Միլիոնների ծաղիկ ենք թափել. ջերմոցատեր
Այս օրերին վարդով բեռնված 4 բեռնատար է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել միայն Ապարանի Սարալանջ բնակավայր. վարդերը Համբարձում Վարդանյանն է իր 5 հեկտար ջերմատանն աճեցել: Հիմա ծաղիկները հավաքում է, բայց էլ Ռուսաստան չի արտահանվում: Ծաղկի մշակությամբ զբաղվող գյուղացին Ագրոպրեսի հետ զրույցում նշում է՝ խնդիրներ միշտ են եղել, սակայն, հիմա գործընկեր երկիրն ավելի խստապահանջ է դարձել: Երկու օր առաջ են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները եկել և Համբարձում Վարդանյանի ջերմոցից նմուշառման համար ծաղիներ տարել: Գյուղացին սպասողական վիճակում է՝ թույլ կտան ծաղիկն արտահանվի՞ թե՞ ոչ:
«Վարդերը թափել ենք, միայն մի մեքենա ծաղիկը 150 հազար դրամի է եղել, դեռ չեմ հաշվել՝ թե էդքան մեքենայի ծաղիկն ինչքան գումար է կազմում: Ստիպված ծաղիկները հավաքում ենք ու թափում, միևնույն է՝ չհավաքենք էլ, էլի պիտի թափենք»,-սրտնեղեց վարդերի աճեցմամբ զբաղվող քաղաքացին:
Համբարձում Վարդանյանը, սակայն միակը չէ, որը հայտնվել է այս իրավիճակում: Հանրապետության տարբեր մարզերում ծաղկի արտադրությամբ զբավողները ծանր իրավիճակում են, քանի դեռ Ռուսսատանը պնդում է՝ Հայաստանն իրենց վարակված ծաղիկներ է ուղարկում:
Դեռ մեկ ամիս առաջ էր «Ռոսսելխոզնադզորն» Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ զգուշացնել, որ կարող են հունիսի 16-ից արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ըստ ռուսական կողմի՝ երրորդ երկրներից Հայաստան ծաղիկ է ներմուծվում, որոնք հայկական սերտիֆիկատներով արտահանվում են Ռուսաստան։ ՍԱՏՄ-ն պարզաբանել էր, որ երրորրդ երկրից մեր հանրապետություն ներմուծվող և այստեղից դեպի ՌԴ ծաղկի արտահանում չկա։ Բայց դա խնդիրը չլուծեց:
Տարբեր համայնքների ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսվարողները մի քանի օր առաջ էին կառավարության դիմաց հավաքվել և դժգոհում դեպի ՌԴ իրենց արտադրանքը արտահանելու անհնարինությունից։
«Միլիոնների ծաղիկ ենք թափել: Ես 50 միլիոնի վարկ ունեմ, չգիտեմ՝ ոնց պետք է փակեմ: Ինձ կոնկրետ չեն ասել, թե ինչի իմ ծաղիկը հետ են ուղարկել: Թող ասեն՝ որն է խնդիրը: Մի քանի հոգու ասել են՝ վարակված է, խնդիր կա, բայց մեր արտադրանքը որակապես բարձր է, չի կարող էնպես լինել, որ մենք վարակված ծաղիկ ուղարկենք» ,-նշեց Կոտայքի մարզից ֆերմեր Արմեն Սարգսյանը:
Ամսական չորս միլիոնի վարկ եմ սպասարկում, կես միլիոնի ծաղիկ անգամ չեմ վաճառել. գյուղացի
Արտադրանքի իրացման խնդրի առաջ կանգնած գյուղացիների խոսքով՝ բոլորն էլ վարկերով են ջերմատուն մշակում: Ասում են՝ պետությունը պետք է այս դժվարին իրավիչակում իրենց մեջքին կանգնի:
«Ամսական չորս միլիոնի վարկ եմ սպասարկում, 20 օրվա մեջ կես միլիոնի ծաղիկ անգամ չեմ վաճառել»,- ասաց Արարատի մարզի Մխչյան համայնքում 6000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խելացի ջերմատան սեփականատեր Արտյոմ Հովհաննիսյանը: Ջերմոցատերը պատմում է՝ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ են
հանդիպել։ Ըստ մեր զրուցակցի՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին ներկայացվել է առկա իրավիճակը, նրանք էլ իրենց խնդիրներն են բարձրաձայնել։
«Ինձնից ավելի խոշորները կան, որ մի քանի հեկտար տարածք ունեն ու ամսական 6-7 միլիոն վարկ են սպասարկում։ Հիմա 98 տոկոս ապրանքը թափում ենք, ու բոլորս, որովհետև ընդհանրապես սպառում չկա։ Մեր շուկայի համար այն շատ մեծ է․ մեր արտադրածի մինչև հինգ տոկոսը կարող է տեղական շուկայում սպառվել, ամբողջությամբ արտահանման համար ենք արտադրում, իսկ այս պահին ամբողջը մնացել է»,-ընդգծեց նա:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բարդ իրավիճակ է հատկապես սեզոնային ծաղիկների պարագայում. երբ ամբողջ տարվա ընթացքում ֆերմերները մշակում են, իսկ արդեն քաղելու ժամանակ վաճառքը չունեն։
Ծաղիկ արտադրողները ակցիաներ են արել
Արմավիրի մարզի Արմավիր և Զվարթնոց համայնքների ջերմոցատերերն էլ իրենց բնակավայրերում են բողոքի ակցիա արել՝ աղբանոցը նետած ծաղիկները ցույց տալով խնդիրը կրկին պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով:
ՌԴ-ից մասնագետներ կայցելեն Հայաստան
Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց համատեղ տեսչական վերահսկողությունից հետո թույլատրվել է արտահանում դեպի ՌԴ՝ Ագրոպրեսի հետ զրույցում տեղեկացրեց ՍԱՏՄ իրազազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
«Տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության հետ համատեղ: Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը»,-մեկնաբանել է ՍԱՏՄ ներկայացուցիչը:
Անդրադառնալով դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման հետ կապված խնդիրներին՝ News.am-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ կան հարցեր, որոնք բարդ է լուծել, իսկ, ըստ նախարարի, դրանց պատճառները տարբեր են:
«Ընկերություններ կան, որոնց դեպքում որոշակի բացեր կան։ Երևի պետք է խնդրենք, որ որոշակի ժամանակ տրամադրվի, այդ բացերը վերացնելու ուղղությամբ տնտեսվարողներն աշխատեն։ Դա ենթադրում է ջանք, գիտելիք, մասնագետներ պետք է ներգրավեն, երբեմն պետք է փող էլ ծախսեն, տեխնոլոգիա բերեն»,- կարծիք է հայտնել նախարարը:
Մինչ Գևորգ Պապոյանը որոշ արտադրողների բացերն է ներկայացնում՝ ծաղիկ արտադրողները վերջնաժամկետ են տալիս իշխանություններին: Նրանք հայտարարում են՝ եթե առաջիկա օրերին նախարարությունն իրենց հստակ պատասխան չտա և ծաղիկներն էլ չարտահանվեն, կդիմեն կտրուկ քայլերի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
