, կենդանիների համարակալում և հաշվառում ծրագիրը հնարավորություն է ընձեռել լուծել առաջնային ու կարևորագույն մի շարք խնդիրներ՝ ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ, դյուրացնել մսի՝ արտահանումը, ինչն իր հերթին, կհանգեցնի արտահանման ծավալների ավելացմանը։
Ինչպես վստահեցնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ ծրագիրը զգալիորեն նպաստում է կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման բարելավմանը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Արդյունքում ստեղծվելու է բազա, որի հիման վրա հնարավոր կլինի անհրարժեշտ անասնահակահամաճարակային միջոցառումների պլանավորումը դարձնել առավել ճկուն՝ ապահովելով հանրային առողջության պաշտպանության առավել բարձր մակարդակ։
Սպառողն էլ, իր հերթին, կենդանական ծագման մթերք գնելիս առավել վստահ կլինի, որ ձեռք է բերում առողջ և անվտանգ սնդամթերք։
Վայոց ձորի մարզի Արենի համայնք բնակիչ Կարապետ Անտոնյանի խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվել են, հիմա հերթը մանրերինն է: Նրա խոսքով՝ ծրագրի մասին սկզբնական շրջանում դրական կարծիք չի ունեցել՝ կասկածելով, թե դրա միջոցով ֆերմերին հարկային դաշտ կբերեն: Այսօր, սակայն, այլ տեսակետ ունի: Նա դժգոհում է, որ տարեցտարի գյուղացիները հրաժարվում են անասնապահությամբ զբաղվել, քանի որ այլևս եկամտաբեր չէ: Արենիի բնակիչը հույս ունի, որ համարակալման միջոցով գոնե հիվանդությունները կկանխարգելվեն:
«Մեզ մոտ արոտավայրերը շատ քիչ են։ Նախկինում սահմանին մոտ հատվածում արոտավայրեր կային․ անասնապահները կենդանիներին տանում էին այնտեղ, արածեցնում, բայց թշնամու առաջխաղացումից հետո վախենում են կենդանիներին այնտեղ տանելուց։ Բնակավայրում անասուն պահող մարդիկ շատ չեն, անասնապահներրի մեծ մասն էլ խոտը գնում է, ուստի եկամուտը փոքր է։ Լսել ենք, որ մյուս մարզերում բրուցելոզ ու դաբաղ կա տարածված, գոնե հնարավոր լինի հիվանդության դեռն առնի պետությունը, թե չէ անասնապահությունը լրիվ կվերանա»,-սրտնեղեց մեր զրուցակիցը:
Խոշոր և մանր կենդանիների գլխաքաակը նվազել է
Խոշոր և մանր եղջերավորների գլխաքանակի վերաբերյալ պաշտոական տվյալները լավատեսություն չեն ներշնչում:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հանրապետությունում տարեսկզբի՝ 2025թ հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, որը նախորդ տարվա նույն ժամանակի դրությամբ նվազել է 3.2 տոկոսով:
Նվազել է նաև մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը: Հունվարի 1-ի դրությամբ ոչխարների գլխաքանակը կազմել է 668 հազար 368՝ նվազելով 3.2 տոկոսով: Հաշվառված այծերի գլխաքանակը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 17 հազար 382՝ նվազելով 10.8 տոկոսով: Ի դեպ, 2.5 տոկոսով նվազել է նաև խոզերի գլխաքանակը՝ կազմելով 182 հազար 315:
Հիշեցնենք, որ 2022 թվականից մեկնարկել է «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագիրը, որի արդյունքում, ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ նույն թվականին կատարվել է մոտ 163 հազար կենդանիների ականջապիտակում, 2023-ին՝ 428 հազար, իսկ 2024-ից սկսած՝ ամեն տարի ակնկալվում է մոտ 190 հազար կենդանու ականջապիտակում:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
