Արոտավայրերը կորցնելու պատճառով վաճառում են անասուններին
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի բնակիչ Ռիտա Անտոնյանն այս աշնանը վաճառել է անասուններին:
Նա հրաժարվել է անասնապությամբ զբաղվել, քանի որ այս տարվանից համայնքում արոտավայրի լուրջ խնդիր է առաջացել:
Անասնապահության միջոցով ապրուստ վաստակող այս գյուղում Անտոնյանները միակը չեն, որ վերացրել են խոշոր եղջերավորներին, բնակիչների մեծ մասն են այս վիճակում: Իսկ պատճառները մի քանիսն են:
Ամռանը երաշտ էր, անասնակեր չկար, շատերը հարկադիր սպանդի ենթարկեցին կենդանիներին, իսկ ամռան կեսին ադրբեջանցիները հրո ճարակ դարձրին արոտավայրերը:
«Խոտ չկա, ինչպե՞ս անասուններին պահենք: Խոտի հակը 1500-1700 դրամ արժի, մենք անասնապահությունից այդքան եկամուտ չենք ստանում, չենք կարող այդ գնով անասնակեր գնել: Ջրի գնով անասուններին վաճառեցինք»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց գյուղացին:
Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման հետևանքով իրենց գյուղի արոտավայրերի և խոտհարքերի 50 տոկոսն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: Այսքանով, սակայն, հակառակորդը չէր գոհացել և խոտհունձի եռուն շրջանում այրել է Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերի արոտավայրերը: Ամենաշատ տուժած բնակավայրը Կութն է: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ գյուղում կրճատվել է անասնագլխաքանակը:
«Ադրբեջանցիները 5 ընտանիքից 80 գլուխ անասուն են գողացել, մարդիկ վախենում են, էլ կով պահող չկա: Մարզում ամենալավ արոտավայրերն ու խոտհարքերը մեր վարչական տարածքում են եղել, հիմա այլևս չկան»,- մտահոգվեց համայնքի ղեկավարը:
Մարզն ունի 181 հազար հա արոտավայր, որից չի օգտագործվում 124 հազար հա: Գյուղացիների խոսքով՝ պատճառներից մեկն արոտավայրերի անհասանելիությունն է:
Անասնապահների ներկայացմամբ՝ արոտավայրերը հեռու են բնակավայրերից, մի քանի կիլոմետր պետք է կտրել՝ կենդանիներին արոտ տանելու համար: Ճանապարհներն էլ այն չեն, նույնիսկ բեռնատարը չի կարողանում հնձած խոտը դաշտից տուն հասցնել:
Հետպատերազմյան Հայաստանում հատկապես Սյունիքի մարզում շատ է խոսվում արոտավայրերի տարածքի կրճատման մասին: Վերջերս Նռնաձորի վարչական ղեկավարը հայտարարեց, որ միայն իրենց բնակավայրից 1600 հեկտար արոտավայր հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ադրբեջանական սադրանքների հետևանքով արոտավայրի հարցը սրվել է նաև Խոզնավարում:
«Մոտ 400 հա արոտավայր ունենք, բայց դրա մի մասի վրա ադրբեջանցիները նստած են հիմա։ 1000 խոշոր եղջերավոր անասուն ունենք, դե, արի, պահի։ Մի խոշոր եղջերավորին հասնում է 1 հեկտար։ Պատկերացրու՝ 600-700 խոշոր եղջերավորը դուրս է մնում»,-սրտնեղեց գյուղացիներից մեկը:
Գորայք խոշորացված համայնքն էլ է տուժել, համայնքի ղեկավարի տեղակալ Մանուչար Մկրտչյանի փոխանցմամբ՝ Սառնակունքում վերջին երկու տարվա ընթացքում անասնագլխաքանակը զգալի կրճատվել է: Դրան նպաստել են մի կողմից՝ երաշտի պատճառով առաջացած անասնակերի պակասը, մյուս կողմից՝ արոտավայրի: Այստեղ էլ արոտավայրերի 40 տոկոսն է կրճատվել, քանի որ անցել է ադրբեջանական կողմին:
Ըստ նրա, սակայն, եղած արոտավայրերն էլ ճիշտ չեն օգտագործվում:
«Պետք է արոտավայրերը պարարտացնել, քանի որ դեգրադացվում են, և սկսում է միայն փուշ աճել: Արոտվայրի մի մասը պետք է օգտագործել, մյուսը թողնել, որ հանգստանա և վերականգնվի»,- նկատեց Մկրտչյանը:
Այսօր ՀՀ-ում 1 մլն հա-ից ավելի արոտավայր կա. Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերն ամենաշատ արոտավայրերն ունեն:
Պոչամբարը՝ պատուհաս
Բայց այլ է խնդիրը Լոռու մարզում: Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում բնակավայրի արոտավայրերը գտնվում են «Նահատակ» պոչամբարի տարածքում: Համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ հաճախ են պոչամբարի տարածքում կենդանիներ արածում և անկում: Վերջին օրինակը դեռ թարմ է. օրերս Ճոճկան համայնքի բնակչի ոչխարները պոչամբարից ջուր են խմել և սատկել: Խնդիրն այսքանով չի ավարտվում․ արոտավայրերն աղտոտված են:
«2018-2021 թվականներին իրականացրած ուսումնասիրություններով՝ հանքարդյունաբերության աղտոտման հետևանքով հողում ծանր մետաղներ կան, մասնավորապես՝ մկնդեղ, քրոմ և այլ մետաղական միացություններ: Խնդիրը վերացնելու համար պետք է աղտոտիչները, որոնք կան տարածաշրջանում՝ պոչամբարները, շահագործվող և չշահագործվող բաց հանքերը, հանքախորշերը, չկառավարվող թափոնակույտերը, մաքրվեն, քանի որ դրանք աղտոտում են շրջակա միջավայրը, այդ թվում՝ արոտավայրերը»,- մատնանշեց մեր զրուցակիցը:
Նիկոլ Փաշինյանի տեսլականը
Վերջերս արոտավայրերի խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շրջանցելով սահմանային իրավիճակի հետևանքով արոտավայրերի կրճատման հարցը: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում առկա արոտավայրերի 70-80 տոկոսը չի օգտագործվում: Փաշինյանը նաև ներկայացրել է անելիքները, թե ինչպես արոտավայրերն օգտագործելի դարձնեն:
«Մենք սուբվենցիոն ծրագրերում կավելացնենք հեռագնա արոտների ճանապարհների կառուցման հարցը: Մենք պետք է այս ճանապարհների հարցը լուծենք: Այդտեղ պետք է գրունտային, բայց ժամանակակից պայմաններն ապահովող ճանապարհներ ունենալ»,- իր տեսլականը հայտնել է վարչապետը:
Անասնագլխաքանակը կրճատվել է
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը մեկ հարցում վարչապետի հետ համակարծիք է, որ եղած արոտվայրերը չեն օգտագործվում:
Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ առաջին հերթին օրենսդրական դաշտը պետք է կարգավորել, նոր միայն մտածել արոտավայրեր տանող դաշտամիջյան ճանապարհները բարեկարգելու մասին:
«Եթե ուզում են սարերի արոտավայրերն օգտագործելի դարձնել, պետք է պարզեն՝ դրանք սեփականաշնորվա՞ծ են, թե՞ ոչ, և հողերի բաշխում անել: 3 տարվա ընթացքում 30-40 տոկոսով անասնագլխաքանակը կրճատվել է: Պետք է անասնագլխաքանակն ավելացնել՝ լուծելով կերի հարցը: Սակայն այսօր Վրաստանից ներկրվող անասնակերի մեկ կիլոգրամի մաքսատուրքը դարձրել են 50 դրամ՝ արհեստականորեն ավելացնելով արժեքը»,- փաստեց նա:
Բացի այս՝ մասնագետը կարևորեց կաթի մթերման գնի կարգավորումն ու արոտավայրերում խմոցների ապահովման հարցը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան