Դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված հումք և մսեղիք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը։ Ուժի մեջ մտնող օրենդրական փոփոխությամբ կայացվելու է նաև խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում՝ զգուշացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Գործող կարգավորումներով միայն վարչական պատասխանատվություն էր նախատեսվում։ Մսավաճառներն անհանգստացած են: Նրանք, իհարկե, գիտակցում են, որ մսամթերքը պետք է լինի անվտանգ, մշակվի և արտադրվի հիգիենայի բոլոր նորմերին համապատասխան միջավայրում, բայց դրա համար նաև համապատասխան պայմաններ ու հնարավորություններ են պետք։ Հատկապես մատնանշում են մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների անբավարար քանակը, առաջարկվող մսի ոչ պատշաճ որակը, պատվերների անկանոնությունը և այլն։
Մսավաճառները մտահոգված են
Մսավաճառներից մի քանիսն Ագրոպրեսի հետ զրոյցում կարծիք հայտնեցին, որ կենդանուն գյուղից սպանդանոց հասցնելով, վնասում են ստացված հումքի և մթերքի որակը, իսկ արդյունքում հաճախորդների մոտ լինում են դժգոհություններ մսի գույնից ու որակից
«Դեմ եմ սպանդանոցային պարտադիր մորթին՝այն միայն լրացուցիչ ծախսեր է պահանջում անասնապահից և մսավաճառից: Երկար տարիներ սպառողն օգտվել է բակային մորթից, դրանից որևէ վնաս չի արձանագրվել»,- նկատեց մսագործ Վաղարշակ Իվանյանը:
Սպանդանոցների դեմ բողոքներից մեկն էլ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրի բնակիչ Վոլոդյա Մնացականյանն է: Նա այս ընթացքում երբևէ միս սպանդանոցին չի հանձնել:
Անասնատիրոջ կարծիքով՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելը մեծ վնաս է քիչ անասուն ունեցողների համար. ստիպված պետք է լինեն իրենց մեկ-երկու գլուխ կենդանուն այնտեղ հասցնելու համար տեղափոխման ծախս անել և 5-ից 10 հազար դրամ էլ վճարել սպանդանոցին ծառայության համար:
«Էլ էդ անասունից ինձ ի՞նչ կմնա, որ տանենք, իրենք թող գան, տանեն: Հիմա, որ տանեի Էջմիածնի սպանդանոց, պետք է ճանապարհածախսը ես տայի: Մասիսի սպադանոցում միայն ոչխար են մորթում, մոտիկը միայն Էջմիածինն է: Եթե սպանդանոցից էլ ես մարդ կանչում, որ գան, անասունին տանեն, էլի ճանապարհածախս են ուզում: Իմ կենդանին հիվանդ չի՝ առողջ է, անասնաբույժ ունենք, բոլոր պատվաստումները ժամանակին կատարվում են», - դժգոհեց գյուղացին:
Անասնատերը գումար չի վճարում կենդանուն սպանդանոց հասցնելու համար՝ հակադարձում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հակոբյանը:
Նրա սպանդանոցում հիմա գործը կանգնած է, օրվա մեջ հազիվ մեկ- երկու մորթ անեին: Արսեն Հակոբյանը հեղափոխությունից հետո է վարկ վերցրել և սպանդանոց կառուցել: Սակայն սկսած գործը երկար հաջողություն չի ունեցել, միայն առաջին տարին է աշխատանքից գոհ եղել:
Գործարարը պնդմամբ՝ մեր երկրում սպանդանոցները չեն գործում, պատճառը վերահսկողության բացակայությունն է, պատկան մարմինները թերանում են իրենց գործողություններում:
«Ոչ ոք չի հարցնում՝ սպանդանոցն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, այդ թուղթը կա՞, չկա՞: Միջնորդներն այնպես են կազմակերպում գործը, որ սպանդանոցները չաշխատեն: ՍԱՏՄ-ն պարապուրդի է մատնված, վերահսկողություն չի անում: Երկու օր հսկողություն կանեն, հետո նորից մի երկու տարի չեն հետևի»,- սրտնեղեց բիզնեսմենը:
Սպանդանոցները պարապուրդում են
Դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտնող օրենքը կրկին ոգևորել է սպանդանոցի տիրոջը, գործը սկսելու համար եղածն է կարգի բերում: Նորությունը լսելուն պես շտապել է նախկին աշխատակիցներին զանգել, պետք է բոլոր անձնակազմը նորից սպանդանոց գան:
«Երբ 2020 թվականին օրենքը մի քանի ամսով սկսեցին կիրառել, իմ սպանդանոցն ամիսը 25-30 մլն դրամ հարկ է վճարել պետությանը: Երբ սպանդանոցը չի աշխատել, մեկ դրամ անգամ հարկ չեմ մուծել: 40 աշխատատեղ ունեի, նվազագույն աշխատավարձը 200 հազար դրամ եմ վճարել: Այսօր ես ու հավաքարարն ենք մնացել: Հին կազմին զանգում եմ, մի քանիսն արդեն արտագաղթել են, կեսը հետ են գալու, մյուսները դեռ մտածում են»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Պարտադիր սպանդանոցային մորթի մասին Կառավարության՝ դեռ 2016 թվականին ընդունված որոշման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել է: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ 2020 թվականի հունվարի 15-ից: Ըստ դրա՝ գյուղացին չէր կարող իր բակում մորթել սեփական անասունն ու վաճառել: Անասնատերերն ու մսավաճառները բողոքեցին, թե չկա սպանդանոցների անհրաժեշտ քանակ, և որ իրենք էլ պատրաստ չեն անասունը սպանդանոց հասցնել:
Վարչապետն Նիկոլ Փաշինյանն էլ 2020 թվականի հունվարի 23-ին հայտարարեց՝ հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանն անցնելու է այս համակարգին և վաճառք կետերը պետք է այնպայման ունենան N 5 ձևի անասնաբուժական վկայական, որ կենդանին մորթվել է սպանդանոցում:
Մի քանի ամիս գործելուց հետո օրենքը դարձյալ չկիրառվեց: Հենց այս պատճառով էլ գործարար Աշոտ Հակոբյանի սպանդանոցային ոլորտում սկսած գործը երկար կյանք չի ունեցել: Նա մեկ տարի առաջ է փակել սպանդանոցն՝ օրենքի չկիրառման պատճառով: Գործից սկզբում չի տուժել, բայց անկեղծանում է՝ ստուգումներ չեղան, անասնապահներն էլ առիթից օգտվեցին:
«Սպանդանոցային մորթի դեպքում գյուղացու ծախսը ընդամենը 3-4 տոկոսով է ավելանում, փոխարենը համոզված են լինում, որ անասունը լիարժեք ստուգված է, ու մորթը կատարվել է հիգիենիկ պայմաններում: Էն ժամանակ կենդանու փորոտիքը, կաշին, գլուխը, ոտքերը մսավաճառներն էին տանում, իսկ ես դրանք սաղ թողնում էի գյուղացուն: Էդ ամբողջը մինչև 25 000 դրամ գումար է կազմում: Առաջ էր գյուղացին տուժվում, սպանդանոցի դեպքում վնաս չի կրում»,- բացատրեց նա:
Միսը բեռնատարի խցիկում
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը սննդի անվտանգության առումով կարևորում է որոշումը:
Նրա խոսքով՝ միսն այսօր սանիտարահիգենիկվիճակում է սպառողին հասնում:
«Հաճախ եմ տեսնում, որ միսը խանութներին են մատակարարում մեքենաների բեռնախցիկներում, ոչ սանիտարական վիճակում, որտեղ անհրաժեշտ պայմաններ չկան՝ սառցախցիկ և այլն: Լավագույն դեպքում միսը դրված է ստվարաթղթե տուփերի մեջ: Օրենքը լավն է, միայն թե պետք է այնպես անել, որ վերահսկվի»,-նշեց Չիլինգարյանը՝ հայտարարելով, որ բակային մորթը պետք է վերացվի:
ՍԱՏՄ-ի զգուշացումը
Մինչ Կարեն Չիլինգարյանը ֆերմեր-սպանդանոց-մսավաճառ-վերահսկող կառույց օղակում խնդիրներ է տեսնում, իսկ մսավաճառներն էլ դժգոհում ռեսուրսների սղությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուն հաշված օրեր են մնացել և հորդորում է ձեռք բերել կամ իրացնել միայն սպանդանոցային ծագման, N 5 ձևի անասնաբուժական վկայականով ուղեկցվող միս։ Առգրավված հումքի և մթերքի ոչնչացման ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան