Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը գլխատված է. նախկին փոխնախարար

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում առաջին երեք եռամսյակի տվյալներով 1,5 տոկոս անկում է գրանցվել: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ նախարարի՝ գյուղոլորտի անկման ամենակարևոր գործոնը եղել է սննդամթերքի գների բարձր աճը, անկման հետ շատ մեծ կապ ունի նաև ոռոգման համակարգի վատ աշխատանքը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների համաձայն՝ Հայաստանում միայն բուսաբուծության ծավալը նվազել է 2.4 տոկոսով: Անասնաբուծությունը 2020 թվականի համեմատ 2021-ին կրճատվել է 0.4 տոկոսով:

Գյուղոլորտում գրանցված անկման պատճառների, արձանագրված խնդիրների և ոլորտի վերականգնման հարցերի շուրջ Ագրոպրեսը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը գնաճով և ոռոգման համակարգի վատ աշխատանքով է պայմանավորվա՞ծ, թե՞ կան նաև այլ խնդիրներ:

- Ոռոգման ջրի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև գրանցված երաշտը: Հանրապետությունում այս տարի սակավաջուր էր, բայց կառավարման գործում կան նաև շատ լուրջ բացթողումներ: Այդ թերացումները եղել են ոռոգման համակարգի կառավարման հարցում: Եթե հետևողական աշխատանքներ տարվեին, և ջրամբարներում ջուր կուտակվեր, այս դեպքում երաշտը և դրա հետևանքները շատ մեղմ կլինեին: Մենք անցյալում էլ ունեցել ենք ոռոգման ջրի խնդիր, բայց լուրջ քայլեր են ձեռնարկվել և սակավաջուր տարիների ընթացքում լրացուցիչ ջրամատակարարման հնարավորություններ են ստեղծվել:

Երբ խոսում ենք կարտոֆիլի ցածր բերքատվությունից, գարնանը, երբ երաշտ էր, որպեսզի կարտոֆիլի պալարները ծլարձակեին, այդ տարածքներում անպայման պետք էր ծլաջուր տալ, որպեսզի աճը լավ ընթանար, և լավորակ ցանք ստացվեր:

Տեղերում չկային մասնագետներ, խորհրդատվական ծառայություններ նույնպես չկային, որոնց միջոցով պետք է այդ կարևորագույն խորհուրդները տային հողագործներին:


-Փաստորեն, անկումը ոչ ճիշտ կառավարման հետևանքո՞վ է:

-Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը պայմանավորված է նաև ոչ ճիշտ կառավարումից: Գյուղատնտեսությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ խնդիրները մեկ տարվա մեջ չեն ի հայտ գալիս: Այդ խնդիրները մեկ տարվա ընթացքում էլ հնարավոր չէ վերացնել: Գյուղատնտեսության նախարարությունը գլխատվեց, և ոլորտն անուշադրության մատնվեց, որովհետև առանց այն էլ այդտեղ լավ վիճակ չէր: Գյուղատնտեսությունը հիմա գլխատված վիճակում է: Գյուղատնտեսության ենթակա մի շարք ՊՈԱԿ-ներ փակվեցին, մտածում էին, որ այդպես որոշակի խնայողություններ կանեն, բայց արդյունքում շատ մասնագետներ դուրս մնացին: Ես մնում եմ այն կարծիքին, որ չի կարելի այդ կառույցները ոչնչացնել: Համաձայն եմ, որ այդ կառույցները նախկինում բարձր արդյունավետությամբ չեն գործել, բայց դրանք գոնե մասնակի խնդիրներ են լուծել, հիմա վերացրել են, սակայն դրանց գործառույթները որևէ այլ կառույց չի ստանձնում: Անկման գործընթացները շարունակվելու են, քանի դեռ չենք հասկացել, որ այն մեր տնտեսության կարևորագույն ոլորտներից է: Այդ կառույցները փակելով՝ սկսվեց նաև մասնագետների ջարդը: Նկատենք նաև, որ ոչ մի մոտիվացիա չկա, որ երիտասարդ մասնագետներ պատրաստեն: Ագրարային համալսարանի ընդունելության իրավիճակը հենց դրա մասին է վկայում:

-Անկումը մասնավորապես արձանագրվել է բուսաբուծության և անասնապահության ճյուղերում: Որո՞նք են պատճառները:

-Անասնաբուծության ոլորտում չի կարող նվազում չգրանցվել, որովհետև Արցախում մենք տարածքներ կորցրեցինք: Մեր անասնագլխաքանակի մի զգալի մասը հենց հարավային գոտում էր պահվում: Այդ տարածքներում առանց մեծ ծախսերի կազմակերպվում էր անասունների կերակրումը: Զրկվեցինք այդ հնարավորությունից, անասնագլխաքանակի մի զգալի մասն էլ կորցրեցինք: Այս տարվա երաշտային իրավիճակը մեծ ազդեցություն ունեցավ կերային մշակաբույսերի ցանքատարածության վրա, հատկապես խոտհարքերի, արոտավայրերի վրա:

Նշեմ, որ խոզերի գլխաքանակն էլ ավել չէ, Արցախում ահռելի քանակություն կորցրեցինք: Հիմա խոզի մսի գները բավականին բարձր են:

Հասկանալի է, որ պահանջարկից ավելի քիչ կեր կուտակվեց: Այդ կերը չի կարող բավարարել ձմռան ժամանակահատվածում կենդանիների լիարժեք կերակրումը կազմակերպելու համար:

Բուսաբուծության ճյուղում էլ է նույն պատկերը. հացահատիկի, կարտոֆիլի բերքատվության ծավալները նվազել են: Տարբեր տեսակի բանջարեղենի բերքատվությունը ևս ցածր էր, խաղողի արտադրության ծավալն առնվազն 25 տոկսով ցածր էր, քան 2020 թվականի մակարդակն էր: Պտղի արտադրանքի ծավալներն էլ բարձր չեն եղել: Բոլոր ուղղություններով և՛ բուսաբուծության, և՛ անասնապահության ոլորտում անկումը կա:

- Պետությունը փորձում է խրախուսել գյուղացիներին, օրինակ՝ մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրման դեպքում կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից: Արդյո՞ք այս արտոնությունները կնպաստեն ոլորտի զարգացմանը:

-Ցանկությունները շատ լավ են: Խնդիրը տեսնում են, բայց, ցավոք, շատ մակերեսորեն են մոտենում դրանց: Այդ գաղափարների իրականացման հարցում ռոմանտիզմը շատ մեծ է, որովհետև առանց հասկանալու, թե ինչ ասել է ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ինչ է իրենից ներկայացնում կաթիլային ոռոգման համակարգը, ինչպիսի ծախսեր է ենթադրում, ինչ ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն կա․․․Եթե այս ամենը խորությամբ չես պատկերացնում, չգիտես՝ ինչպես այդ ջուրը պետք է հասցնել դաշտերին․․․ եթե այս ամենին չես տիրապետում, այդ ծրագիրը կմնա որպես բարի ցանկություն: Իրականացվելու դեպքում փոքր ծավալներով կլինեն և առաջիկա տարիներին արդյունք չեն տա:

-Իսկ ի՞նչ անել, որպեսզի հաջորդ տարի էլ նույն պատկերը չգրանցվի:

- Գյուղատնտեսության ոլորտում հեղափոխական փոփոխություններ անելը շատ դժվար կլինի: Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ կատարված ներդրումներն անմիջապես արդյունք չեն տալիս: Լավագույն դեպքում արդյունքը 2-3 տարի անց կարող է նկատելի լինել: Պետք է ստեղծել կառավարման համակարգ, ներգրավել փորձառու մասնագետների: Մանր-մունր խնդիրները կարող են լուծվել, իսկ լուրջ քայլերի համար պետք է ագրարային հստակ քաղաքականություն մշակել: Մենք շատ-շատ հետ ենք մնացել մեր հարևան երկրներից, զարգացած պետությունների համեմատ՝ մեզ մոտ կարծես գյուղատնտեսության ոլորտում դեռ նախնադար է: Մեր գյուղատնտեսական աշխատանքները մեծամասամբ ձեռքով են կատարվում, արտադրողականությունը ցածր է: Սարսափելի գնաճ է արձանագրվել. պարարտանյութերի, դիզվառելիքի գները բարձր են, որոնք ևս ազդում են ոլորտում արձանագրված ցուցանիշների վրա:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

 

 

 

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search