Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ մեկ արտահանման շուկան է․ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը կազմում է 28 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 33.3 տոկոս:
Ռուս-ուկրաինական պատերազմը, սակայն, չշրջանցեց հայաստանյան տնտեսությունը. մեր արտահանողները լրջագույն խնդիրների առաջ են կանգնած: Ռազմական գործողությունների առաջին օրերին արտահանումը կանգնել էր: Ռուբլու արժեզրկման պատճառով էլ վճարումների հետ կապված խնդիրներ առաջացան:
Ագրոպրեսը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հարցեր է ուղղել՝ պարզելու, թե արտահանման ուղղությամբ ինչ վնասներ ենք կրել:
-Արդյո՞ք ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ արտահանման ծավալները նվազել են: Եթե այո, ապա քանի՞ տոկոսով են այդ ծավալները կրճատվել:
-Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը դադարել է։ Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառությունը շարունակվում է, սակայն տեմպերը մարտին դանդաղել էին՝ եղանակային պայմաններով պայմանավորված, Լարսի անցակետի՝ տևական ժամանակով փակված լինելու պատճառով առաջացած, բեռնատարների կուտակումներով, ինչպես նաև ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկման պատճառով մատակարարների կողմից առաջարկվող գների մասով ցուցաբերվող զգուշավորությամբ:
Չնայած դրան, ըստ մաքսային վիճակագրության օպերատիվ տվյալների՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանվել է շուրջ 84829.8 մլն դրամի ագրոպարենային արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է շուրջ 7.6 %-ով (2021 թվականին կազմել է 78863.8 մլն դրամ):
- Դեպի Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա այս ընթացքում որքա՞ն գյուղմթերք է արտահանվել: Ի՞նչ տեղեկություն կփոխանցեք:
-Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տեղեկատվության՝ 2022 թվականի ապրիլի 21-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 34.1 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է շուրջ 1.5 %-ով:
Ընթացիկ տարվա սկզբից Ուկրաինա գյուղմթերք չի արտահանվել:
- Տեղեկություններ կային, որ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան կոնյակի և գինու արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է: Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
-Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան գինու և կոնյակի արտահանումները չեն դադարել, իսկ Ուկրաինա արտահանումները դադարել են պատերազմից հետո: 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան արտահանվել է շուրջ 4.4 մլն լիտր (100 տոկոս սպիրտի հաշվարկով) կոնյակ ու կոնյակի սպիրտ և շուրջ 496.9 հազար լիտր խաղողի գինի, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար 4.8 % և 26.0 %-ով:
- Ռուսական ռուբլու արժեզրկումը արդյո՞ք հանգեցրել է Հայաստանից արտահանման կրճատմանը։
- Ռուսաստանի Դաշնության արտարժույթի կտրուկ արժեզրկման պատճառով ՌԴ-ի հետ արտահանումները մարտին դանդաղել էին՝ պայմանավորված մատակարարների կողմից առաջարկվող գների մասով ցուցաբերվող զգուշավորությամբ, ինչպես նաև Լարսի անցակետի՝ տևական ժամանակով փակված լինելու պատճառով:
Չնայած դրան՝ տարվա սկզբից ագրոպարենային արտադրանքի արտահանումն աճել է 7.6 %-ով:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան