Գյուղատնտեսություն

Կարգելվեն ԳՁՕ սերմերը, սածիլներն ու տնկանյութերը

ԳՁՕ բուսասերմերի ներմուծման արգելքը թույլ կտա պահպանել հայկական էնդեմիկ տեսակները
Հայաստանում կարգելվի գենետիկորեն ձևափոխված սերմերի և սածիլների օգտագործումը։ Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նիստում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Այսպիսով՝ Հայաստանում կարգելվի նման սերմերի և տնկիների ներմուծում և ցանկացած օգտագործում։ Արգելքը չի անդրադառնա միայն այս ոլորտում իրականացվող հետազոտություններին։
Պաշտոնական տվյալներ չկան, թե գենետիկորեն ձևափոխված որքան մշակաբույս է ներմուծվել Հայաստան անցնող տարիների ընթացքում, և որտեղ են դրանք կիրառվել կամ բազմացվել։ Խոջոյանը դա բացատրեց մաքսատանը կամ երկրի ներսում դրանց գրանցման պահանջի բացակայությամբ։
Փոխնախարարն այդուհանդերձ նշեց, որ ԳՁՕ սերմերի՝ նույնիսկ փոքր քանակությունը կարող է վտանգավոր ու նույնիսկ անդառնալի հետևանքներ ունենալ ՀՀ բուսական աշխարհի համար։
Ձևափոխված բույսերը կարող են խառնվել վայրի բույսերի հետ և խեղաթյուրել նրանց գենային կոդը:

Նշենք, որ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգվում են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումները, մասնավորապես՝ Հայաստանում արգելվում է ԳՁՕ պարունակող բույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը, օգտագործումը և այլ կերպ գործածումը, բացառությամբ` գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակների համար նախատեսված դեպքերի։ Գիտահետազոտական աշխատանքները կարող են իրականացվել մեկուսացված համակարգերում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների համապատասխան։
    
 Նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ ՀՀ-ն բազմաթիվ էնդեմիկ բույսերի հայրենիք է, և ԳՁՕ պարունակող սերմերի ու տնկանյութերի չկանոնակարգված ներմուծումը և օգտագործումը լուրջ վնաս կհասցնեն կենսաբազմազանությանը՝ սպառնալով տեղական վայրի բուսատեսակների պահպանությանը։

Օրենքի ընդունումը կնպաստի, որ ԳՁՕ-ների գործածության կանոնակարգման միջոցով բացառվի դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ՀՀ-ում ԳՁՕ-ների բույսերի սերմերի և տնկանյութի հայտնաբերման իրավական պահանջ չկա, չեն փորձաքննվում և ռիսկերի գնահատում չի իրականացվում պետության կողմից, սակայն, համաձայն օպերատիվ տեղեկատվության՝ ներկրվում և օգտագործվում են մասնավորապես եգիպտացորենի, լոլիկի, սոյայի ԳՁՕ պարունակող սերմեր։

Հատկանշական է, որ վերջիններիս հնարավոր վնասակար ազդեցությունը պայմանավորված չէ դրանց քանակով, քանի որ մի քանի հատ սերմերն արդեն իսկ կարող են վտանգ ներկայացնել։
    
 Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շրջակա միջավայրի՝ կենսաբանական բազմազանության պահպանության, կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ։
    
Միաժամանակ 2020 թվականից ԵԱՏՄ անդամ-երկրների շրջանակներում մեկնարկել են ԳՁՕ-ների գործածության կանոնակարգման նպատակով իրավական ակտերի մշակման աշխատանքները, որի համաձայն ԵԱՏՄ տարածքում ևս նախատեսվում է արգելել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը՝ բացառությամբ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակների համար նախատեսված դեպքերի։
    
Ինչ է ԳՁՕ-ն
 Ինչ է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմը՝ ԳՁՕ, կամ  գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմը՝ ԳՄՕ, օրգանիզմ են համարվում ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ այն օրգանիզմները, որոնք ստացվել են դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ, բացատրում է  ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:
Այլ կերպ ասած՝ գենետիկ ինժիներիայի շնորհիվ գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը և այն փոխպատվաստել են մեկ այլ տեղ: Գեները կարող են անցնել մի բույսից մեկ ուրիշ բույս, բույսից՝ կենդանի, կամ կենդանուց՝ բույսին:
Նման փոփոխություններ կատարվում են մթերքի տեսակը փոխելու, բերքատվությունն ավելացնելու, տեսքն ավելի կատարյալ դարձնելու, դիմացկունությունը բարձրացնելու և այլնի համար:  ԳՁՕ-ների վրա դժվար թե միջատներ նկատեք:
ԳՁՕ-ի օգնությամբ գիտնականները փորձել են հաղթահարել մարդկանց սովի խնդիրը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը սկսեց զարգանալ 70-ական թվականների վերջերից: Ամենատարածված ԳՁՕ-ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, տարատեսակ մրգեր և բանջարեղեն:
Նրա խոսքով՝ ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։
Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ:
Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների  ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։
 
ԳՁՕ-ն վնասկա՞ր է
Դավիթ Պիպոյանը նշեց, որ արդեն 11 տարի է՝ այս օրինագիծը մշակվում է, մինչդեռ ամբողջ աշխարհում կարգավորվել է ԳՁՕ-ների կիրառումը: Փորձագետի գնահատմամբ՝   օրենքի կիրառումը կունենա դրական ազդեցություն գյուղատնտեսության ոլորտի կարգավորման  համար:
 «Օրենքի անհրաժեշտությունը շատ կարևոր է, որովհետև կոնկրետ իրավական կարգավորումներ կմտցնի, և կհասկանանք՝ արդյո՞ք Հայաստանում զբաղվում են  տրանսգենային գյուղատնտեսությամբ, թե՞ ոչ: Սերմերի, սածիլների, վերահսկողությունը ոչ միշտ է, որ պատշաճ է իրականացվում: Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն գյուղատնտեսության մի քանի ձևեր՝ ավանդական, օրգանական և տրանսգենային: Երկրի համար կարևոր է, թե որ ուղղությունն է  զարգացնում: Հայաստանը սակավահող երկիր է, և մեզ համար  պետք է թիրախային լինի բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը»,- կարևորեց մեր զրուցակիցը:
ԳՁՕ-ների կիրառման վերաբերյալ կարծիքները տարբեր են: Արարատի մարզի Նշավան համայնքի ֆերմեր, մասնագիտությամբ գյուղատնտես Վիկտոր Համբարձումյանը դեմ չէ բերքատվության բարձրացման  նպատակով ԳՁՕ սերմերի ու սածիլների օգտագործմանը: Նկատում է՝ արդյունքները գոհացուցիչ  են,  միայն թե պետք է հետևանքներն ուսումնասիրել: Եթե վնասակարության աստիճանը բարձր է, պետք է միանշանակ արգելվի:
«Անցյալ տարի ՌԴ-ում առաջին անգամ ազնվամորու ծառ աճեցրին. ազնվամորին թուփ է, բայց իրենք ծառ ստեղծեցին, որը 10  կիլոգրամ բերք է տալիս: Դա ևս ԳՁՕ-ների մեթոդով են արել՝ փոխելով արմատային համակարգը: Արդյունքը գերազանց է, ես վատ բան չեմ տեսնում»,- մատնանշեց գյուղատնտեսը:
 Այդուհանդերձ,  մասնագետների պնդմամբ՝  ԳՁՕ բուսասերմերի ներմուծման արգելքը սպասված նախաձեռնություն է:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search