Այս տարվա մեղրից, սակայն, մեղվաբույծները գոհ չեն: Բերքատվության ցուցանիշը ցածր է:
Բերքատվության նվազման, մեղվի անկման պատճառների, ինչպես նաև ոլորտի խնդիրների շուրջ Ագրոպրեսը զրուցել է «Մեղվաբույծների ազգային միության» նախագահ Արմեն Նազարյանի հետ:
Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյան
- Վերջին երեք տարիների ընթացքում մեղրի բերքատվության ցուցանիշն ընկել է: Այս տարի ևս նույն պատկերն է, մեղրի բերքատվությունը ցածր է: Պատճառները մի քանիսն են. մեղուները սատկեցին, եղանակային ոչ բարենպաստ պայմանները ևս ազդեցին բերքատվության ցուցանիշի վրա: Եղանակային պայմաններն այդքան էլ բարենպաստ չէին մեղվի աշխատանքի համար: Սկզբից՝ գարնանը, խոնավ էր, անձրևները չթողեցին, որ մեղուները պաշար հավաքեն, հետո տաքացավ, չորային եղանակը չորացրեց նեկտարը: Իմ մեղվափեթակները հիմա տեղակայված են Տավուշի մարզի Գոշավանքի տարածքում, 35 տարի է՝ այս տարածքից ենք մեղր ստանում: Սակայն երբևիցե չեմ տեսել, որ այս տարվա պես անտառը չորացած և դեղնած վիճակում լինի, մեղուն չի կարողանում աշխատել: Իրավիճակը միայն Տավուշում չէ այսպիսին: Սևանի ավազանում, Գյումրիում և հանրապետության մյուս տարածքներում ևս չորային է:
Նախնական տվյալներով՝ 150 տոննայի սահմաններում մեղր կստանանք, սա մեր երկրի համար ցածր ցուցանիշ է: Հանրապետության ամբողջ տարածքից 250 տոննա մեղր է հավաքվում, բայց այս տարի, ինչպես նշեցի, մեղրը պակաս է:
Բերքը քիչ է, գինն էլ, հետևաբար, թանկ: Տասը տարի առաջ մեղրը շատ էր, և մարդիկ իրացման խնդիր ունեին: Հիմա բերքի «կռիզիսն» իրացման հարցը լուծելն է: Որակյալ մեղրի կիլոգրամի արժեքը տատանվում է 5000-7000 դրամի սահմաններում: Ինձ թվում է՝ թանկ է, սակայն, երբ անորակ մեղրի գինը դարձել է 4000, հետևաբար, այդ գինն արդարացված է:
Մենք մեղվաբուժության զարգացման լավ նախադրյալներ ունենք: Եթե ոլորտում ներդրում և աջակցություն լինի, հնարավոր կլինի զարգացնել մեղվաբուժությունը:
- Նշեցիք, որ մեղուների անկման դեպքեր են եղել: Մեղվաբույծներն ահազանգում են, որ անկման դեպքեր են գրանցվել Շիրակի մարզում: Ինչո՞ւ են մեղուներն անկել, ո՞րն է պատճառը:
-Հիմնական պատճառն այն է, որ մեղուների անկմանը մեծ խթան են հանդիսանում ոչ մեղվապահական պարարտանյութերը, այսինքն՝ գյուղատնտեսության, այգեգործության մեջ կիրառվող թունաքիմիկատները: Այս տարի նման դեպքեր եղան: Թունաքիմիկատներ են օգտագործվում գյուղատնտեսությունում, մեղուն էլ գնում է նեկտար հավաքելու, որից հետո սատկում է: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է վերահսկի թունաքիմիկատներով բուսատեսակների մշակումը: Նախօրոք պետք է մեղվաբույծներին այդ մասին տեղեկացնեն, որպեսզի նրանք մեղվանոցներն այդ տարածքներից տեղափոխեն:
Գարնանն ինչքան մեղուներ սատկեցին, եղել է հողամասերը թունաքիմիկատներով մշակելու հետևանքով: Չեն զգուշացրել մեղվաբույծներին, երբ իմացել են, արդեն մեղուները վարակված են եղել տվյալ քիմիկատներով: Մի մասին հաջողվել է փրկել իրենց մեղվափեթակները, սակայն նման դեպքերից հետո մեղուն չի կարող նորմալ բերք տալ, որովհետև արդեն թուլացած է: Ստույգ տվյալներ չկան, թե որքան մեղուներ են անկել թունաքիմիկատների օգտագործման հետևանքով: Անկման դեպքերը մասնավորապես շատ են եղել Արարատի մարզում, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրիի շրջանում: Հրազդանից նույնպես ահազանգեր են եղել: Մեղվաբույծները կարծում են, որ անկման դեպքերը բարձրաձայնելով՝ իրենց խնդիրը չի լուծվում, նրանք առաջացած հարցերը սեփական ջանքերով են լուծում:
- Հաշվի առնելով նման դեպքերը՝ վերջին տարիներին նվազե՞լ, թե՞ ավելացել են մեղվափեթակների քանակը:
- Փորձում ենք ավելացնել մեղվափեթակների քանակը, բայց խնդիրներ կան, որոնցից մեկը բուժանյութերն են: Մեղվին բուժանյութեր է անհրաժեշտ, որոնք Հայաստանում չկան, իսկ այդ խնդիրը յուրաքանչյուր մեղվաբույծ ինքն է կարգավորում: Մեղվաբույծները մեղվին անհրաժեշտ կարևոր բուժանյութերը դրսից են բերում: Նրանք չեն վստահում մեր երկրում առկա բուժանյութերի որակին:
Նախարարությունը պետական ծրագրի շրջանակում մի երկու բուժանյութ բաժանում է մեղվաբույծներին, բայց դրանք շատ հեշտ գտնվողներն են:
-Մեր երկրում մեղվաբուծությունը զարգանո՞ւմ է: Մեղվաբույծներին տրամադրվող սուբսիդավորվող վարկերն արդյո՞ք նպաստում են ոլորտի աշխուժացմանը:
- Թեկուզ անտոկոս վարկեր էլ են տրամադրվում, բայց մեղվապահները վախենում են օգտվել դրանցից, քանի որ ոլորտում ֆորս-մաժորային իրավիճակներ հաճախ են պատահում և ռիսկայնությունն էլ բարձր է: Անտոկոս վարկեր են տալիս, բայց ռիսկայնությունը չեն կիսում: Օրինակ՝ նախորդ տարի Տավուշում մի տնտեսություն կորցրեց մեղվափեթակները, բայց պետությունը չաջակցեց: Նման իրավիճակներում պետք է գոնե վարկը երկարաձգեն, մինչև տվյալ տնտեսությունն ուշքի գա: Մեղվաբուծության ոլորտում ապահովագրության համակարգը չի գործում: Մեղվաբուծական տնտեսություններ են եղել, որոնք իրենց մեղվանոցները թողել են և արտագնա աշխատանքի մեկնել: Վարկ են վերցրել և ներդրել մեղվաբուծության մեջ: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքը պակաս է եղել, մեղուներն են անկել, մեղվապահներն էլ չեն կարողացել վարկը մարել, տնտեսությունները փակել և դրսում գումար վաստակելու են գնացել: Ասում են՝ գնանք խոպան, հաստատ փող կբերենք:
Ես մեղվաբուծության ոլորտում զարգացում չեմ տեսնում:
-Ներդրումներ գալի՞ս են մեղվաբուծության ոլորտ:
-Կան բիզնեսմեններ, որոնք ուզում են գյուղատնտեսության այս ճյուղում բիզնես դնել: Սակայն այս գործն ով դնում է, մեկ-երկու տարի անց հրաժարվում է՝ եկամտաբերությունը տեսնելով: Ոլորտը բիզնեսի համար գրավիչ չէ:
Մենք մեղվաբուժության զարգացման լավ նախադրյալներ ունենք: Եթե ոլորտում ներդրում և աջակցություն լինի, հնարավոր կլինի զարգացնել մեղվաբուժությունը: Ռուսաստանի Դաշնությունը հիմա մեծ գումարներ է ներդնում՝ մեղվաբուժությունը զարգացնելու համար: Մենք ևս այս ուղղությամբ պետք է քայլեր կատարենք:
- Պարո՛ն Նազարյան, մեղվապահները միշտ դժգոհել են, որ ոլորտը պետական ուշադրությունից դուրս է: Մեղվապահները ի՞նչ հեղափոխական քայլեր են ակնկալում:
-Մեղվաբույծներն ինքնամփոփ մարդիկ են, սիրում են խոչընդոտները միայնակ հաղթահարել: Դրամաշնորհային ծրագրեր էլ կան, որոնք տրվում են մարդկանց, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ դրանք բաշխվում են ոչ մեղվաբույծներին: Իսկ նրանք ոլորտից չեն հասկանում, և խնդիրներ են ստեղծվում մյուսների համար: Կարևորն այն է, որ քայլեր ձեռնարկվեն մեղուների հիվանդությունների վերահսկման ուղղությամբ:
- Ոլորտում ի՞նչ խնդիրներ կան:
-Հիմնական խնդիրը ոչ անարատ մեղր պատրաստողների մոտ է, նրանք իրացման խնդիր ունեն: Պետք է հասկանան, որ մաքուր մեղր արտադրելու դեպքում ավելի մեծ շանս կունենան: Շուկայում, սակայն, այս հարցը կարգավորման փուլում է, դրան աջակցեցին և՛ ցուցահանդեսները, և՛ տարբեր ցուցադրությունները, ինչի շնորհիվ սպառողն սկսեց ճանաչել մեղվաբույծներին և նրանց արտադրանքը: Այս տարբերակով հարցն արդեն կլուծվի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան