Գործարար Արտակ Փայտյանին պատկանող շինշիլաբուծության բիզնեսը կանգնել է. գործը վատ վիճակում է՝ 200 շինշիլայից հիմա 50-ն է մնացել, մնացածը՝ վերացրել է:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորով շինշիլաբուծությամբ զբաղվող գործարարը միայն կորուստներ է ունեցել, չորս տարվա ընթացքում այդպես էլ նրա բիզնեսը չի հաջողել:
Դեռ 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանն անասնապահությունից դժգոհ ֆերմերներին խորհուրդ տվեց շինշիլա պահել: Նախկին վարչապետի հայտարարությունը շատերին զարմացրեց, մեր երկրում այդ կենդանիների մասին չգիտեին էլ, այնինչ աշխարհի բազմաթիվ երկրներում արդեն մի քանի տասնամյակ է, ինչ լրջորեն զբաղվում են այս ինքնատիպ կենդանիների բուծմամբ։
Շինշիլան կրծողների դասին պատկանող կենդանի է: Շինշիլաներն արտաքնապես որոշակի նմանություն ունեն նապաստակի և սկյուռի հետ, սակայն, գենետիկորեն ոչ մի ընդհանրություն չունեն։ Այս կենդանու մորթին շատ բարձրարժեք է և խիստ մեծ պահանջարկ է վայելում: Արդեն շուրջ ութ տարի է՝ Լատինական Ամերիկայի էնդեմիկ այս փափկամազ կրծողները բուծվում են նաև Հայաստանում:
Գործարար նախկին վարչապետի առաջարկած բիզնեսից ոգևորվեց նաև Արտակ Փայտյանը, բայց ուրախությունը շատ կարճ է տևել: Խաբված բիզնեսմենը այսօր միայն վնասն է հաշվարկում:
«Կարեն Կարապետյանին պատկանող ընկերության հետ պայմանագիր էինք կնքել, որ պայմանավորված արժեքով գնեին, բայց գործարքը տեղի չունեցավ: Պատճառաբանում են, թե շինշիլայի մորթին չի իրացվում, կենդանիներին չեն ուզում գնել: Նրա հորդորին հետևեցինք և ընկանք կրակը»,- Ագրոպրեսի հետ զրույցում դժգոհեց նա:
Մեր զրուցակիցը 3 մլն ներդրում է արել, բայց հետագայում շինշիլան իրացում չի ունեցել և եկամուտ չի ստացել: Պատմում է, որ շատ շինշիլաբույծներ են տուժել, Արարատ մարզում էլ մի ֆերմեր, վաճառք չունենալով, շինշիլաներին դաշտում բաց է թողել: Շինշիլան էլ ամեն օր գումար է պահանջում:
«Որոշ երկրներում արդյունավետ է շինշիլաբուծությամբ զբաղվելը, իրացման շուկան արդյունավետ է, մորթին գնում են: Փաստացի հիմա համաշխարհային շուկայոմ շինշիլայի մորթին լոտերով են գնում՝ շուրջ 10 000 հատով, Հայաստանում այդ ծավալի մորթի չի արտադրվում: Նորվեգիան է շինշիլայի մորթու բիզնեսով զբաղվում: Մեր երկրում իմաստ չունի շինշիլաբուծությամբ զբաղվել»,- նկատեց նա:
Շինշիլաբույծն ասում է, որ նախկին կառավարությունը միֆեր էր շրջանառում շինշիլաբուծության մասին՝ հայտարարելով, թե մեկ շինշիլան չորս ձագ է ունենում և եկամուտն արագ է ստացվում: Փայտյանի խոսքով, սակայն, հազվագյուտ շինշիլաներ են, որ շատ ձագեր են ունենում:
«Առաջին էտապում ովքեր շինշիլա են վաճառել մեծ եկամուտներ են ստացել: Ես մի հատ շինշիլան 70 000 դրամով եմ գնել, հիմա 5000-ով չեմ կարող վաճառել: Վերջին օղակը տուժեց: Բոլորս նույն վիճակում հայտնվեցինք, մի քանի արտադրող է միայն եկամուտ ունեցել»,- ներկայացրեց նա:
Շինշիլաբուծության շուրջ ստեղծված փուչիկը պայթում է
Չորս տարի առաջ Վարդենիսում շինշիլաբուծական ֆերմա ստեղծած Արմեն Ղահրամանյանի գործն առաջ էր գնում այնքան, որ ֆերման ընդլայնեց: Հիմա գործը կաղում է. 120 շինշիլան տիրոջը միայն վնաս են տալիս, գումար չեն բերում: Այսօր բիզնեսը վաճառքի է հանել:
«Նախկինում պայմանագրեր էինք կնքում, և շինշիլայի ձագերը վաճառում իրենց, նրանք էլ մորթի էին ստանում: Հիմա ձագերին մեզանից չեն գնում, այլ մորթի են ուզում, որ մենք մորթով շինշայի հատը 10 000-ով վաճառենք: Մի ժամանակ Կոպենհագենում վաճառք կար, մեկ կենդանու մորթին 40-70 դոլար է վաճառվել, հիմա մեր երկրում մթերում են 18-24 դոլարով, մոտ երեք անգամ գինը նվազել է»,-մատնանշեց նա:
Այս կրծողների նրբագեղ և փափուկ մորթին աշխարհում ամենաթանկարժեքն է` շինշիլայի մորթուց պատրաստված մուշտակի գինը սկսում է 10.000 դոլարից, կիսամուշտակինը` 5000-իցց: Այն մեծ պահանջարկ ունի Հունաստանում, Չինաստանում, Թուրքիայում:
Շինշիլայի մորթին էլ պետք է իդեալական վիճակում լինի, շինշիլաբույծի պնդմամբ՝ հեշտ չէ նման կարգի մորթի ստանալ: Լավ մորթի ստանալու համար, նույնքան բարենպաստ պամաններ են պետք: Շինշիլաբուծարաններում անպատճառ պետք է լինեն օդորակիչ, օդափոխիչ և այլ համակարգեր, ինչպես նաև հատուկ ավազ, կերն էլ պետք է լավ լինի: Շինշիլայի համար նախատեսված 25 կիլոգրամանոց պարկով կերն արժե 13000 դրամ: Մեկ շինշիլան օրական 500 դրամի կեր է ուտում:
Բանկը շինշիլային չի ճանաչում
Արմեն Ղահրամանյանի խոսքով՝ սկզբնական շրջանում ծաղկող բիզնեսին հարվածեց նախ կորոնավիրուսի համավարակը, ապա՝ Արցախյան 44-օրյա պատերազմը:
«Կորոնավիրուսի համավարակի ժամանակ Կոպենհագենյան վաճառքը կանգնեց: Պատերազմի ժամանակ էլ շինշիլայի մթերում չեղավ՝ պահանջ չլինելով պատճառով, Եվրոպայում մորթու գներն էլ ընկել էին: Մեզ մոտ լճացում առաջացավ: Հիմա 800 000 դրամով ֆերման վաճառում եմ, բայց ժամանակին այդքան գումարով միայն ճաղավանդակներն եմ գնել, վաճառում եմ վանդակ, նվիրում՝ շինշիլա: Միայն վեց միլիոն դրամը կենդանիների արժեքն է կազմում: Առաջ երեք ամսական կենդանին 3000 –ով էին վաճառում, այսօր 7 ամսականը՝ 8000-1000»,-հավելեց գործարարը:
Ժամանակին կառավարությունը շինշիլաբուծությունն որպես աղքատության դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել: Այս չհարկվող բիզնեսը երեք տարում ծաղկեց, ապա իրացում չլինելու հետևանքով վերացման առաջ է կանգնել: Շինշիլաբույծները հիմա նույնիսկ չեն կարողանում վարկ վերցնել: Բանկերը շինշիլային ցածր տոկոսով վարկեր չեն տալիս՝ այն համարելով չկայացած բիզնես:
Շինշիլայի մորթու վերամշակմամբ զբաղվող «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության տնօրեն Նարեկ Վարդանյանը չի համարում, որ շինշիլաբուծությունը չի զարգացել: Նրա պնդմամբ՝ կարճ ժամանակահատվածում գոհացուցիչ արդյունք ունեն, այսօր մեր երկրում և՛ շինշիլա է բուծվում, և՛ մորթի վերամշակվում:
Գործարարը վստահեցնում է՝ շինշիլայի մորթու մթերման գները ոչ թե նվազել են, այլ՝ բարձրացրել. հետքովիդյան շրջանում 10-20 դոլարի փոխարեն 20-30-ով են մթերում: Շինշիլայի մորթու պահանջարկը նվազել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով:
Նա թվարկում է, որ ուկրաինական պատերազմը, դրա հետևանքով գնողունակության անկումն ու մեր երկրում դոլարի փոխարժեքի նվազումն ազդել են շինշիլայի մորթու մթերման գների վրա:
«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության տնօրենն ասում է՝ ժամանակ է պետք, որ ոլորտում շոշափելի արդյունք գրանցվի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան