Ճագարաբուծությունը Հայաստանում թափ է հավաքում։ Տաշիրի տարածաշրջանում տուն չես գտնի, որտեղ մեկ- երկու ճագար չկա. երկարականջ փափկամազիկներին այստեղ բոլորն են սիրում:
Վահրամ Ավդալյանը, սակայն, ճագարաբուծությանը չվերաբերվեց որպես մանկական գայթակղության. Այն արդեն դարձրել է լուրջ բիզնես:
Տաշիր քաղաքի բնակիչը 5 տարի առաջ ընդամենը 10 կալիֆոռնիական ճագար ուներ, հիմա փափկամազերի հստակ թիվը ֆերմայում չգիտի էլ, այնքան արագ են բազմանում՝ կատակում է ճագարաբույծը:
Նրա ներկայացմամբ՝ շատանալու հետ արագ էլ քաշ են հավաքում, վաճառում է և՛ կենդանի վիճակում, և՛ որպես միս։
«Բիզնեսը սկսելուց կես տարի անց եկամուտ ես ստանում։ Ճագարը մոտ մեկ ամիս հարմարվում է, մեկ ամիս հետո արդեն ձագ ենք ստանում: Երեք ամիս հետո ձագերը կմեծանան, նրանց արդեն կարելի է վաճառել մսի տեսքով և ոչ միայն։ Ամեն տեղից էլ հաճախորդներ ունեմ, գալիս են, տանում: Հիմա ճագարի միսը կիլոգրամը 3500 դրամով եմ վաճառում: Ուզողներ կան, պահ է լինում, որ չենք էլ հասցնում այդքան միս մատակարարել, պահանջարկը կա և գնալով ավելանում է»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց նա:
Կերը մի քիչ թանկ է, բայց բիզնեսից տաշիրցի ֆերմերը դժգոհ չէ: Նրա խոսքով՝ ճագար բուծելը եկամտաբեր է, ձեռնտու հատկապես այն գյուղերում, որտեղ հողագործությունը դժվարացել է:։
«Եթե կարողանաս գլխաքանակն ավելացնել և դարձնես, օրինակ, 500 000, այդ դեպքում լավ էլ շահույթ կարող ես ստանալ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Բիզնեսի դրական կողմերից մեկն էլ է մատնանշում, որ ճագարաբուծությունն անթափոն բիզնես է, նույնիսկ գոմաղբը համարվում է կենսաբանական լավագույն պարարտանյութներից մեկը:
Շրջափակման ժամանակ արցախցիներին ճագար է «պահել»
Հանրապետության հայտնի ճագարաբույծը «Davtyan Farms» ընկերության համասեփականատեր, ֆերմեր Դավիթ Դավթյանն է:
Նա ճագարաբուծությամբ զբաղվում է 2010թ-ից: Հիմնելով սեփական ֆերման, նա փորձում է ոչ միայն զարգացնել իր բեզնեսն, այլև աջակցել այլ ճագարաբույծների՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, գյուղացիներին սովորեցնել փափկամազերից ինչպես փող աշխատել։
Դավիթ Դավթյանը նշեց, որ ճագարաբուծությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց է ունեցել: Այսօր ճագարաբուծական ֆերմաների թիվն ավելացել է և այժմ հանրապետության գլխավոր՝ «Davtyan Farms» ընկերությանը կից գործում են ևս 80 ճագաբուծական տնտեսություններ:
«Երբ այս բիզնեսը սկսկեցի, մարդիկ խսիտ թերահավատ էին: Հիմա, երբ նայում ես զարգացման ճանապարհին, տեսնում ես, որ զգալի առաջընթաց ենք ունեցել: Իհարկե, շատ խնդիրներ կան, շատ երկրներից ենք հետ, բայց պատվով կարող ենք ասել, որ ճագարաբուծությունն այժմ մեր երկրում գյուղատնտեսության առանձին ճյուղ է դարձել, այլևս երեխաների սիրելի զբաղմունքը չէ, և հեռանկարային գործ է»,- արձանագրեց Դավթյանը:
Գյուղատնտեսը նաև նկատեց, որ ճագարաբածությունը գյուղատնտեսության ամենավաղահաս ճյուղն է, ներդրում ես անում, և կարճ ժամանակ անց արդեն կարող ես շահույթ ստանալ: Ճագարաբուծությամբ կարելի է պարենային անվտանգության ապահովման հարցը ևս լուծել:
Այս տարիների ընթացքում Դավթյանին ճագարաբուծական ֆերմաներ հիմնելու համար նաև արցախցիներն են դիմել, վերջիսն էլ աջակցել է նրանց այդ հարցում: Հայրենիքում տուն, տեղ ու ֆերմա թողած արցախցիները հիմա Հայաստանում են այդ հարցով կրկին Դավիթ Դավթյանի խորհուրդներին դիմում:
«Արցախցին գյուղատնտեսները պատմում են, որ շրջափակման ժամանակ կարողացել են պարենի հարց լուծել ճագարի ֆերմայի շնորհիվ. և՛ իրենք են օգտվել, և՛ վաճառել են, մի մասն էլ հարևաններին են տվել՝ այսպես կարողանալով գոյատևել: Մարդիկ ասում են՝ այդ շրջանում մեզ ճագարն է պահել»,- փոխանցեց նա:
Ինչպե՞ս հիմնել ճագարի ֆերմա
Գյուղատնտեսի կարծիքով՝ ճագարաբուծությունը Հայաստանում կարող է դառնալ զարգացող բիզնես, եթե ներդրումներ արվեն. ֆերմա կառուցելու համար տարածք է պետք, որտեղ կտեղադրվեն ճագարատները, որոնք պետք է ապահովված լինեն ճագարի զարգացման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:
«Այսպիսի խոսք կա, որ ճագարը լավ գործ է, բայց մեկ օրում սատկում է, ուրեմն, պետք են անհրաժեշտ միջոցները, առաջին հերթին ճիշտ խնամք: Չպետք է նախկինի պես լինի, որ գոմի մի անկյունում ճագար պահես և փորձես փող աշխատել: Եկամտաբերություն ունենալու համար պետք է անհրաժեշտ բոլոր քայելը կատարես»,-հավելեց ֆերմերը:
Էկոնոմիկայի նախարարությունը ճագարաբուծությունը խթանելու առանձին ծրագրեր չի մշակել, որոնցից ճագարաբույծը կարող է օգտվել՝ բիզնեսը զարգացնելու նպատակով: Ճագարաբուծությամբ զբաղվողներն էլ կարող են օգտվել ֆերմա կառուցելու համար լիզինգային պայմանագրվող տրամադրվող սարքավորումներից:
Հենց պետական աջակցություն չլինելու պատճառով էլ Արմավիրի մարզի ֆերմեր Հովհաննես Ղուկասյանը չի կարողացել հիմնած ճագարաբուծական տնտեսությունը երկար պահել: Նա դժգոհեց, որ մսի և մորթու իրացում չլինելու պատճառով չի կարողացել ճագարաբուծությունում հաջողություն գրանցել:
Տաշիրցի ճագարաբույծ Վահրամ Ավդալյանն էլ ընդգծեց, որ պետությունն իրացման հարցում պետք է իրենց թիկունքին կանգնի: Նա այս հարցում առաջարկն ունի:
«Առաջ ճագարներին բժշկության մեջ են օգտագործել, այդ մշակույթը կարելի է հետ բերել: Ճագարների մարմնի անպետք մասերը՝ ականջները և այլն օգտագործել են շների համար կերային հավելումներ պատրաստելու մեջ: Լավ կլիներ պետությունն այդ ուղղությամբ մտածեր, դրանք պետք է հավաքեն, կաշին մշակեն»,- կարևորեց նա:
Իսկ Դավիթ Դավթյանը շեշտեց, որ հիմա քայլեր են կատարում կերային բազայի հարցի լուծման համար, որը կարագացնի ճագարաբուծության զարգացումը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան