Խոշոր եղջերավորներին վերացնում են
Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում Ավագյանների անասնագոմում բառաչյուն այլևս չի լսվում. Վոլոդյա Ավագյանը գոմը դատարկել է դեռ նախորդ տարվա աշնանը: Վերջին կովին նախորդ տարվա նոյեմբերին է վաճառել՝ այսպիսով վերջ դնելով 40 տարվա զբաղմունքին:
Գյուղացին անկեղծանում է՝ չուզանելով է գործից հրաժարվել, դրա համար պատճառներ ունի: Վերջին մի քանի տարվա ընթացքում անասնապահությամբ զբաղվելն արդեն անեկամտաբեր գործ էր դարձել:
«Կարելի է ասել, որ հիմնական պատճառը եղել է խոտի գինը: Մի քանի տարի է՝ խոտի մեկը հակը 1700 դրամով եմ գնում: Ես ինչքա՞ն գումար ծախսեմ, որ կարողանամ խոտ կուտակել ձմռան համար: Հաճախ եմ լսում, որ ասում են, թե գյուղացին գումար չի ուզում ներդնել իր գործի վրա և դժգոհում է: Բայց 1700 դրամով խոտ առնեմ, մի լիտր կաթն էլ 250 դրամով ծախե՞մ»,– Ագրոպրեսի հետ զրույցում հարց է բարձրացնում մեր զրուցակիցը:
Նա պատմում է, որ երբեմնի անասնապահությամբ զբաղվող գյուղում գրեթե բոլորն են նույն պատճառաբանությամբ վաճառել խոշոր եղջերավորներին: Գարնանը, ըստ նրա, դաշտ դուրս կգան միայն հաշված անասուններ:
Մսի արտադրության ծավալները կրճատվել են
Գյուղացու ասածն իրականություն է դառնում, երբ վիճակագրությունն ենք ուսումնասիրում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022 թվականին Հաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 5.2%-ով՝ կազմելով 81 հազար 427.8 տոննա:
Նշենք, որ 2021 թ-ի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 85 հազար 895.3 տոննա միս:
Մսի ծավալների կրճատումն իր հետևանքներն է թողել նաև մսեղիքից պատրաստված արտադրությունների վրա: Եվ այսպես, ըստ վիճակագրության՝ անցած տարի 8.1%-ով նվազել է երշիկեղենի արտադրությունը և կազմել 12 հազար 964.7 տոննա:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022 թ-ի հունվար-դեկտեմբերին 40.6%-ով նվազել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 2 հազար 984.5 տոննա:
Մսի արտադրության ծավալների կրճատումն անհետևանք չի մնացել նաև սպառման շուկայում. արտադրության քիչ քանակությունը գնաճ է առաջացրել մսամթերքի շուկայում: Պաշտոնական տվյալներով՝ 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է գառան և տավարի մսերի՝ համապատասխանաբար 6.3 % և 25.0 %, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ` 0.3% և 1.4 % գնաճ:
Մսամթերքի արտադրության ծավալների անկումը խիստ մտահոգիչ է համարում գյուղատնտես Վիկտոր Համբարձումյանը: Վերջինս մսի արտադրության ծավալների պակասը հիմնականում պայմանավորում է գլխաքանակի նվազմամբ։
«Միայն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է ավելի, քան 50 հազարով։ Դա խիստ մտահոգիչ է, քանի որ նախկինում հաջողվում էր ապահովել կայուն վիճակ, անգամ որոշակի աճ։ Եթե կարողանանք նորմալ պայմաններ ապահովել, ապա անասունների գլխաքանակը կարող է տարվա կտրվածքով ավելանալ շուրջ 10 հազարով»,– նշեց նա:
Գյուղատնտեսի խոսքով՝ նույնիսկ պետական աջակցության շրջանակում խելացի անասնագոմ կառուցելու կամ կենդանիներ ձեռք բերելու վերաբերյալ ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը մսի արտադրության ծավալների կրճատումն ու անասնագլխաքանակի անկումը պայմանավորում է արոտավայրերի խնդրի հետ: Նախկին պաշտոնյան շեշտում է՝ նախքան 44-օրյա պատերազմն օգտագործվում էին նաև Արցախի բնական ռեսուրսները, այնտեղից համակցված կերի համար ներկրվում էր անհրաժեշտ հումք, հատկապես եգիպտացորեն և խոտ։
«Կենդանիների որոշ մասն էլ տարվա ընթացքում մի քանի ամիս արածում էր հենց այնտեղ։ Սակայն պատերազմից հետո այդ ռեսուրսները վերացան։ Արարատի, Վայոց ձորի մարզերի որոշ ֆերմերներ կենդանիներին տանում էին այդ տեղերում արոտի: Պայմաններ կային կենդանիների պահման, և արտադրութունը նորմալ էր: Մեր սահմանամերձ շրջանների արոտավայրերը դարձյալ նպատակային չեն օգտագործվում, որովհետև գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Այս ամենը բերում է գլխաքանակի նվազման և մսամթերքի արտադրության ծավալների անկման»,– նկատեց Հարությունյանը:
Արոտավայր չկա
Մասնագետի ներկայացմամբ՝ արոտավայրերը կորցրել ենք ոչ միայն Արցախում, այլ նաև հետպատերազմյան Հայաստանում, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում թշնամու առաջխաղացման հետևանքով ևս արոտների կորուստներ ունեցանք. հակառակորդի ճակատային գիծն այնքան է մոտեցել արոտներին, որ ռիսկային է այդտեղ անասուն պահելն ու խոտհունձ կատարելը:
Նախկին փոխնախարարը նաև ընդգծում է, որ չկա կերային բազա, կերարտադրություն չի կազմակերպվում, որը ևս իր բացասական ազեցությունն է թողնում անասնագլխաքանակի ցուցանիշների վրա:
Փաստենք, որ մսամթերքի արտադրության ծավալների առումով հուսադրող է միայն ոչխարի գլխաքանակի ավելացումը։
Ինչ վերաբերում է ոչխարի մսի արտադրության աճին, գյուղատնտես Վիկտոր Համբարձումյանն ասաց, որ տվյալ ճյուղն առհասարակ Հայաստանում հեռանկարային է։ Հիմա ոչխարների գլխաքանակը կազմում է շուրջ 750 հազար գլուխ։ Մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրերը և 147 հազար հեկտար խոտհարքները նպաստավոր հիմք են ստեղծում ոչխարների գլխաքանակն առնվազն երկու անգամ ավելացնելու համար։ Ներկայումս ոչխարի մսի իրացման առումով ոչ մի խնդիր չկա, և նույնիսկ հայկական ծագման ոչխարի մսի նկատմամբ իրանական և արաբական շուկաներում կա զգալի հետաքրքրություն։
Հավելենք, որ ՍԱՏՄ-ի փոխանցած տվյալներով՝ խոզի և գառան միս է Հայաստանից արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Կատար, Մոլդովա, Ռուսաստան և Վրաստան:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան