Գյուղատնտեսություն

Շարունակվում է հացահատիկայինների բերքահավաքը Արրցախում

Շարունակվում է հացահատիկայինների բերքահավաքը Արրցախում

Հացահատիկայինների, հիմնականում ցորենի եւ գարու բերքահավաքը Արցախում ավարտին է մոտենում: Ու չնայած Քաշաթաղի շրջանի վերին գոտու համայնքներում դեռ հունձը շարունակվում է, եւ վերջին արդյունքները չեն հանրագումարվել, գյուղոլորտի պատասխանատուներն այնքան էլ ոգեւորված չեն ինչպես համախառն բերքի, այնպես էլ հեկտարի բերքատվության ցուցանիշներով:
image
image
Գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի խոսքով, ընթացիկ տարվա բերքի տակ, ընդհանուր առմամբ, 75 հազար հեկտար հացահատիկ է ցանվել: Հունձն արդեն իրականացվել է 68 հազար 618 հեկտարի վրա ու հավաքվել է 86 հազար 712 տոննա բերք: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է շուրջ 13 ցենտներ: Առանձին տարածքներից, հեկտարի հաշվով, մինչեւ 50 ցենտներ հացահատիկ է հնձվել: Սակայն, տարվա կտրվածքով, այդ ցուցանիշը չի կարող «ելակետային» համարվել հացագործների համար, քանի որ նախորդ տարվա համեմատ նրանք զիջել են դիրքերը, եւ աշնանացանին ձեռնամուխ լինելուց առաջ անհրաժեշտ հետեւություններ պիտի արվեն բացթողումներից ու առավելագույն ջանքեր գործադրվեն իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Փոխնախարարի համոզմամբ, «խելամիտ գտնվելու պարագայում» կարելի էր խուսափել կորուստներից: Եվ նա իր դիտարկումների համատեքստում բերքի կորստի երեք հիմնական պատճառ է նշում: «Կլիմայական անբարենպաստ պայմանները (մասնավորապես, երկարատեւ երաշտը), անշուշտ, բացասաբար են անդրադարձել ցանքատարածքների աճի վրա,- ասում է նա: - Բայց անհրաժեշտ է արձանագրել ոչ պակաս վճռորոշ նշանակություն ունեցող եւս երկու կարեւոր հանգամանք: Ուսումնասիրություններից պարզվել է, որ հողի սեփականատերերից եւ վարձակալներից շատերը ցանքը կատարել են ցածրորակ սերմերով, չեն պաշտպանվել խնամքի ու մշակման ագրոտեխնիկական պահանջները: Կարծում եմ, այդ ամենի անտեսումը դաս կհանդիսանա նրանց համար»:

Ըստ Վ. Ավետիսյանի, հանրապետությունում սկսված է եգիպտացորենի եւ արեւածաղկի բերքահավաքը: Նա չի շտապում «կանխատեսումներ անել», որովհետեւ «առաջին տոննաները նոր են դաշտից տեղ հասնում»: Բերքահավաքի ենթակա 2.377 հեկտար ցանքատարածքի ընդամենը 340 հեկտարն է հնձվել: Ընդ որում, մշակաբույսի «ավանդապահները» հիմնականում համարվում են Ասկերանի շրջանի հողագործները, որոնց ընդհանուրից բաժին է ընկնում ավելի քան 1270 հեկտարը: Մթերվել է 35 տոննա հատիկացու եւ 340 տոննա սիլոսացու զանգված: Հեկտարից միջին հաշվով (հատիկի դեպքում) 39 ցենտներ եգիպտացորեն եւ 68 ցենտներ սիլոս է ստացվում:
Վիճակագրական տվյալներով, այս տարվա բերքի տակ 1924 ցենտներ ցանքս է կատարվել: Հատկանշական է, որ այդ մշակաբույսի աճեցման առաջատարները դարձյալ ասկերանցիներն են: Այս անգամ ընդհանուր ցուցանիշի մեջ նրանց մասնաբաժինը 1053 հեկտար է: Համախառն բերքն առայժմ 256 տոննայի է հասնում:

Բերքահավաքին զուգահեռ երկրի հողագործները միաժամանակ նախապատրաստվում են աշնանացանին: Վ. Ավետիսյանը հավաստիացնում է, որ այս տարի նույնպես պետական աջակցություն կցուցաբերվի: Նրա խոսքով, առաջին հերթին կօգտվեն «կարգապահ հողօգտագործողները, ովքեր բարեխղճորեն կկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները: Նա եւս մի նորություն հայտնեց. հողօգտագործողն ինքը կկատարի սերմացուի ընտրությունը: Պետությունը կսուբսիդավորի երկիր ներկրվող էլիտա եւ առաջին վերարտադրության սերմերի արժեքի մի մասը: Գործընթացը սկսված է, գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով, ըստ ներկայացված հայտերի, «օգտատերերը» ձեռք են բերում ցորենի եւ գարու բարձրորակ սերմացու: Որպես առատ բերքի աճեցման նախադրյալ, փոխնախարարը կարեւորում է նաեւ հողի նախապատրաստումը ցանքին եւ ագրոմիջոցառումների ճիշտ կիրառումը:

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ք. Ստեփանակերտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Follow Us

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Սոցիալական ցանցերում

Մեր մասին

Search