Հայաստանում գյուղտեխնիկայի՝ մոտ 10 տոկոսն արդեն թարմացված է: Ծրագրի իրականացումը Կառավարությունն սկսել է դեռ տարիներ առաջ, գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման նպատակով: Մարզերում անցկացված ուսումնասիրությունը փաստեց, որ երկրում հաշվառված մոտ 26 հազար միավոր գյուղտեխնիկան նորոգելն ու շահագործելն այլևս անիմաստ է: Կառավարությունը որոշեց պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի պարկը թարմացնել 500 միավոր գյուղտեխնիկայով:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ միայն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով տրամադրվել է 502 միավոր տեխնիկա և շուրջ 50 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների մրցունակության բարձրացման ծրագրի շրջանակում, դեկտեմբերի տվյալները դեռ ամփոփված չեն:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շնորհիվ արդեն մի քանի տարի է՝ Կառավարության նախանշած 500 միավորից ավելի են գնում: 2020-ին նույնիսկ 570 միավոր տեխնիկա է ձեռք բերվել: Շահագրգռող պայմանն այն է, որ 14 տոկոսով գյուղտեխնիկա ձեռք բերելու 12 տոկոսը սուբսիդավորվում է պետական միջոցներից:
Ծրագրի օգտվողներից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի ֆերմեր Գևորգ Խաչատրյանն է: Նրա գնած տրակտորի ձայնը չի լռում: Գյուղացիներն էլ նրա դաշտ են շտապում՝ նոր գյուղտեխնիկան տեսնելու: 60-ամյա ֆերմերը, մինչ տեխնիկայի մասին խոսելը, օրհնում է գյուղտեխնիկայի թարմացման ծրագրի հեղինակներին և ասում, որ այն փրկություն է գյուղացու համար:
«Աստված էս ծրագրի հեղինակների բալեն պահի, փրկել է մեզ, փրկություն է»,- Ագրոպրեսի հետ զրույցում հպարտացավ գյուղացին:
Գևորգ Խաչատրյանը գյուղտեխնիկայի ձեռքբերման համար 20% կանխավճար է տվել, տարեկան 2 % տոկոսադրույքը կմարի 6 տարվա ընթացքում:
«Տեխնիկա չլինի, չես կարող գյուղատնտեսությամբ զբաղվես: Ես առանց խոտհնձի չեմ կարա 7 կով պահեմ, հիմա 70-ն եմ պահում: Առաջ 24 տոկոսով վարկ էինք վերցնում, աշխատում, սաղ տալիս բանկին»,- նկատեց ֆերմերը:
Այս ծրագրով վերջին 4 տարում գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 2360 միավորով: Տեխնիկայի՝ մոտ 44 տոկոսը բելառուսական է, 35 տոկոսը՝ չինական, իսկ մնացածը՝ եվրոպական, ամերիկյան ու ռուսական արտադրության:
Հայտերի պակաս չկա
Կառավարությունը սուբսիդավորում է լիզինգի 12 տոկոսը, որպեսզի տնտեսվարողներին հասանելի լինի 2 տոկոսադրույքով: Ծրագիրը նաև արտոնություններ է տալիս. սահմանամերձ բնակավայրերում գործունեություն ծավալող և զինվորական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ հաշմանդամություն ունեցող տնտեսվարողներին սուբսիդավորում է այնպիսի չափաքանակով, որպեսզի լիզինգը հասանելի լինի 0 տոկոսադրույքով:
Նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ գյուղտեխնիկայի թարմացման ծրագրի կանխավճարը 20 տոկոս է, մարման ժամկետը, կախված տեխնիկայի տեսակից, 3-10 տարի:
Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են՝ ծրագրի մեկնարկելուն պես հայտերի պակաս չի զգացվում: Ամենապահանջված տեխնիկայի առաջին հորիզոնականում տրակտորն է: Վերջին շրջանում ինտեսիվ այգիներ են հիմնվում, և այգեգործների կողմից մեծ պահանջարկ են վայելում նաև հողաֆրեզները և այգին մշակելու համար անհրաժեշտ այլ տեխնիկաներ:
Անմշակ հող չի մնա
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը սպասված է, ընդգծում է «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը: Ասում է՝ տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ մեր երկրում գյուղտեխնիկայի պակաս կա, ինչն ազդում է ոլորտի զարգացման վրա: Հիմա ուրախ է, որ ասածը տեղ է հասել:
Փորձագետի համոզմամբ՝ նախևառաջ պետք է լուծվի հենց գյուղտեխնիկայի հարցը, որպեսզի խոպան հողերը մշակվեն:
«Մեր հարևան Վրաստանն ունի լավագույն գյուղտեխնիկան, իսկ մեր գյուղերում նախկին սովետական գյուղմեքենաներն ու գործիքներն են՝ հնամաշ, հալից ընկած: Այդ գյուղատնտեսական մեքենաների ժամկետները վաղուց անցած են: Կոմբայն կա, որ աշխատելուց մասերը թափվում են»,- նշեց նա:
Սեդրակյանի խոսքով՝ սակավահող երկրում ենք ապրում, և ամեն թիզ հողը պետք է մշակվի:
«Լավ մեքենաներ գոյություն ունեն, որոնք քարքարոտ տարածքներն աղում ու փռում են, և հետագայում այն կարող ենք որպես վարելահող օգտագործել: Պետք է գյուղացուն ջուր և գյուղտեխնիկա տալ, ինչպես նաև ֆինանսներ ներդնել հողերը մշակելի դարձնելու նպատակով և ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ անել»,-եզրափակեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:
Ի դեպ, ֆերմերների կողմից պահանջված լիզինգով գյուղտեխնիկայի ծրագիրն այս տարի ևս կշարունակվի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
Փրկություն գյուղացու համար
