Եղանակը փոխվել է, գյուղացիները ծառերը ձմռանն են էտում
Արդեն մեկ շաբաթ է՝ Արարատյան դաշտում գյուղացիական տնտեսությունները վաղ գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսել են։ Պտղատու ծառերի էտն արդեն ընթաքի մեջ է: Գյուղացիներն ասում են՝ եղանակը տաք է վաղ գարնան գործերը փորձում են ձմռանը թեթևացնել, որպեսզի գարնանը կարողանան հրատապ գործերը հասցնել: Այս օրերին Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ֆերմեր Համբարձում Մնացականյանն այգուց դուրս չի գալիս, գործը եռում է. ծառերի շուրջ ակոսներ է անում, հողը փխրեցնում և մարգերն է պատրաստում:
Շուրջ 2 հա տարածքի վրա տարիներ շարունակ դեղձ, ծիրան ու սալոր մշակող ֆերմերի ամեն օրվա միտքն է՝ գոնե նորմալ ձմեռ անի, ձյուն գա։
Անձյուն ձմեռը մտահոգում է Արարատյան դաշտի գյուղատնտեսին, բայց չի շտապում վատը մտածել: Ջրաշենցի ֆերմերը հիշեցրեց, որ վերջին մի քանի տարիներին ձմռանը գրեթե նույն եղանակային պայմաններն են, տեղումների քանակը զգալի պակաս է:
«Աննախադեպ է այս տարվա հունվարն ու փետրվարը, սովորաբար նման եղանակային պայմաններ մարտին է գրանցվում, բայց վտանգ դեռ չկա: Նայում եմ ծառերին դեռ բողբոջներ այդպես չկան, արտահայտիչ չեն, ջուր չկա մեջը»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց գյուղացին:
Նրա հարևան Վանուշ Մանուկյանը անձյուն ձմռան բացասական հետևանքներից մեկն է մատնանշում: Նա դժգոհում է, որ մկներն են այս տարի շատացել, հիմա կրծողների պատճառով գարնանացանն է հարցականի տակ հայտնվել:
«Ինչ ցանես մկներն ուտել են, սերմը ցանել չի լինի: Իսկ էդ մկների դեմը չենք կարողանում առնել, ձյուն չկա, տաք է, մկներն արագ տարածվում են: Հիմա նայում եմ՝ ծառերի արմատները տեղ- տեղ մկները վնասել են»,-սրտնեղեց հողագործը:
Կրծողները խնդիրներ են առաջացրել նաև Արմավիրի մարզում: Չնայած դրան՝ այստեղ շատ գյուղացիական տնտեսություններ սկսել են գյուղատնտեսական աշխատանքները։ Գեղակերտ համանքում ելակի ցանքատարածություններում արդեն կատարվում են ցանքսի նախապատրաստական աշխատանքները։ Ելակի մշակությունը գյուղացիները սկսում են ձմռան ամիսներից, սկզբում՝ հողը նախապատրաստում, իսկ վաղ գարնանն արդեն ելակի սածիլները տեղափոխում են դաշտ և ծածկում պոլիէթիլենային թաղանթով։
Գեղակերտցի Մարտիրոս Ավագյանի խոսքով՝ ձմեռն անհամեմատ տաք է: Ըստ նրա՝ եթե եղանակն այսպես բարենպաստ շարունակվի, սածիլն այս տարի ավելի շուտ հողը կդրվի, բույսի աճի ու ծաղկման շրջանի համար բարձր ջերմաստիճանը նպաստավոր կլինի։
«Եթե հետո ցուրտ եղավ, ընդհանրապես բերք չենք քաղելու։ Մարդ էլ կա ցորեն է ցանել, 5-10 սմ ծլել է, ոչ ձյուն կա վրան, ոչ բան՝ եթե ցուրտ անի կցրտահարվի»,-փոխանցեց նա:
Հողագործի խոսքով՝ անցած տարի էլ գրեթե նույն վիճակն էր՝ տաք ձմեռվա առումով, գյուղացին էլի մտահոգ էր ու վախն արդարացված էր։ Իր հաշվարկով, եթե հանկարծ մարտին ցրտահարություն եղավ, 160 տոննա բերք չի քաղի, անցած տարի էլ այդպես եղավ ու եկամուտ չստացավ իր աշխատանքից:
«Աստված չանի, եթե երկու տարի իրար վրա նույն բանը լինի, լավ բան չի ստացվի հաստատ, ժողովուրդն արդեն ոնց որ հույսով սպասում է, որ այս տարի լավ կլինի, բայց ոնց նայում ենք լավ բան չկա։ Քանի տարին տաք է, ձյուն չկա, ցրտահարության վտանգ կա»,- անհանգստացավ հողի մշակը:
Դեռ անհանգստանալու առիթ չկա
Նշավանցի գյուղատնտես Վիկտոր Համբարձումյանը հողագործների այս օրերի մտահոգությունն ու դրա արդարացիությունը լավ գիտի, բայց հանգստացնում է՝ անհանգստանալու առիթ դեռ չկա:
Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում շատ մեղմ ձմեռներ են գրանցվում, բայց այս տարի դրան գումարվեց, կարելի է, ասել ձյան տեսքով տեղումների բացակայությունը՝ հատկապես Արարատյան դաշտում:
Նա, սակայն, դեռ վաղ է համարում տաք ձմեռվա ազդեցության վերաբերյալ միանշանակ կանխատեսումներ անել՝ առջևում փետրվար ու մարտ էլ կա, գուցե առատ տեղումներ լինեն: Համբարձումանի դիտարկմամբ՝ այս պահին պատկերը փոքրիշատե հստակ է:
«Այս պահի դրությամբ Արարատյան դաշտում կորուստներ գրեթե չեն գրանցվել: Տարբեր մարզերում գործընկերներիս հետ կապի մեջ եմ, որևէ խնդիր չկա: Պտղատու այգիները նույնպես որևէ վնասվածություն չեն կրել և չէին էլ կարող կրել գրանցված ջերմաստիճանների պայմաններում։ Բոլոր մարզերում ցորենի ցանքսի վիճակը նորմալ է, առայժ խնդիրներ չկան:Ամեն ինչ կախված է փետրվարից, եթե տաք եղավ, ռիսկեր կլինեն»,- նկատեց գյուղատնտեսը:
Նա շեշտեց, եթե փետրվարին էլ նորմայից բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, ապա պտղատու ծառատեսակները, հատկապես ծիրանենին վաղ է ծաղկում՝ անգամ մարտի կեսերին և դա շատ հաճախ վտանգում է բերքը, ուստի, ցրտահարության ռիսկը մեծ է:
«Մարտին գրանցվող ցածր ջերմաստիճանները վնաս են ներկայացնում պտղատու ծառերի համար, ապրիլի ցրտահարությունները՝ խաղողի այգիների և կարտոֆիլի ցանքերի համար: Բայց եթե փետրվար ամսին ցածր ջերմաստիճան գրանցվի, լինեն տեղումներ, անգամ՝ մարտի առաջին տասնօրյակին շարունակվի ցածր ջերմաստիճանային ռեժիմը, ապա դա հուսալի նախադրյալներ կարող է ստեղծել, որ ծառերի ծաղկումը կուշանա և հնարավոր կլինի խուսափել ուշ գարնանային ցրտահարություններից և իրավիճակը հուսադրող կլինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Համբարձումյանին այս պահին մտահոգում է ջրամբարների վիճակը:
«Հասկանալի է, որ քիչ տեղումների հետևանքով ջրամբարներում սակավաջրություն է, իսկ տաք եղանակային պայմաններում էլ ինտենսիվ գոլորշիացում է տեղի ունենում, ոռոգման շրջանում հնարավոր է ջրի խնդիրը սուղ լինի»,- հավելեց գյուղոլորտի մասնագետը՝ հույս հայտնելով, եթե կանխատեսումներն իրականանան, ջրամբարներում կհաջողվի որոշակի պաշար կուտակել։
Մանյա Պողոսյանa
Ինչ հետևանքներ կունենա տաք ձմեռը
