Արարատի մարզի բնակիչ Սիմոն Ղալեչյանը դատարկել է անասնագոմը, երեք ամիս առաջ է վաճառել վերջին կովը: Նա Ագրոպրեսի հետ զրույցում դժգոհեց, որ անասնապահությամբ միջոցով այլևս չէր կարողանում եկամուտ ստանալ, ներդրում էր անում, բայց արդյունքում մնում դատարկ գրպանով:
«Անասնապահությամբ զբաղվողը պետք է ճիշտ աշխատի, այսինք՝ պահի կամ մսատու, կամ կաթնատու կով, որ կարողանա շահույթ ստանալ, իսկ հակառակ դեպքում քեզ միայն չարչարանք է մնում: Իսկ դրա համար նաև պետությունը պետք է համապատասխան ծրագրեր առաջարկի»,- շեշտեց գյուղացին:
Պետությունն արդեն մտածել է այս մասին: Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ-ում կովերի արհեստական սերմնավորման միջոցառումների ծրագիրը հաստատելու մաuին» կառավարության որոշման նախագիծը:
Նախարարությունում կարծում են, որ ներկայումս հանրապետությունում գրեթե չեն իրականացվում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքներ, ուստի նրանց պետք է անհապաղ արհեստական սերմնավորել, որից նախագծի հեղինակներն ակնկալում են լիարժեք կազմակերպել խոշոր եղջերավոր կենդանիների վերարտադրությունը և բարձրարժեք կենդանիներով համալրել տավարի նախիրը:
Նախագծի հեղինակները համոզված են՝ ծրագրի շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կավելանա շուրջ 600 կգ-ով և կկազմի ավելի քան 3000 կգ, իսկ բտվող տավարի միջին կենդանի զանգվածը կավելանա գրեթե 30 կգ-ով՝ հասնելով 350 կգ-ի։
Ծրագրի ավարտին հանրապետությունում տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 110 հազար տոննա կաթ և 1500 տոննա՝ բտված տավարի և հորթի միս կամ ծրագրի իրականացման շնորհիվ մեր երկրում տարեկան լրացուցիչ կարտադրվի 21.6 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս։
Սյունիքի մարզի Գորայրք բնակավայրի ֆերմեր Կարեն Պետրոսյանն արդեն մի քանի տարի է՝ կովերին արհեստական է բեղմնավորում, արդյունքից դժգոհ չէ:
«Եթե կովերին արհեստական սերմնավորում ես անում, շատ օգտակար է, բայց տեղական սորտերի դեպքում, հատկապես, երբ մեկ անգամ բեղմնավորվել է ցուլից, ինչ անում ես, լավ հորթեր չի տալիս: Մեր տեղական սորտերը սովորեն չեն այս պրոցեսին, դրսի սորտերի դեպքում է լավ»,- ներկայացրեց նա:
Ֆերմերի փոխանցմամբ՝ հարևան Սառնակունքում կովերի շուրջ 50 տոկոսն արդեն արհեստական սերմնավորմամբ են բեղմնավորում:
«Եթե ցուլով է բեղմնավորումը կատարվում, անկախ նրանից՝ ցուլը լավն է, թե՝ վատը, ստանում ես մեկ տեսակ, իսկ արհեստականի դեպքում տարեցտարի սերմը կատարելագործվում է և տարբեր սորտեր ես ստանում: Արհեստական սերմնավորման նպատակն էլ այն է, որ ամեն տարի կարող ես սերմը փոխել՝ ավելի լավ տեսակ ստանալու նպատակով: Դու ես ընտրում կաթնատու, մսատու, թե կաթնամսատու սորտի սերմավորում կատարես: Ցուլով լավ տեսակ չես ստանում, դոփում ես նույն տեղում: Սա նաև լավ է նրանով, որ մարդիկ ցուլ չեն ունենում, բայց առանց հորթ չեն մնում, սերմնավորում են անում»,-նկատեց անասնապահությամբ զբաղվողը:
Անասնագլխաքանակը կրճատվել է 60 տոկոսով
Գորայրքում վերջին երեք տարվում անասնագլխաքանակը կրճատվել է 60 տոկոսով: Երաշտի պատճառով, երբ խոստի մեկ հակի արժեքը դարձել էր 1800 դրամ, անասնատերերը վերացրել են խոշոր եղջերավորներին:
Կարեն Պետրոսյանի տեղեկացմամբ՝ իրենց գյուղում 1300 գլուխ անասուն է եղել, հիմա 40 տոկոսն է մնացել:
«Եկամուտ չեն ստանաում: Հիմա, եթե մեկ լիտր կաթի արժեքը 150 դրամ է, խոտի հակն էլ՝ 800, ինչքան էլ կերակրես, ծախսը մեկին երեք չի փակում»,-փաստեց Գորայրքի բնակիչը:
Այստեղ անասնապահությունից անցել են դաշտավարության: Սակայն, գյուղատնտեսությամբ այս ճյուղից էլ են հիասթափվել, քանի որ կառավարությունը դադարեցրել է աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագիրը:
Իրավիճակն ու խնդիրները
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ եթե 1980-ական թվականներին հանրապետությունում տարեկան սերմնավորվում էր ավելի քան 200 հազար կով, ապա վերջին տարիներին արհեստական սերմնավորման ծավալը չի գերազանցել 20 հազար գլուխը, այն դեպքում, երբ տավարի նախիրի վերարտադրության նպատակով կովերի շարքը համալրելու համար անհրաժեշտ է տարեկան սերմնավորել առնվազն 80 հազար կով:
Կառավարության աջակցությամբ իրականացվող՝ տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերջին տարիներին հանրապետություն են ներկրվել տավարի կաթնային և կաթնամսային ` հոլշտին, շվից, սիմենաթալ և ջերսեյ ցեղերի տոհմային երինջներ, որոնցից տարեկան ստացվում է ավելի քան 2000 գլուխ բարձրարժեք սերունդ:
Արհեստական խաչասերված կովից` տարեկան 5000 լիտր կաթ
Շիրակի մարզի Ազատան համայնքի Գյուղատնտեսական և սպասարկման կենտրոնի ղեկավար, ՄԱԿ-ի գենետիկական կենտրոնի տնօրեն Վարդան Պապոյանն արձանագրում է՝ մարզում 50 հազար գլուխ կովից տարեկան 5000-6000 արհեստական սերմնավորում է կատարվում:
Վարդան Պապոյանն Ազատանում մեկ գլուխ կովի արհեստական բեղմնավորումը 7000 դրամով է անում, իսկ այլ համայնքներ գնալու դեպքում ավելանում է նաև ճանապարհածախսը:
Նա նկատում է՝ անասնաբույծները ծրագրի կօգտվեն, եթե անվճար լինի:
Նոր նախագծով կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել արհեստական սերմնավորման ծախսերի 100 %-ը: Ծրագրի բյուջեն 2024-2028 թվականների համար կազմում է 3 մլրդ 193 մլն 200 հազար դրամ, որից 1 մլրդ 325 մլն դրամը կազմում է 265 հազար չափաքանակ սերմնահեղուկի արժեքը: Եվս 11 մլն դրամ կուղղվի սերմնավորման համար անհրաժեշտ սարքավորումների և համապատասխան պարագաների ձեռք բերմանը։
«3-4 սերունդ սերմնավորված կովերից տարեկան կթում են 4500-5000 լիտր կաթ, իսկ մեր տեղական կովերը տալիս են մինչև 2000 լիտր կաթ: Եթե կովի կաթնատվությունը բարձրանա, և գյուղացին տեսնի, որ եկամուտ կա, հաստատ կով պահելու է»,- հավելեց ՄԱԿ-ի գենետիկական կենտրոնի տնօրենը:
Շիրակում նախորդ տարի, երբ անասնակերի խնդիր է եղել, գլխաքանակը կրճատվել է, այս տարի նվազման փոխարեն աճ ունեն:
Առաջին անգամ ոչխարներն արհեստական բեղմնավորվել են
ՄԱԿ-ի գենետիկական կենտրոնի տնօրենն առաջին անգամ անցյալ տարի արհեստական բեղմնավորել է նաև ոչխարներին՝ լապարասկոպիկ եղանակով:
Ֆրանսիական բրանշ ցեղատեսակի ոչխարի սերմնահեղուկով բեղմնավորել է Ազատանի 200 գլուխ ոչխարներին, հաջող սերունդ են ստացել, գառան միսն էլ արդեն համտեսել են:
«Մթերատվությունը լավացել է, մսի համը՝ ևս: Եթե մեր տեղականը 6 ամիս պահելուց հետո տալիս էր 13-15 կգ միս, ապա խաչասերածները 3-4 ամսվա ընթացքում են այդքան միս տալիս: Մսից հոտ ու համ էլ չի գալիս»,-նշեց նա:
15 հազար դրամ` վարազի փոխարեն
Մասնագետի խոսքով՝ արհեստական սերմանավորումն առավելապես շահավետ է խոզերի դեպքում:
«Մեկ խոզի սերմնավորումն արժե 15 հազար դրամ, բայց դա գյուղացուն ավելի ձեռնատու է, քան մեկ- երկու մայրի համար մեկ վարազ պահելը: Վարազ պահելն ավելի ծախսատար է, կերը թանկ է նստում»,- մանրամասնեց Վարդան Պապոյանը:
Անասնատերերը լիահույս են, որ նախագիծը կյանքի կկոչվի և մարող անասնապահությունն էլ կվերականգնվի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան