Գյուղատնտեսություն

Ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 15%-ը ապահովում է գյուղատնտեսությունը, թեպետ մասնաբաժինը վերջին տարում բավականաչափ նվազել է։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97%-ը ապահովում են շուրջ 320 հազար գյուղացիական տնտեսությունները, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հանրապետության զբաղվածների 31.3%-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։
image
image

Հնարավորինս պարզելու համար, թե որոնք են գյուղացու առջև ծառացած խնդիրները և դրանց պատճառները, զրուցել եմ Հայաստանի ագրարային համալսարանի էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի հետ:
Ոլորտում առկա խնդիրների ցանկը բավականին լայն է, որոնցից առաջնայիններից մեկը արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումն է: «Գյուղատնտեսական արտադրանքների իրացման հարցը, կարելի է ասել, միշտ էլ գլխավոր խնդիրներից է եղել վերջին տարիներին, ինչն իր հերթին լրջորեն խոչընդոտում է գյուղատնտեսության ոլորտի դինամիկ զարգացմանը: Նշվածը վերաբերում է նաև արտահանմանը, որովհետև արտահանման մեծ ներուժ ունեցող արտադրանքների արտահանման ծավալների ավելացմանը շարունակում են լրջորեն խոչընդոտել շուկայական ենթակառուցվածքների անկատարությունը, լոգիստիկ և տարբեր այլ խնդիրները: Իսկ տեղական շուկայում գնող-իրացնող շղթայի օղակների անկատարության և թերզարգացվածության գործոնով, ինչպես նաև վերավաճառողների ինստիտուտի բարձիթողի վիճակով պայմանավորված՝ լուրջ խնդիրներ են առաջանում նաև տեղական շուկայում: Արդյունքում՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրող տնտեսավարող սուբյեկտները չափազանց բարձր ռիսկային ոլորտում բարձր ինքնարժեքով արտադրում են արտադրանք և մեծամասամբ իրացնում են վերավաճառողներին, որոնք շահույթի բարձր մարժա ապահովելով՝ գործնականում ապահովում են ավելի բարձր արդյունավետություն, քան բուն արտադրողը, որովհետև շուկան գրեթե չի կարգավորվում: Մյուս կողմից էլ՝ շուկայական ենթակառուցվածքներն են չափազանց թույլ զարգացած, որի արդյունքում էլ հիմնականում ստեղծում են իրացման լուրջ դժվարություններ»,-մեզ հետ զրույցում նշել է Վարդան Ալեքսանյանը:

Ըստ էության, մեծ բաց է առկա նաև տեղեկատվական ոլորտում: Ալեքսանյանը նկատեց, որ չկա տեղեկատվական կենտրոն, և գյուղացիական տնտեսությունները տեղյակ չեն շուկայական միտումներից և չեն կողմնորոշվում՝ ինչ կարելի է արտադրել հաջորդ տարում: Եթե տվյալ տարում որոշակի խնդիրներով պայմանավորված՝ այս կամ այն արտադրանքը ունենում է բարձր շուկայական գին, տնտեսավարող սուբյեկտները մեծամասամբ հաջորդ տարի արտադրում են հենց այդ արտադրանքը, արդյունքում բնական է, որ շուկայական կառուցակարգերով ձևավորվող հաջորդ տարվա գները էապես ցածր են լինելու նախորդ տարվա նկատմամբ՝ պայմանավորված շուկայական առաջարկի բարձր մակարդակով, այլ կերպ ասած՝ ինֆորմացիոն-տեղեկատվական բազան թույլ է:

Մեծ բաց է առկա նաև տեղեկատվական ոլորտում: Չկա տեղեկատվական կենտրոն, և գյուղացիական տնտեսությունները տեղյակ չեն շուկայական միտումներից և չեն կողմնորոշվում՝ ինչ կարելի է արտադրել հաջորդ տարում:

Վարդան Ալեքսանյան

Գյուղացու առջև ծառացած խնդիրներից է նաև պարարտանյութերի ապահովման գործընթացը, քանի որ սպասվող բերքի ծավալն ու նաև որակը էականորեն կախված են պարարտանյութերի ապահովվածության մակարդակից և դրանց ճիշտ ընտրությունից ու կիրառումից: Փորձագետի խոսքով՝ տեղեկատվական բացի հետևանքով գյուղացիները առանց նեղ մասնագիտական խորհրդատվություն ստանալու միշտ չէ, որ օպտիմալ ընտրություն են կատարում և անհարժեշտ քանակությամբ են դրանք օգտագործում, ստացվում է այնպես, որ սխալ և ոչ օպտիմալ քանակություններով պարարտանյութերի կիրառությունը հանգեցնում է բերքատվության մակարդակի էական կրճատման: Ըստ Վարդան Ալեքսանյանի՝ այս տեսանկյունից ոչ միայն պարարտացման խնդիրներն են առաջնային, այլև թունաքիմիկատների ընտրությունն ու դրանց արդյունավետ կիրառությունը: Գաղտնիք չէ, որ թունաքիմիկատներն ունեն բարձր գին, և գյուղացին իր վեջին խնայողություններով, վարկային միջոցներով դրանք ձեռք է բերում, բայց քիչ չեն դեպքերը, երբ սխալ օգտագործման հետևանքով բերքատվության ավելացում ոչ միայն չեն ապահովում, այլև երբեմն լինում է նաև հակառակը՝ արձանագրվում է բերքատվության անկում: Արդյունքում ստացվում է, որ գյուղացին իր սուղ ֆինանսական ռեսուրսներն ուղղում է պարարտանյութերի ու թունաքիմիկատների ձեռքբերմանը և օգուտի փոխարեն վնասներ է կրում, որովհետև թունաքիմիկատների  որակի և, ինչու չէ, նաև գների վերահսկողության ոլորտում նույնպես առկա են բազում խնդիրներ, բացի այդ՝ դրանց նպատակային օգտագործման առումով առկա է համապատասխան ագրոնոմիակական խորհրդատվության լուրջ պակաս:
Ներկա փուլում գյուղատնտեսության ոլորտի զարգացման թիվ մեկ նախապայմանը Գյուղատնտեսության նախարարության վերակազմավորումն է, անհրաժեշտ է էականորեն վերանայել նաև պետական աջակցության ծրագրերը, առաջնայնություն պետք է տրվեն խիստ պահանջված և բարձր արդյունավետություն ապահովող ծրագրերին:

Գյուղատնտեսության զարգացման մյուս կարևորագույն նախադրյալը խորհրդատվական գործուն համակարգի առկայությունն է, որը վերջին ժամանակներս, բառիս բուն իմաստով, փլուզել ենք: Պետությունը հաջողությամբ պետք է լուծի գիտություն-արտադրություն-խորհրդատվություն համագործակցության բարձր մակարդակի ապահովման խնդիրը, որով կստեղծվի կարևոր նախադրյալ ոլորտի կայուն և դինամիկ զարգացման համար: Այս համատեքստում, դժբախտաբար, պետությունը որդեգրել է ճիշտ հակառակ քաղաքականությունը և ելնելով առկա մարտահրավերներից՝ խորհրդատվական համակարգը կատարելագործելու և արդյունավետության բարձրացման խնդիր դնելու փոխարեն կատարյալ պարալիզացրել է խորհրդատվական համակարգ, ինչը նշանակում է, որ մեր երկրում բնավ չի կարևորվում և չի գիտակցվում խորհրդատվական ինստիտուտի դերն ու նշանակությունը: Իսկ խորհրդատուների հաստիքների կրճատման քաղաքականությունն անկասկած իր բացասական ազդեցությունը գյուղատնտեսության զարգացման առումով ունենալու է:

 

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search