Խոտի մեկ հակի գինը՝ կախված որակից և տեսակից, սկսում է 1000 դրամից, առվույտն ավելի թանկ է՝ 1400- 1500 դրամ:


Համայնքի բնակիչ Ջիվան Մանուկյանը Ագրոպրեսի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի ջուր գրեթե չկա, անհրաժեշտ քանակությամբ չեն կարողացել ոռոգել դաշտերը, հետևաբար խոտի ցանկալի արդյունք էլ չեն սպասում:
«Ախուրյանի ջրամբարից ենք օգտվում, բայց այս սեզոնին, նախորդ տարվա համեմատ, ջրամբարը կիսով չափ է լցված: Մտավախություն կա, որ մինչև օգոստոս ջուր չի լինելու: Եթե պետք էր խոտը հնձելուց առաջ մեկ-երկու անգամ ոռոգել, չենք կատարել, քանի որ ոռոգման ջուրն ուշացումով են մատակարարել: Հնարավոր է՝ երկու քաղից հետո այլևս չկարողանանք հնձել»,- ներկայացրեց գյուղացին:
Նրա պնդմամբ՝ խոտի արժեքն այնքան էլ բարձր չէ, եթե հաշվի առնենք կատարած ծախսերը:
Ասում է՝ եթե տարիներ առաջ հեկտարի համար էին ոռոգման ջրի գին վճարում, հիմա լիտր-վայրկյանի դիմաց են գումար գանձում: 2 հեկտար առվույտը 3 անգամ հնձելու համար Ջիվան Մանուկյանը 300 000 դրամ ջրի գումար պետք է վճարի:
«Եթե մեկ-երկու տարի առաջ երկու անգամ ջրելու համար 50 000 դրամ էինք վճարում, այսօր այդ գումարը կրկնապատկվել է: Մեզ մոտ էլ հողն ավազային է և ջուր շատ է պահանջում: Բացի այդ էլ, հողի հարկ ենք տալիս, վարում ենք, ցանում ենք, սերմի փող է, թունաքիմիկատների գումար է, տեխնիկային ենք վճարում: Նույնիսկ թելին ենք փող տալիս, և խոտի ինքնարժեքը բարձր է կազմում»,- նշեց գյուղացին:
Արցախյան 44-օրյա պատերազմն իր «սև» հետքը նաև այստեղ է թողել: Արարատի մարզի Ոստան համայնքի ֆերմեր Հակոբ Խաչատրյանի խոսքով՝ Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան: Հանրապետությունում անասնագլխաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ անասնակերը մեծ պահանջարկ ունի:
Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան: Հանրապետությունում անասնագլխաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ անասնակերը մեծ պահանջարկ ունի
Ոստանցի ֆերմերի հեռախոսն այս օրերին չի լռում, անասնատերերն են զանգում: Հակոբ Խաչատրյանն ամեն օր 20․ 000-50․ 000 հակ խոտի պատվեր է ստանում, սակայն փաստում է՝ այդքան քանակության անասնակեր ապահովել չեն կարող:
Գեղարքունիքում էլ սպասումներ չկան
Նույն պատկերն է նաև Գեղարքունիքի մարզում: Ի տարբերություն Արարատյան դաշտի՝ այստեղ խոտհունձին դեռ մեկ ամիս կա, բայց անասնատերերի սրտները կախ է. խոտը սակավ է: Պատճառը եղանակային պայմաններն են:
«Եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեց, և տեղումներ չեղավ, խոտը քիչ կլինի: Տա Աստված, որ անձրևներ լինեն, այդ դեպքում ցանկալի արդյունք կարող ենք ունենալ: Գարու վիճակն էլ լավ չէ, բարձրացել է 10-15 սմ, և աճը կանգնել է»,- ասաց Երանոս համայնքի ֆերմեր Սաշա Բավեյանը:
Անասնագլխաքանակը կկրճատվի
20 օրից ավել տեղումներ չեն եղել նաև Շիրակի մարզում: Երաշտի պատճառով այստեղ ևս անասնակերը պակաս է: Հոռոմ համայնքի մոտ 150 հեկտար առվույտի և կորնգանի դաշտեր 10 օրից տեխնիկա կմտնի, բայց բերքատվությանը ցուցանիշները բարձր չեն:
Համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 2000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա համայնքում: Այստեղ ապրուստը հոգում են նաև արտագնա աշխատանքի միջոցով: Կորոնավիրուսի պատճառով, սակայն, տղամարդկանց մեծ մասը գյուղում է մնացել, վարկ վերցրել և անասուն գնել: Ինչի հետևանքով համայնքում անասնագլխաքանակն է ավելացել, բայց կարծում են, որ շուտով ստիպված կլինեն հարկադիր մորթի ենթարկել կենդանիներին:
Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը մանրամասնում է՝ անասնակերը նախորդ տարվա համեմատ մոտ երկու անգամ պակաս է: Շիրակում 2020 թվականի 100․ 000 տոննայի փոխարեն մոտ 50․ 000 տոննա անասնակեր կկուտակեն:
Մարզի գլխավոր գյուղատնտեսի կանխատեսմամբ՝ անասնակերի պակասի և բարձր գնի պատճառով անասնագլխաքանակը կկրճատվի:
«Անհրաժեշտ անասնակերի քանակություն չեն կարողանալու հայթայթել, հետևաբար անասունների հարկադիր մորթ տեղի կունենա: Եթե մարդիկ պետք է իրենց անասուններին, օրինակ, եկող գարնանը մորթեին, անասնակերի պատճառով ստիպված կլինեն մինչև ձմեռ վաճառել: Մորթ շատ կլինի, մսի գինն էլ կնվազի, բայց արդեն գարնանը մսեղիքի գինը կտրուկ կբարձրանա»,- նկատեց Մանուկյանը:
Հարկադիր մորթ կլինի
Անասնապահ Նիկոլայ Ղալեչյանն արդեն 2 երինջներին վաճառել է: Դժգոհում է՝ խոտը թանկ է, ի վիճակի չէ բարձր արժեքով անասնակեր կուտակել: Ասում է՝ այս դեպքում անասնապահությամբ զբաղվելն արդեն ձեռնտու չի լինի:
«Հաշվարկել եմ՝ պետք է 300․ 000 դրամի անասնակեր գնեմ, որ կարողանամ ձմռանը երինջներին պահել: Ամեն ինչ թանկանում է՝ բացի գյուղացու արտադրանքից: Խոտի հակը 1500 դրամ է դարձել, բայց մեկ լիտր կաթի գինը 120-150 դրամ է: Միայն իմ չարչարանքն է մնում, եկամուտ չեմ ստանում, նույնիսկ «տակ» եմ տալու»,- բողոքեց նա:
Անուշադրության մատնված
Մեր երկրում անասնակերի խնդիրը դեռ լուծված չէ: «Արմավիրի գյուղատնտեսության աջակցման մարզային» նախկին կենտրոնի փորձագետ, գյուղատնտես Շմավոն Եղիազարյանի համոզմամբ՝ անասնապահությունը զարգացնելու համար պետք է կերային բազա ստեղծվի և իրականացվի կերային մշակաբույսերի արտադրություն: Այս խնդիրը, սակայն, ըստ փորձագետի՝ օրակարգից դուրս է:
Մասնագետի կարծիքով՝ խնդիրը կարող է հեշտությամբ լուծվել, եթե պետությունն աջակցի մասնավորին, մասնավորապես՝ նվազեցնի ոռոգման ջրի գինը:
«Զարգացած երկրներում անասնակերի ինքնարժեքի մեջ ոռոգման ջրի գինը 20 տոկոս է կազմում, իսկ մեզ մոտ՝ շուրջ 70: Պետք է այս հարցը կարգավորել, և անասնակերի խնդիրներն էլ կլուծվեն»,- վստահեցրեց գյուղատնտեսը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան