Պաշտոնական

250 մլն դրամի աջակցություն Լոռու, Շիրակի և Տավուշի մարզի ֆերմերներին

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն, Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների եւ ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսի հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:

Վերջին մի քանի շաբաթի ընթացքում 54 շահառուի հետ կնքվել են աջակցության փաթեթների համաձայնագրեր։

Ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, որոնցից են, օրինակ, բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search