Ֆերմերները տուժել են
Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքում՝ Ազատանում, այս տարի բերքի դեֆիցիտ կա:
Համայնքի հայտնի կարտոֆիլագործ Գևորգ Աբրահամյանը 500-600 դրամով էլիտար կարտոֆիլի սերմ է գնել ու ցանել, բայց սպասումներ չունի: Ֆերմերները խնդրի առաջ են կանգնել ինչպես երաշտի, այնպես էլ Կառնուտի ջրամբարում համապատասխան քանակությամբ ջուր չկուտակվելու պատճառով։
Գառնիկ Գասպարյան
Հրաչ Բերբերյան
«Ես հողամաս էի գնել կարտոֆիլ ցանելու համար, վճարածս գումարը ու դրա վրա արած ծախսերը մոտ 17-18 հազար դոլար են կազմում, ու այսօր փակուղու առաջ եմ կանգնել: Հիմա այդտեղից 170 հազար դրամի ակնկալիք չունեմ», - Ագրոպրեսի հետ զրույցում հաշվարկեց կարտոֆիլագործը:
Գևորգ Աբրահամյանը սպասում է, որ մեկ հեկտար ցանքատարածությունից առավելագույնը 10-20 տոննա կարտոֆիլ կհավաքի: Մինչդեռ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում ֆերմերները հեկտարից 35 տոննա կարտոֆիլ են ստացել:
Ազատանցի ֆերմերն ասում է՝ կարտոֆիլի մշակության չարչարանքը շատ է, անգամ հողից հանելուց հետո էլ աշխատանքը չի ավարտվում, քանի որ պետք է տեսակավորել, հետո պահպանել և այնպես անել, որ բերքը չցրտահարվի կամ չծլի տաքից: Եկամուտը կախված է նաև տվյալ տարում կարտոֆիլի գնից, եթե 70-ից ցածր են վաճառում, արդեն եկամուտ չի բերում: Անցյալ տարի անմիջապես դաշտից կարտոֆիլը կիլոգրամը 60 դրամով են վերավաճառողներին հանձնել: Հետևաբար, նախորդ տարվա համեմատ՝ Ազատանում քիչ են կարտոֆիլ մշակել:
Շուկան հեղեղված է ներկրված կարտոֆիլով
Ազատանցի կարտոֆիլագործի խոսքով՝ այս սեզոնին բերքի ցածր բերքատվության պատճառով կարտոֆիլը թանկ կլինի: Նկատում է՝ արդեն իսկ դրսից՝ մասնավորապես Իրանից, տեղական շուկա կարտոֆիլ են լցրել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեսկզբից մինչև հիմա մի քանի երկրներից ՀՀ կարտոֆիլ է ներկրվում:
Հունվարից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակաշրջանում հանրապետություն հարևան Վրաստանից ներկրվել է 405․860, Իրանից՝ 389․988, ՌԴ-ից՝ 326․665 կգ կարտոֆիլ:
Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանը բացատրում է՝ ներկրումների միջոցով փորձում են կարտոֆիլի գնաճը կասեցնել:
Այս օրերին շուկայում կարտոֆիլի գինը տատանվում է 150-280 դրամի սահմաններում, որն անցյալ տարվա համեմատ երեք անգամ թանկ է:
Նորաշենում երաշտից փրկել են 200 հեկտար կարտոֆիլը՝ ոռոգելով դաշտերը, բայց, միևնույնն է, եղանակային պայմաններից բերքն ապահովագրել չի հաջողվել: Այստեղ կարկուտն է ազդել կարտոֆիլի բերքատվության վրա:
«Կարկուտի հետևանքով կարտոֆիլի բերքը 40 տոկոսով վնասվել է, իսկ գարու և ցորենի արտերը զգալի կորուստներ են ունեցել: Եթե նախորդ տարի մեկ հեկտարից հնձում էինք 2-3 տոննա հացահատիկ, այս տարի՝ 50-100 կգ», - նշեց համայնքի ղեկավարը:
Այս համայնքում էլ են կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել: Անցյալ տարվա չիրացված բերքի օրինակն աչքի առաջ ունենալով՝ գյուղացիները կրճատել են ցանքսը:
«Թունաքիմիկատի ու պարարտանյութի արժեքը բարձր է, ժողովուրդը մի կերպ է գնում: Եկամուտ չեն ստանում․ համարյա զրո-զրո են դուրս գալիս: Տարեցտարի բանվորական ուժն է նաև թանկանում», - շեշտեց Գառնիկ Գասպարյանը:
Մարզի Նորակերտ համայնքում ջրովի հողեր գրեթե չկան, անջրդի տարածքներում են կարտոֆիլ ցանում: Նորակերտի կարտոֆիլագործությամբ զբաղվող բնակիչները փաստում են, որ երաշտի պատճառով իրենց աճեցրած բերքը նույնպես տուժել է:
Մեծ Մասրիկում, որ կարտոֆիլի բերքով հայտնի համայնք է համարվում, կանխատեսումները ևս լավատեսական չեն:
Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի տեղեկացմամբ՝ չնայած բերքը դեռ հողում է, սակայն բարձր ցուցանիշների ակնկալիքներ չունեն:
Մեծ Մասրիկում, որ կարտոֆիլի բերքով հայտնի համայնք է համարվում, կանխատեսումները ևս լավատեսական չեն։
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ՝ այս տարի կարտոֆիլի բերքը շուրջ 40 տոկոսով պակաս կլինի արհեստական երաշտի պատճառով:
Փորձագետի կարծիքով՝ պետական այրերն ամեն ինչ արել են, որ ջրամբարները ջուր չլցվեն: Սակավաջուր տարին զգալի վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը:
«Եթե սխալվում եմ, ներողություն կխնդրեմ, բայց Կառնուտի ջրամբարը 15-16 մլն ջրի փոխարեն 4 մլն է եղել ոռոգման սկզբին: Իմ տեղեկություններով՝ որոշ ՀԷԿ-եր էլ մինչև մայիսի 28-ն էլեկտրաէներգիա են արտադրել այդ ջրամբարների ջրով: Եթե ոռոգման համակարգում ռեֆորմներ իրականացնեն, ջրի խնդիրը կլուծվի»,-ընդգծեց Հրաչ Բերբերյանը:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը նոր է վերադարձել ՌԴ-ից և նշում է, որ բերքատվության խնդիրը միայն մեր երկրում չէ: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ու Իրանում կարտոֆիլը քիչ է:
Միայն մտահոգվում է, որ մեծ քանակությամբ կարտոֆիլ չենք կարողանա արտահանել՝ ինչպես գարնանը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան