Օգոստոսի 3-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարեց շատ խիստ վերահսկողություն սահմանել՝ արդյոք ձկնաբուծարաններում արտադրված արտադրանքը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին, թե՝ ոչ։
Վարչապետի հանձնարարականից հետո Ագրոպրեսը փորձեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պարզել, թե այս ուղղությամբ որևէ քայլ իրականացվում է, թե՝ ոչ։
-Արդյոք ՍԱՏՄ-ն սկսե՞լ է ուսումնասիրություններ իրականացնել ձկնաբուծարաններում, ստուգվո՞ւմ է Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններոււմ արտադրված ձկան որակը։
- Այո, ուսումնասիրությունները սկսվել են։ Վարչապետի հանձնարարությամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու, թե որքանով է մեր երկրում արտադրվող ձուկը համապատասխանում սննդի անվտանգության չափանիշներին: Այս պահին վերահսկողություն է իրականացվել նախատեսված 68 ձկնաբուծարաններից 12-ում:
-Արդյո՞ք բոլոր ձկանաբուծական տնտեսություններում են մշտադիտարկումներ կատարվում, թե՞ միայն օրինական՝ գրանցվածներում։
-ՀՀ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում միայն իրավաբանական անձանց մոտ:
-Ստուգվելո՞ւ են կերերը, եթե այո, ապա ստուգվելու է միայն դրսից ներկրված ձկան կերը, թե՞ նաև տեղական արտադրությանը։ Արդյո՞ք ստուգվելու է այդ կերերի բաղադրությունը։
-Ստուգվում են ձկաբուծարաններում առկա բոլոր կերերը և կերային հավելումները՝ թե տեղական, թե այլ երկրների արտադրության, դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ դրանց մակնշման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին։
-Եթե խախտումներ արձանագրվեն, ի՞նչ հետևանքներ են լինելու։
-Առայժմ ստուգված 12 կազմակերպություններում խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերվելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Միայն մեկ ձկնաբուծարանից իրականացվել է ձկան նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել:
-Նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքում արդյո՞ք խախտումներ արձանագրվե՞լ են և ի՞նչ խախտումներ են դրանք։
-2022թ. նախատասված է եղել վերահսկողություն իրականացնել ձկնաբուծական 93 տնտեսությունում, որոնցից 10-ը, սակայն, չեն գործել: 49 ձկնաբուծարանում իրականացվել է անասնահամաճարակահին մշտադիտարկում 34-ում՝ ստուգում: Վերահսկողական միջոցառումների ընթացքում 83 տնտեսություններում իրականացվել է ձկան կերերի նմուշառում (106 նմուշ), որոնք փորձաքննվել են հակաբիոտիկների, հորմոնների և ԳՁՕ-ի առկայության նկատմամբ: 40 նմուշում հայտնաբերվել են անհամապատասխանություններ: Տրվել են անհամապատասխանություններով կերերը ոչնչացնելու հանձնարարականներ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան