Հոկտեմբերի մեկից հանրապետությունում մեկնարկել է կենդանիների համարակալման գործընթացը: Այն միայն կենդանու ականջապիտակ փակցնել ու թիվ արձանագրել չէ՝ տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ի՞նչ նպատակով է տեղի ունենում կենդանիների համարակալման գործընթացն ու այն ի՞նչ դեր է ունենալու անասնապահության զարգացման հարցում. այս և այլ հարցերի պատասխաններ Ագրոպրեսը փորձել է ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
-Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է կենդանիների համարակալման գործընթացը: Ի՞նչ նպատակով է համարակալումը կատարվում, այն ինչ ազդեցություն է ունենալու անասնապահության ոլորտի զարգացման համար: Գործընթացն ինչպե՞ս է կատարվելու, միայն կենդանու վրա ականջապիտակ է փակցվելու։
- 2022 թվականին՝ «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» համապետական ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ապրանքների ձեռքբերման նպատակով, գնումների ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հայտարարված մրցույթները կայացել են, ապրանքները մատակարարվել են Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական առևտրային կազմակերպությանը: Ծրագրի մեկնարկի համար կազմակերպության կողմից իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ համայնքային անասնաբույժների հետ կնքվում են պայմանագրեր, կատարվում է ապրանքների բաշխում և կազմակերպչական աշխատանքներ:
Ծրագրի իրականացման նպատակն է՝ հանրապետության տարածքում կենդանինեդի տեղաշարժի նկատմամբ վերահսկողության բարելավումը, տավարաբուծության տեղեկատվական հարթակի կատարելագործումը, կենդանիների կերակրման, պահպանման, անասնահակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, կենդանիների ծագման հումքի և մթերքի վերամշակման, պահեստավորման և իրացման արդյունավետության գնահատումը:
Ինչպես նաև կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցումը, սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, հետագծելիության ապահովումը և այլն:
Ծրագրի իրականացման ազդեցությունը բազմաոլորտ է, որի արդյունքում ակնկալվում է՝ 1) նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ապահովում, հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ-ի՝ տեղաշարժի վերահսկում և հետագծելիության բարելավում: Տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծում, հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում, 5) միջազգային չափանիշներին համապատասխան հաշվառված ԽԵԿ և այլն:
Համարակալման գործընթացն իր մեջ ներառում է՝ համարակալված և ԽեԿ-ի աջ և ձախ ականջներին անհատական նույնականացման համարով ականջապիտակների ամրացում, թվային տեխնիկայի միջոցով տվյալների մուտքագրում ԱՆԻ ՊԱՍ համակարգ, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում:
-Արդյոք անասնատիրոջ և կենդանու տվյալները ներառվելու է համարակալման գործընթացում և արդյոք համակարգը թվայնացվելու է:
-ԽԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարը պարունակում է կենդանու մասին ամբողջական տեղեկատվություն, որը հնարավոր է ստանալ ականջապիտակների վրա նշված արագ արձագանքման QR կոդի միջոցով: ԱՆԻ ՊԱՍ մուտքագրվող տվյալները պարունակում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) սեփականատիրոջ տվյալները (անուն, ազգանուն, հասցե, կոնտակտային տվյալներ, 2) ԽԵԿ հաշվառման վայրը (մարզ, համայնք), 3) ամրագրված նույնականացման անհատական համարը (ականջապիտակի համարը) և այլն:
- Համարակալումն անվճար, թե՞ վճարովի է լինելու:
- Ծրագիրի բաղադրիչները, ներառյալ միջոցների ձեռք բերում և միջոցառումների կատարում իրականացվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին:
- Համարակալման գործընթացն ի՞նչ է տալու անասնապահին և գյուղմթերք վերամշակող ընկերություններին: Այն ազդելու է կաթնամթերքի, մսամթերքի անվտանգության վրա:
Կենդանիների կերակրման, պահպանման, անասնահակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, կենդանիների ծագման հումքի և մթերքի վերամշակման, պահեստավորման և իրացման արդյունավետության բարձրացում, կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճշգրտության բարձրացում, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծում։
- Հայաստանում քանի՞ գլուխ խոշոր եղջերավոր կենդանի կա, քանի՞սն եք նախատեսում այս տարի համարակալել:
-Անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները հրապարակված են Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ծրագրով նախատեսվում է համարակալումն իրականացնել համապետական մակարդակով ԽԵԿ–ի ամբողջ գլխաքանակը։
-Կենդանիների համարակալումից հետո անասնատերերը կկարողանա՞ն ապահովագրել նաև կենդանիներին:
-Ապահովագրման մեխանիզմների ներդրումը դեռևս գտնվում է քննարկման փուլում:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան