Ձկնաբույծները հակադարձում են Նիկոլ Փաշինյանին
Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։
Օգոստոսի 3-ին կառավարության նստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա շշուկով խոսակցություններ են հնչում այն մասին, որ այդ որոշումն իրականանալի չէ և որ այն կարող է բերել ձկնաբուծարանների սնանկացմանը։
Գործադիրի ղեկավարը համաձայն չէ այս տրամաբանության հետ։
Վարչապետն ասել էր, թե պետք է հաշվարկել տարեկան որքան ջուր են վատնում ձկնաբաբուծարանները, և ինչքան ձուկ արտադրում։ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե նման հաշվարկ արվե՞լ է, հետո էլ իր հնչեցրած հարցին ի պատասխան շեշտեց, որ լուրջ հաշվարկ այս հարցով չի արվել։
«Ոչ ոք չի հաշվում՝ բա պետությունն ինչքա՞ն կորցրեց, այ դա է ջրի նկատմամբ վերաբերմունքը․ որ ջուրը մտավ լողավազան դարձավ ձուկ և գնաց կորավ։ Տասնյակ տարիներ, միլիարդներ են պետք այդ ջրային ռեսուրսները վերականգնելու համար։ Ես հստակ ասել եմ՝ այդ որոշումը չի փոխվելու, պետք է առանձնացնենք ձկնաբուծությո՞ւն է, թե՞ ջրերի վատնում։ Փակվելու են, թո՛ղ փակվեն, նախարարին ասել եմ, որ ասի ձկնաբույծներին, որ որոշումը չի փոխվելու։ Ոչ ոք իրենց իրավունք չի տվել պետական ռեսուրսն օգտագործել՝ կասկածելի որակի ապրանք շուկա նետելու համար»,- արձանագրել էր Փաշինյանը։
Երկար տարիներ ձկնաբուծությամբ զբաղվող Արարատի մարզի բնակիչ Արսեն Հարությունյանը մտահոգված է այս որոշմամբ: Ձկնաբույծը հակադարձում է՝ եթե խնդիրը ջրի խնայողությունն է, ապա իրենք 1 լիտր ջրով արտադրում են 800 կիլոգրամ ձուկ: Բացի այս, նրա խոսքով, իրենք ջուրը խնայելու համար պատրաստ են փականներ տեղադրել, որ որոշակի քանակությամբ ջուր չհոսի:
« Ի՞նչ ջրի վատնման մասին է խոսքը, երբ ջրաչափեր է դրված: Օրենքը մտնում է մարդու բիզնես և պարտադրում է, թե ինչ ձևով պետք է ձուկ արտադրես, եթե տեսնեք՝ ինչ ձև պետք է արտադրենք, նշանակում է՝ փակել ձկնաբուծարանները: Այնպես չէ, որ մենք եղածը կարող ենք փոխարինել փակ սիստեմով, պետք է քանդենք, և նորը կառուցենք: Պետք է յուրաքանչյուրը վերցնի 2 մլն դոլար վարկ, և արտադրի ձուկը, որի ինքնարժեքը կկազմի 30 դոլար, ոչ ոք դա չի անի, դա նշանակում է, որ ուզում են փակել ձկնաբուծարանները: Սարքում են խելացի անասնագոմերի պես, հիմա այդ գոմերում ոչ մի անասուն չկա, վարկերը վերցրեցին, փախան»,- Ագրոպրեսի հետ զրույցում վրդովվեց Արսեն Հարությունյանը:
Ի՞նչ է փակ շրջանառության համակարգը
Ձկնաբույծները հայտնեցին են, որ տասնյակ նամակներ են ուղարկել վարչապետի աշխատակազմից մինչև Շրջակա միջավայի նախարարություն, ոչ մի պետական կառույց այդպես էլ իրենց հստակ չի պատասխանել՝ ինչ է փակ ցիկլը: Արսեն Հարությունյանը վստահեցրեց՝ իր տնտեսությունում ջրի կորուստ չի լինում, մնացած ջուրն էլ հատկացնում է ոռոգման նպատակով: Իսկ փակ շրջանառության ցիկլին անցնելն էլ, ըստ նրա, մեծ ներդրումներ է պահանջում:
«Միջազգային ստանդարնտներով՝ փակ շրջանառության համակարգը դա շենքի մեջ պլաստիկ տարաններով թթվածնի գործարան պետք է սարքել, պետք է դրվեն բիոֆիլտրեր, ամիսը մի քանի հատ փոխվում են, մեկ հատի արժեքը 30 000 եվրո է: Դրանցից ով բերել է և մեզ մոտ տեղադրել, 10 օրից փչացել են, որովհետև մեր ջուրը շատ կոշտ է, անցքերը փակվում է: Մեզ ուղղակի փակում են և դա թելադրված է Եվրոպայից, որովհետև մեր արտադրանքը մրցակցային է»,- մտահոգվեց նա:
Փաշինյանի վտանգավոր հայտարարությունը
Կառավարության նիստին վարչապետն ուշադրություն հրավիրեց նաև սննդի անվտանգությանը։
«Մեզ հարց պետք է տանք՝ այդ ձկնաբուծարնենրում, երբ ձկի բտման պրոցես է տեղի ունենում, շուկայում հայտնված ապրանքը որքանո՞վ է համապատասխան սննդի անվտանգության կանոններին, դա ի՞նչ ազդեցություն է ունենում մեր առողջապահական համակարգի վրա, մեր առողջության վրա։ Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ պատանդի կարգավիճակով պետք է անընդհատ որոշումներ կայացնենք և փոխենք։ Մենք 1,5 տարի առաջ ենք որոշում կայացրել և մարդկանց ժամանակ տվել, որ ներդրումներ անեն։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանան և կասկածելի ապրանք թողարկեն, հետո էլ շանտաժի ենթարկեն, թե կսնանկանանք։ Դա ձեր ռիսկն է»,- դիմելով ձկնաբույծներին՝ նշել էր գործադիրի ղեկավարը։
Նա հանձնարարել էր սննդի անվտանգության տեսչությանը խիստ վերահսկողություն սահմանել՝ արդյոք ձկնաբուծարանում արտադրված ձուկը համապատասխանում է սննդի անվտանգության ստանդարտներին։
«Էդ լոբբինգը դադարեցրեք, ոչ մեկ ինձ մոտ չմտնի, չասի՝ ձկնաբուծարանները կփակվեն, թո՛ղ փակվեն, որոշումը չի հետաձգվելու»,-զգուշացրել էր Փաշինյանը։
Ձկնաբույծի խոսքով՝ Փաշինյանը վտանգավոր հայտարարություն է արել, դրանից հետո արտահանումը կրկնակի կրճատվել է:
Գործարարն ընդգծեց, որ ռուս գործընկերներն այլևս չեն ցանկանում իրենցից ձուկ գնել, կասկածելով, որ արտադրանքն անորակ է:
Ձկնաբույծի հավաստմամբ, սակայն, իրենց ապրանքը որակյալ է:
«Ստեղ մտնում է միայն եվրոպական կեր, տեղում արտադրվում է նաև հայկականը: Ձուկն արտահանում ենք ՌԴ և ԱՄՆ-ը, վերջինս ասում է, որ ձեր ձուկը շատ բարձր որակի է: Օդից ասում են՝ անորակ: Ես կարող եմ ցույց տալ իմ արտադրանքի որակի սերտիֆիկատը»,- շեշտեց տնտեսվարողը:
Արսեն Հարությունյանը նաև ասաց, որ Փաշինյանի հայտարարությունից հետո սննդի անվտանգության տեսչության մասնագետները գրեթե ամեն օր ստուգումներ են անցկացնում ձկնաբուծարաններում, բայց խախտումներ այդպես էլ չեն գրանցում:
Ըստ պաշտոնական տվյալների` մենք այս պահի դրությամբ տարեկան ծախսում ենք 1.6 մլրդ խմ ջուր, սակայն ջրավազանը կարողանում է վերականգնվել ու տարեկան նորից հավաքել միայն 1.1 մլրդ խմ:
Այլ կերպ ասած` Արարատյան խորքային ավազանից ամեն տարի օգտագործվող ջրի ծավալից 0.5 մլրդ խմ-ն այլևս չի վերականգնվում, ինչը նշանակում է, որ 3.6 մլրդ խմ-ն վերջնականապես սպառելու համար Հայաստանին ընդամենը 7-8 տարի է մնացել։
Նշենք, որ Արարատյան դաշտում շահագործվող 1379 խորքային հորերից միայն 467-ը ունեն ջրօգտագործման թույլտվություն, իսկ 912-ն ապօրինի են:
Ձկնաբույծները վարչապետին կդիմեն
Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ Հայաստանում այս պահին գործում է 230 ձկնաբուծարան, թե դրանցից քանիսն են արդեն փակ ցիկլով աշխատում, տվյալներ չունեն։ Մինչդեռ Հայաստանի ձկնաբույծների միության տնօրեն Գոռ Գրիգորյան փաստում է՝ իրեն հայտնել են, թե նման համակարգով գործող ձկնաբուծարան չկա գրանցված:
Միակ փակ շրջանառությամբ ձկնաբուծարանը Գեղարքունիքի մարզում գտնվող Կարճաղբյուրի տնտեսությունն է, որն էլ կառուցվել է ոչ թե արդյունագործական նպատակով, այլ՝ բնապահպանական:
Նա նշեց, որ ձկնաբուծությունը գերակա ճյուղ է հռչակվել, բայց այն զարգացնելու փոխարեն հակառակ գործընթացն է հիմա տեղի ունենում:
«Ջրի վատնումից են խոսում, խնայելու, մենք ջուրը վատնելու խնդիր չունենք, այլ՝ կառավարելու, որը պետական լիազոր մարմնի գործառույթն է, ոչ թե ձկնաբույծի»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ձկնաբույծները պատրաստվում են նամակով դիմել Նիկոլ Փաշինանին՝ ներկայացնելով իրենց բոլոր հակափաստարկները՝ խնդրելով հանդիպում, որպեսզի հարցն իրար հետ քննարկեն:
Ձկնաբույծների միության ղեկավարի ներկայացմամբ՝ դեռ փետրվարից Շրջակա միջավայրի նախարարի գլխավորությամբ հանձնաժողով է ձևավորվել, ընդամենը մեկ- երկու նիստ է տեղի ունեցել, ձկնաբույծներին էլ տեղեկացրել են, որ Ջրային օրենսգրքում փոփոխություններ կարվեն, և փակ շրջանառության համակարգի փոխարեն ջրախնայողություն տերմինը կօգտագործվի, բայց ձկնաբույծները հիմա հակառակ գործընթացին են ականատես լինում:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան