Որոշ ընկերություններ մթերումներ չեն իրականացրել
Խաղողի մթերումն այս տարի էլ հարթ չի ընթանում: Արմավիրի մարզում այս տարի խաղողի բերքից գյուղացիները գոհ էին։ Վերամշակող կազմակերպությունները դեռ մթերման մեկնարկից առաջ հավաստիացրել էին, որ խաղողի մթերման խնդիր մարզում չի առաջանա։
Մթերման գործընթացը, սակայն, չավարտված, տեխնիկական խաղողի իրացման խնդիր է առաջացել։ Խաղողագործները, ունենալով պայմանագրեր, չեն կարողանում բերքը հանձնել մթերողին: Արմավիրի մարզի Հուշակերտ բնակավայրի խաղողագործներից Սահակ Մաթևոսյանը Ագրոպրեսի հետ զրույցում դժգոհեց, որ խաղողի մթերման հարցում ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս սեզոնին բախվել է խոչընդոտների: Հուշակերտցի խաղողագործը ստիպված է եղել օրերով հերթ կանգնել գործարանի դարպասների դիմաց մինչև հերթը հասնի իրեն:
«Կան մթերող ընկերություններ, որոնք ամեն ինչ անում են, որ մթերման գինը գցեն։ Օրինակ, նախկինում կային ընկերություններ, որոնք խաղողագործին ասում էին՝ ստորագրի, որ խաղողդ վատն է, ինչ է թե՝ մի 20 դրամ պահում անեին, այսինքն՝ խալտուրա անող ընկերություններ կան, էլի»,- սրտնեղեց խաղողագործը: Խաղող չմթերելու և մթերման արժեքի նվազման խնդիրներին են բախվել նաև Արարատի մարզի Լուսառատ գյուղի խաղողի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը բացատրում է՝ գործարանների դիմաց առաջացած 2 կիլոմետրանոց հերթերը պայմանավորված են նրանով, որ խաղողագործները բերքը տանում էին հիմնականում մեկ՝ Պռոշյանի գործարան մթերելու:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ պարզաբանում է՝ մի կողմից խաղողի առատ բերքը, մյուս կողմից էլ խաղողի մթերումներ իրականացնող մի քանի ընկերություններ խնդիրների են բախվել շրջանառու միջոցների անբավարարության և ազատ գրավի սակավության պատճառով, ինչի հետևանքով էլ չեն կարողացել մթերում կազմակերպելու համար պետության կողմից տրամադրվող սուբսիդավորված վարկերից օգտվել:
Նշենք, որ կառավարությունը խաղողի մթերման վարկային ծրագրով ոչ միայն մինչև 50 տոկոս գրավի երաշխիք է տրամադրում գործարաններին, այլև վարկերի տոկոսադրույքի 9 տոկոսն է սուբսիդավորում:
«ՄԱՊ-ը պիտի մթերեր 18 000 տոննա խաղող, «Սամկոն» կոնյակի գործարանը՝ 12000 տոննա, բայց վարկեր չտրամադրելու պատճառով, օրինակ, «Սամկոն» անցյալ տարի 12000 տոննա մթերում էր արել, բայց այս տարի չարեց: ՄԱՊ-ն մոտ 11 000 տոննայի մթերում է արել»,-մեկնաբանեց մարզային պաշտոնյան:
Մարզպետարանի ներկայացուցչի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով մարզում տեղակայված գործարանները մթերել են 84 հազար 400 տոննա տեխնիկական սորտի խաղող, մոտ 3000 տոննա խաղող էլ Արմավիրից հանրապետության այլ մարզերի մթերող ընկերություններն են ընդունել: Այվազյանը նշեց, որ մարզում մոտ 951 տոննա խաղող է մնացել մթերվելու:
Արթուր Այվազյանի տեղեկացմամբ, սակայն, Պռոշյանի Արմավիրի մասնաճյուղի և ՄԱՊ ընկերության ֆինանսական խնդիրները լուծված են և վերամշակողները պատրաստակամություն են հայտնել առաջիկա օրերին շարունակել մթերումներ իրականացնել:
Մթերման գինը ցածր է
Բացի այս, Խաղողագործների միության նախագահը մատնանշում է նաև մթերման ցածր արժեքի խնդիրը:
«Ըստ շաքարայնության՝ խաղողի մթերման գինը տատանվում է 110 դրամից մինչև 150 դրամ: Մթերվող գինը ոչ բավարար է, գյուղացին չի կարողանաում շնչել: Հաղթանակ սորտի խաղողը, որ նախորդ տարիներին մթերվել է կիլոգրամը 180 դրամով, այս տարի մթերվել է 115-ով»,- շեշտեց Սարգսյանը:
Միության նախագահը մթերման մեկ այլ խնդիր էլ արձանագրեց. այս տարի սեղանի խաղողի տեսակները չեն արտահանվել:
Արտակ Սարգսյանը ընդգծում է, որ այս տարի նախորդի համեմատ խաղողն առատ է եղել, բերքատվության ցուցանիշը 28 000 տոննայից մինչև 32 000 տոննայի սահմաններում է տատանվում:
Նոր ծրագիր մթերողների համար
Հոկտեմբերի 9-ի կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել էր մթերողներին աջակցության նոր նախագիծը։
Նախարարը նշել էր, որ ծագած խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է պետական երաշխիքների տրամադրում՝ ապահովման միջոցների ոչ բավարար մակարդակի դեպքում։
«Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը կառավարությունը կտրամադրի մինչև 50 տոկոս բյուջետային երաշխիք, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարի արտահանված արտադրանքի արժեքը։ Վարկերը կտրամադրվեն առավելագույնը 27 ամիս մարման ժամկետով»,-ասել էր նա:
Միևնույն ժամանակ, նախարարը հայտնել էր, որ խաղողագործների հետ պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, ինչը թույլ կտա նաև այն խաղողագործներին մասնակցել մթերումներին, որոնք մինչ այժմ պայմանագիր չեն ունեցել։
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ խաղողի մթերումները սկսվել են օգոստոսին՝ շուրջ 50 մթերման կետերում։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող, ինչը 20 հազար տոննայով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Պլանավորում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
