Գյուղատնտեսություն

Բագարան և Երվանդաշատ գյուղերում նուշի ինտենսիվ այգիներ կհիմնվեն

Հերթական աջակցությունն՝ ինտենսիվ այգեգործությանը
Կառավարությունը հավանություն տվեց «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին, որով Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերի 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսություն կհիմնվի:
ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով ծրագիրը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ դեռևս 2022-ի օգոստոսին Կառավարությունն ընդունել էր որոշում «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագիրը հաստատելու մասին, որի համաձայն՝ այն ներդրողները, որոնք իրենց ներդրումներն անելուց կարիք կունենան որոշակի ենթակառուցվածքների, կկարողանան այդ ենթակառուցվածքային օժանդակությունը ստանալ Կառավարությունից, եթե պայմաններին կհամապատասխանեն:
«Այսօր երկու ծրագիր ենք հաստատում: Դրանցից մեկը «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրն է, որով Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերում 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսություն է հիմնվում: Դա 257,4 մլն դրամի ենթակառուցվածքային օժանդակության ծրագիրն է, որի ներքո Կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ և պոմպակայան: Այս ծրագրի 1-ին փուլի արժեքը 3,1 մլրդ դրամ է: Նախատեսվում է առաջին 300 հա-ի ներդրումը կատարել: Բնականաբար, որոշ ժամանակ անց ընկերությունը կներկայացնի 1788 հա-ի ներդրումները»,- մանրամասնել էր  նախարարը:
Նա միաժամանակ ներկայացրել էր մյուս ծրագիրը, որով նախատեսվում է «Ագրոպրո» ընկերության կողմից Արագածոտնի մարզում 90 հա հողատարածքի վրա ինտենսիվ այգի հիմնել: Այս ծրագրով պետությունը 1,5 կմ ճանապարհի ասֆալտապատման օժանդակություն է տրամադրում, ինչպես նաև՝ ապահովելու է ինտերնետ կապի, բջջային կապի, ոռոգման ջրագծի, խմելու ջրագծի, էլեկտրամատակարարման տրամադրումը: Ծրագրի արժեքն է 383,1 մլն դրամ:
 
Մեգագյուղատնտեսություն՝ Արմավիրի մարզում

Այս ծրագրով էլ նուշի այգիների հիմնման արդյունքում առաջին փուլում 1.5 մլրդ դրամի ներդրում կարվի, իսկ հաջորդ փուլերի ընթացքում՝ ևս 500 մլն  դրամ  կներդրվի։
Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 15 հիմնական և 20 սեզոնային աշխատատեղեր։ Ծրագրի իրականացման հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնական և 40 սեզոնային աշխատողի՝ նպաստելով համայնքների զարգացմանը և զբաղվածության ապահովմանը։
Այս ծրագրերի մրցակցային առավելությունն այն է, որ նուշի լայնածավալ այգիներ մեր հանրապետությունում գրեթե առկա չեն, իսկ այս ներդրումները կմեծացնեն այգիների բերքատվությունը, որն էլ իր հերթի կնպաստի տնտեսության զարգացմանը և արտահանման ծավալների ընդլայնմանը։
Հարկ է նկատել, որ վերջին տարիներին մեր երկրում մեծացել է հետաքրքրությունն ինտենսիվ այգիների նկատմամբ, լայն թափով նաև նուշի այգիներ են հիմնվում:
Միայն վերջերս 30 միլիոն դոլարի ներդրում է կատարվել՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի՝ տարիներով ամայի մնացած 1100 հեկտար հողերում նուշ մշակելու համար: Այն սովորական այգեգործություն չէ, այլ մեգագյուղատնտեսություն։ Քարերից մաքրված Բաղրամյանի ամայի հողերում նախատեսում են 500 հազար նշենի տնկել:
 Մարզի Վանանդ գյուղում էլ 360 հեկտարի վրա է հիմնվել նուշի այգի: Նիկոլ Փաշինյանն էլ մարզ կատարած այցի ժամանակ ծանոթացել էլ մասնավոր հատվածի կողմից կառուցվող նուշի այգուն: Պետությունն իր հերթին է աջակցում ինտենսիվ այգեգործությանը:

Քանի՞ հեկտար նուշի այգի կա հանրապետությունում

Էկոնոմիկայի նախարարությունից Ագրոպրեսին տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության»  և «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագրերի շրջանակներում 2023 թվականի հունիսի դրությամբ հիմնվել են շուրջ 260 հա նուշի ինտենսիվ այգիներ։
 Միաժամանակ հայտնում են, որ  «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագրի շրջանակներում ներկայումս շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում մշակվող պտղատեսակների, այդ թվում՝ նուշի ինտենսիվ այգիների հիմնման նպատակով հայտերի ներկայացումը։

Նուշի մշակությունը հեռանկարային է դառնում

Իսկ ինչո՞ւ մեր երկրում նուշի մշակությունը չի զարգացել: Գյուղատնտսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ նշենու արտադրությունը չի զարգացել այն պարզ պատճառով, որ վաղ գարնանային ցրտահարությունից այս պտղատեսակը տուժել է և չի զարգացել:
Հիմա, ըստ գյուղատնտեսի, նշենու զարգացումը հեռանկարային է, քանի որ ներկրվում են տեսակներ, որոնք ուշ են ծաղկում, և հնարավոր է՝ լավ աճեն:
Փորձագետը նկատում է, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում նշենու,  ընկուզենու, ինչպես նաև պիստակենու այգիներ են հիմնվում, որոնք մեծ պահանջարկ ունեն:
«Սրանք արագ փչացող ապրանքատեսակներ չեն, նման չեն ծիրանին, դեղձենուն և մյուս պտուղներին, ուստի իրացման խնդրի չեն բախվում: Անկասկած, հեռանկարային է նշենու մշակությունը: Հատկապես վերջին տարիներին այդպիսի այգիներ են հիմնվում այն հողատարածքների վրա, որոնք տարիներով չեն մշակվել»,- կարևորեց նախկին պաշտոնյան:
 Սակայն մասնագետը մեկ վերապահում ունի.  ասում է՝ պետական աջակցությունը խոշոր գործարարներին, որոնք ինտենսիվ այգիներ են հիմնում,  այնքան էլ հասկանալի չէ, քանի որ նրանք գումար ունեն և բիզնես են զարգացնում: Մինչդեռ,  Գառնիկ Պետրոսյանի խոսքով, աջակցության կարիք  այսօր ավելի շատ ունեն փոքր և միջին տնտեսությունները, որոնց մեջքին պետք է կանգնի պետությունը և օգնի իրացման հարցում, որպեսզի վնասներ չկրեն, ինչպես այս տարի տուժեցին ծիրան, ցորեն և կարտոֆիլ մշակողները:


Հեղինակ՝  Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search