Ահազանգ Բագրատաշենից
Հայաստանի հյուսիսում արքայանարինջի հարյուրավոր տոննա բերքից գյուղացիները զրկվել են: Բագրատաշենի 400 հետկար պտղատու այգիներում բերքահավաք այս տարի չեն արել, պտուղը փտել -թափվել է՝ գյուղացուն թողնելով առանց եկամտի:
«Մինչև օգոստոսի վերջը ծառերն ու պտուղը նորմալ է լինում՝ առողջ: Հենց օգոստոսի 20-25-ը գալիս է, խնդիրներն ի հայտ են գալիս: Եթե ծառը հիվանդացավ, երկու օր է տևում, երրորդ օրվա մեջ բերքն ու տերևը թափվում են: Երկու օրվա մեջ է լինում, չես էլ հասցնում որևէ բան անես»,-Ագրոպրեսի հետ զրույցոմ դժգոհեց գյուղացիներից Սարո Սարոյանը:
Եթե նախորդ տարիներին Բագրատաշենի բնակիչը 3 հեկտար այգուց 20- 30 տոննա արքայանարինջ է հավաքել, հիմա 300 կգ է քաղել: Նրա խոսքով՝ կրած վնասը մեծ է:
«300-ը և 30- համեմատելու թվեր չեն: Հույս ունեի, որ նախորդ տարիների պես10 մլն դրամ կաշխատեմ, բայց 100 հազար դրամի եմ վաճառել՝ ահագին էլ ծախս եմ արել»,-սրտնեղեց նա:
Արդեն երկու տարի է՝ գյուղացիների համար անհայտ ծագմամբ հիվանդությունը տարածվում է արքայանարինջի այգիներում, այգեգործները դեմն առնել չեն կարողանում: Նրանք կասկածներ ունեն, որ վիրուսը հարևան Վրաստանից է ներթափանցել իրենց տարածք:
«Ոչ մեկ էս հիվանդությունից չի հասկանում: Տեխիկա ունեմ սաղ գյուղի այգիները սրսկում եմ, բայց օգուտ չկա: Անցած տարվա համեմատ վարակն ավելի մեծ տարածում է ստացել: Բուժանյութին փող ենք տալիս բերում, սրսկսում, բայց անօգուտ»,- ասաց Սարո Սարոյանը:
Այգեգործը երկմտանքի առաջ է կանգնել. ուզում է արքայանարինջի ծառերը կտրել՝ տեղը դեղձենի տնկել:
Մեկ շաբաթ առաջ Էկոնոմիկայի նախարարությունից մասնագետներ են այցելել Բագրատաշեն արքայանարինջից նմուշներ վերցրել՝ տեղեկացրեց վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը: Գյուղացիները պատասխանի են սպասում, թե ինչից կարող է բերքն այդպես փչանալ:
«Անցած տարի 6 հազար տոննա արքայանարինջի բերք է եղել գյուղում: Էս տարի, ինձ թվում է, հազար հինգ հարյուր կիլոգրամի էլ չի հասնի: Բերքը մինչև հասունանալը արագ փափկում է, թափվում: Ծառերի տերևներն էլ են թափվոմ: Նոր ենք բերքահավաքը սկսում, բայց սեպտեմբերի կեսերից արդեն բերքը թափվել է: Տարբեր բուժում են անում, բայց անարդյունավետ, որովհետև չգիտենք ինչ հիվանդություն է»,- փաստեց վարչական ղեկավարը:
Պտղավանը մնացել է առանց արքայանարինջի պտղի
Հարևան Պտղավանում էլ այս տարի արքայանարինջի պտուղ չի մնացել, բերքն այստեղ էլ փչացել, թափվել է: Հիվանդությունից բացի, կարկուտն էլ է բերքը վնասել:
«Համարյա բերք չունենք: Պիտի քաղեի 20 տոննա, քաղել եմ ընդամեը 1տոննա, սենց ասեմ՝ համարյա զրոյացել է: Միանգամից են ծառերը հիվանդանում, չես էլ հասցում բուժում անել, տերևն ու պտուղ թափվում է՝ ծառը մնում է տկլոր»,- հայտնեց այգեգործ Կարեն Աբովյանը:
Իսկ հարավում՝ Մեղրիում, արքայանարինջը լավ է՝ հավաստիացնում է ֆերմեր Պետո Կիրակոսյանը՝ պնդելով, որ իրենց մոտ որևէ հիվանդություն տարածված չէ: Ըստ նրա՝ Նոյեմբերյանում կլիման խոնավ է՝ նպաստավոր է ծառերի սնկային հիվանդությունների զարգացման համար, իրենց մոտ չորային է՝ վիրուսները դժվարությամբ են տարածվում:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
