Հողերի միավորման ծրագիրը միանշանակ չի ընդունվում
Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում գյուղացիները երկու մասին են բաժանվել. պատճառը գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) ծրագիրն է:
Հայթաղը մեկն է այն չորս բնակավայրերից, որտեղ պետք է հողերի միավորման փորձնական ծրագիրն իրականացվի: Այստեղ անմշակ հող ունեցողների մի մասը կողմ է ծրագրին, մյուսները մերժում են:
«Ամեն մեկն իր կարծիքն ունի՝ իր սուբյեկտիվ մոտեցումը, մարդիկ կան հողը վաճառում են, մյուսները չեն վաճառում: Շատերը չեն հասկանում՝ ինչ ծրագիր է, պետք է բացատրել, թե ինչ է դա տալու մեզ»,– Ագրոպրես-ի հետ զրույցում ասաց հայթաղցի Բաբկեն Կարապետյանը:
Հողերի միավորման փորձնական ծրագիրն իրականացվելու է մինչև հուլիսի 3-րդ տասնօրյակը ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Հայթաղ, Մայիսյան և Նորակերտ բնակավայրերում։
Հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրն առաջինն այս գյուղերում է իրականացվում, քանի որ չօգտագործվող հողերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բաղրամյան բնակավայրում, որը կազմում է գյուղատնտեսական նշանակության հողերի 73 %-ը: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Նորակերտ բնակավայրում։ Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում չօգտագործվող հողերի ցուցանիշը շուրջ 25 % է։
Գործադիրն արդեն հավանություն է տվել ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագիրը հաստատելու մասին որոշմանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի զեկուցմամբ՝ որոշման նպատակն է 2023-2025թթ. պետական աջակցության միջոցով հողերի միավորմամբ խթանել արտադրողականության բարձրացումը և ինքնարժեքի իջեցումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, հողերի նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալի ավելացումը։
Վահան Քերոբյանը, ներկայացնելով խնդիրը, հայտնել էր, որ 90-ականների մասնավորեցման արդյունքում այսօր 320 գյուղացիական տնտեսություն ունի 1 մլն 100 հազար հողակտոր։ Միջին գյուղացիական տնտեսությունն ունի միջինը 4 կտորից բաղկացած շուրջ 1.5 հա ընդհանուր հողատարածք։
«Բնականաբար, տեսնում ենք, որ գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է դրսևորում, և մարդիկ նույնիսկ չեն էլ մշակում իրենց հողակտորները»,– ասել էր գյուղոլորտի պատասխանատուն:
Ինչ սպասել գյուղատնտեսական հողերի միավորման աջակցության ծրագրից
Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով նախարարությունն առաջարկում է միավորել գյուղատնտեսական հողերը։ Իսկ որպեսզի գյուղացիական տնտեսությունները շահագրգիռ լինեն ծրագրի իրականացմամբ, կառավարությունն առաջարկում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և դրանցում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար փոխհատուցել այդ աշխատանքների ծախսերի 50%-ը, բայց առավելագույնը մինչև 200 հա մակերեսով միավորված հողերի համար։
«Մեկ հեկտարի վրա կատարված ծախսը, մեր հաշվարկով, կազմում է 2 մլն 260 հազար դրամ, այսինքն` 1 հեկտարի հաշվարկով մենք պատրաստ ենք սուբսիդավորել կամ փոխհատուցել կատարված ծախսի 50 տոկոսը»,– հայտարարել էր Քերոբյանը` հավելելով, որ այդ ծախսի մեջ դիտարկվում են ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրումը, ջրավազանների կառուցումը։
Բացի այդ, ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, արտադրանքի ավելացմանն ու ծախսերի կրճատմանը։
Նախարարությունը որպես հիմնավորում կարտոֆիլի օրինակով հետևյալ հաշվարկն է ներկայացրել. ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2021թ․ կարտոֆիլի 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 21․2 տ, դրանց միջին հողակտորը կազմում է 1․1 հա։ Իսկ եթե կարտոֆիլը մշակվում է 50 հա և ավելի հողակտորների վրա, ստացվում է միջինը 35 տ բերք։ Բանն այն է, որ խոշոր հողատարածքներում կարտոֆիլը մաշկում են բարձրորակ սերմերով ու ժամանակակից մեթոդներով։
Էկոնոմիկայի նախարարի տվյալով` Հայաստանում այսօր մշակվում է վարելահողերի 50 տոկոսը, մնացած 50–ը կա՛մ լքված են, կա՛մ չեն մշակվում։ Հողերի չմշակման պատճառներից մեկն էլ ոռոգման ջրի բացակայությունն է:
Նորակերտում շուրջ 1400 հեկտար հողի ուղիղ կեսն է մշակվում՝ 700 հա-ն, մնացածը խոպան են մնացել ոռոգման ջրի բացակայության պատճառով: Ի տարբերություն Հայթաղի՝ այստեղ հողերի միավորման ծրագիրը մեծ խանդավառությամբ է ընդունվել, ուրախ են, որ վերջապես անջրդի հողերը կարող են մշակվել: Նորակերտցիները ծրագիրը նպատակային են համարում:
Նորակերտի վարչական ղեկավար Գայանե Գարսևանյանն ասում է՝ ծրագրի մեկնարկից հետո գյուղապետարանում հերթեր են, գյուղացիները տարիներով չվճարված հողի հարկն են վճարում, որ հողերի միավորումը կյանքի կոչվի:
«Այդ հողերը հնարավոր չէ մշակել, գյուղում տեխնիկա չկա, ջուր չկա, հողերը գյուղից հեռու են գտնվում: Եթե Էկոնոմիկայի նախարարությունը մեզ օգնում է, ուրեմն գյուղը կկանաչապատվի, ինչպես տարիներ առաջ էր: Մեր հողերը կարող են օգտագործվել նաև որպես պահոցներ, չորանոցներ, որոնք այսօր ընդունված են: Մեր գյուղն աղքատ է, կարծում եմ, հողերը կմիավորվեն, և ինչ-որ մի ընդհանուր բան կստեղծվի, աշխատատեղերի հարցը կլուծվի»,–հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Գյուղացիները կասկածներ ունեն
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն արդեն եղել են Մայիսյանում, զրուցել շահառուների հետ, բացատրել ծրագրի լավ ու վատ կողմերը՝ հողը վաճառե՞լն է ճիշտ, թե՞ միավորելը: Մայիսյանում, սակայն, հողերի միավորման ծրագիրը միանշանակ չի ընդունվում:
«Գյուղացիների մոտ կասկածամտություն կա, չեն կարողանոմ պատկերացնել, թե դա իրենց ինչ կտա, մարդիկ վախեցած հայացքներով նայում են: Շատերը դեմ են, որ հողերը վաճառեն: Լավ չեն պատկերացնում, որ հողերի կոնսոլիդացիան կարող է շահաբեր լինել իրենց համար»,– տեղեկացրեց վարչական ղեկավար Գրիշա Արշակյանը:
Հողերի միավորման ծրագիրը կարևորում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կառավարության նիստում, խոսելով ծրագրի կարևորության մասին, ասել էր. «Գյուղատնտեսական նշանակության հողերի կտրտվածությունն այսօր ամենամեծ խնդիրներից է, եթե չասենք առանցքային, անկյունաքարային խնդիրը, որ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանում Կառավարության տրամադրության ներքո 50, 100 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող առնվազն կա՛մ չկա, կա՛մ շատ քիչ է, և, հետևաբար, մենք ուղղորդում ենք, ասում ենք՝ գնացեք, սեփականատերերի հետ բանակցեք: Այս ընթացքում ի՞նչ խնդիր է առաջանում, որ ենթադրենք 100 հա հող ձեռք բերելու համար պետք է բանակցել 900 սեփականատիրոջ հետ, որոնց մի մասի գտնվելու վայրն անհայտ է, մի մասը, ցավոք, մահացել է, բայց նրանց ժառանգության իրավունքները և այլն ձևակերպված չեն: Գործնականում մարդիկ մտնում են փակուղի և հրաժարվում են ներդրումային ծրագրերից: Մենք փորձում ենք ստեղծել մոտիվացիա, որ նրանք, այսպես ասած, չհուսահատվեն այդ ճանապարհին, շարունակեն և փորձեն իրենց ներդրումային ծրագրերն իրականացնել»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է խոշորացնենք հողակտորները, որպեսզի նաև խոշոր ներդրում անելու հնարավորություն լինի:
Պետությունը հաշվարկել է, որ ծրագրի իրականացման արդյունքում 2023 թվականին կմիավորվի շուրջ 1000 հա, 2024 թվականին` 1500, իսկ 2025 թվականին` շուրջ 2000 հա հողատարածք։
Նախագծի իրականացման արժեքը կկազմի` 2023–ին` մինչև 1․38 մլրդ դրամ, 2024–ին` 2.07 մլրդ, 2025–ին՝ մինչև 2.76 մլրդ դրամ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան