ժամանակն է՝ էքստենսիվ գյուղատնտեսությունը չդիտարկվի որպես գյուղատնտեսության զարգացման հիմնական միջոց
Անասնաբուծության մեջ 2024-ի առաջին 9 ամիսների դրությամբ արձանագրվել է 1.5 տոկոս աճ, բուսաբուծության մեջ՝ 7.6 տոկոս աճ, այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պապոյանի գնահատմամբ՝ այս գործընթացում մեծ դերակատարում ունի պետությունը:
«Եթե 2021 թվականին պետությունը գյուղատնտեսության վրա ծախսում էր մոտ 21 մլրդ դրամ, ապա արդեն 2023, 2024 և 2025թթ այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի քան 40 մլրդ դրամ եղել է 2023-ին, 2024-ին՝ կրկին 40 մլրդ դրամ»,- մանրամասնել է նախարարը:
Նրա գնահատմամբ՝ այս առումով պետության քաղաքականություններն իրենց արդյունքները տալիս են: Ըստ Պապոյանի՝ ժամանակն է, որ էքստենսիվ գյուղատնտեսությունն այլևս պետության կողմից չդիտարկվի որպես գյուղատնտեսության զարգացման հիմնական միջոց, կենտրոնացել են ինտենսիվ գյուղատնտեսության վրա:
«Հայաստանի նման պետությունը, որն ունի սահմանափակ հողային, նաև ջրային ռեսուրսներ, պետք է կենտրոնանա սահմանափակ ռեսուրսներով ինտենսիվ գյուղատնտեսության վրա»,-հայտարարել է Գևորգ Պապոյանը:
Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է. Նիկոլ Փաշինյան
Նախարարի ասուլիսին օրեր անց հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել էին Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խոսել է ինտենսիվ գյուղատնտեսության կարևորության մասին:
«Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է, և կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք վերջնականորեն այս եզրակացությանը հանգենք: Ինչո՞ւ, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է արդյունավետ ոռոգում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է հողերի խոշորացում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է աշխատանքի արդյունավետություն, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է մեծ հաշվով սպառման հետ կապված պրոբլեմների, ըստ էության, բացակայություն»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է ընդհանուր տնտեսական տրամաբանության փոփոխություն, քանի որ գյուղատնտեսության այն մեթոդաբանությունները, որոնք լայնորեն մեզանում ընդունված են եղել, այդ մեթոդաբանություններն ընդհանրապես չունեն ապագա:
«Այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է տանի առաջ առնվազն բուսաբուծության ոլորտում՝ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, և մենք պետք է փորձենք նաև գյուղատնտեսության մեզ համար ավանդական մեծ նշանակություն ունեցող ոլորտներին այս դիտանկյունից նայել»,- շեշտել է վարչապետը և նշել, որ գյուղատնտեսության ոլորտում մեր խնդիրներն այն ուղղություններում գոյություն ունեն, որտեղ դժվարություն ունենք տրանսֆորմացիան ապահովելու, իսկ այն տեղերում, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, այդ որոշումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ արդարացված են:
Բուսաբուծության ոլորտի հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապահովագրական գործիքների հիմնավոր և երկարաժամկետ ներդրումն է, և այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանք տարվի:
Էքստենսիվ գյուղատնտեսությամբ տնտեսություն չես զարգացնի
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը Ագրոպրեսի հետ զրույցում ևս կարևորեց ինտենսիվ գյուղատնտեսության զարգացաումը: Նրա դիտարկմամբ՝ էքստենսիվ գյուղատնտեսությամբ հնարավոր չէ տնտեսություն զարգացանել, ամբողջ աշխարհն է անցնում ինտենսիվ գյուղատնտեսության:
«Քարե դարում կրակի ստացման մեթոդն ու այսօրվա մեթոդն իրարից խիստ տարբեր են: Այլևս ակտուալ չէ քարերն իրար շփելով կրակ ստանալ, նույնն էլ էքստենսիվ գյուղատնտեսությունն ու ինտենսիվն են»,-հավելեց Մնացականյանը:
Գյուղատնտեսն արձանագրեց, որ ինտենսիվ գյուղատնտեսության ներդրման շնորհիվ կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, արտադրության ծավալները կավելանան:
«Մարդիկ կես հեկտարի վրա էլ են ինտենսիվ ջերմոց կառուցում: Ինտենսիվ գյուղատնտեսությունն, ըստ էության, նշանակում է նաև հողերի խոշորացում: Իմ կարծիքով՝ հողերի խոշորացումը անհրաժեշտ է հիմնականում հացահատիկային, հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման համար: Այգեգործության մեջ մինչև 5 հեկտար ինտենսիվ այգի ունենալն էլ բավական է, որ դու կարողանաս շահույթով աշխատել»,- նկատեց Հարություն Մնացականյանը:
Նրա դիտարկմամբ, սակայն, այս հարցում էական է, ինչ է անելու պետությունը:
«Գյուղատնտեսության մեջ պետք է կիրառել կոնկրետ գիտություն, թվայնացում, ավտոմատացում պետք է տեղի ունենա: Իսկ այդ ամենը կարող է իրականություն դառնալ պետական միջոցառումների արդյունքում, պետական աջակցությունը քիչ է: Պետական աջակցության բազմաթիվ ծրագրեր եղան, որոնք կարելի է ասել՝ պրավալ գնացին: 2016 թվականից մինչև հիմա գյուղատնտեսությունում միայն անկում է գրանցվել: Ոչ թե պետական աջակցություն պետք է լինի, այլ հստակ գործիքակազմի ներդրում. ճանապարհային քարտեզ պետք է ունենա, թե Ա կետից մինչև Բ կետ ինչպես են գնալու, որ ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգանա՝ գնահատելով նաև հնարավոր ռիսկերը, այլապես միայն հայտարարություններ անելով չի մի տեղ էլ չենք հասնի»,- մատնանշեց փորձագետը:
Սմարթ ջերմատունը քանդել է
Մինչդեռ ֆերմեր Արմինե Գևորգյանի համար անհասկանալի հարցեր շատ կան, թե ինչպես է կառավարությունն անելու, որ մեր հանրապետությունում զարգանա միայն ինտենսիվ այգեգործությունը: Նա Մասիս խոշորացված համայնքի Սայաթ- Նովա բնակավայրում ջերմոցային տնտեսությունն է ունեցել, բանջարեղեն հետո նաև քրիզանթեմներ է աճեցրել է ժամանակակից սմարթ ջերոցում: Իրացման խնդիրների պատճառով, սակայն, նախաորդ տարի քանդել է ջերմատունը:
«Քանի տարի է՝ սաղ ջերմոցները «տակ» են տալիս, էդքան ասեցինք, որ Թուրքիայից, Պարսկաստանից ներմուծում թույլ մի տվեց, չտվեցին, էժան ապրանքը բերեցին լցրեցին, մերն էլ չծախվեց ու վնասներ կրեցինք: Էնտեղ էներգակիրներն էժան է, ինքնարժեքը ցածր է նստում, իսկ մեզ մոտ գազի սակագինը բարձր է: Գնային առումով մենք մրցունակ չենք Թուրքիայի հետ»,- նշեց նա:
Ըստ նրա՝ անկախ նրանից էքստենսիվ, թե ինտենսիվ գյուղատնտեսությունէ երկրում զարգացած, խնդրահարույց է մնում իրացման հարցը:
«Մեր շուկան միայն Ռուսաստանն է, եթե Մոսկվայի հետ էլ հարաբերությունները վատանան կամ ԵԱՏՄ-ից դուրս գան, մեր երկրում գյուղատնտեսությունը կմեռնի»,- մտագոհություն հայտնեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, պետությունն այս տարի նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի վրա ծախսել 42-43 մլրդ դրամ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
