Ձմռան կեսին Արարատի մարզի Նշավան համայնքի ֆերմեր Վիկտոր Համբարձումյանն այգուց դուրս չի գալիս, գործը եռում է. ծառերի շուրջ ակոսներ է անում, հողը փխրեցնում, շուտով կսկսի նաև էտել:
Շուրջ 2 հա տարածքի վրա տարիներ շարունակ դեղձ, ծիրան ու սալոր մշակող ֆերմերի ամեն օրվա միտքն է՝ գոնե նորմալ ձմեռ անի, ձյուն գա։
Անձյուն ձմեռը մտահոգում է Արարատյան դաշտի գյուղատնտեսին, բայց չի շտապում վատը մտածել: Նշավանցի ֆերմերը հիշեցրեց, որ վերջին մի քանի տարիներին ձմռանը գրեթե նույն եղանակային պայմաններն են, տեղումների քանակը զգալի պակաս է: Նրա դիտարկմամբ, սակայն, այս հունվարը տարբերվում է նախորդներից:
«Աննախադեպ է այս տարվա հունվարը, սովորաբար նման եղանակային պայմաններ փետրվարին է գրանցվում, բայց վտանգ դեռ չկա: Նայում եմ ծառերին դեռ բողբոջներ այդպես չկան, արտահայտիչ չեն, ջուր չկա մեջը»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց գյուղացին:
Ինչ հետևանքներ կունենա տաք ձմեռը
Արմավիրի մարզի ֆերմեր Գարիկ Կիրակոսյանն էլ ասում է՝ գյուղացու մի աչքը երկնքին է նայում՝ ձյուն ու անձրև սպասում, մյուսն էլ ծառին, որ տաք եղանակից արդեն սկսել է բողբոջերն ուռչել, վեգետացիոն շրջանում է, բայց այն փետրվար-մարտին պիտի լիներ․դա էլ այս սեզոնի համար նորմալ չէ:
«Եթե հետո ցուրտ եղավ, ընդհանրապես բերք չենք քաղելու։ Մարդ էլ կա ցորեն է ցանել, 5-10 սմ ծլել է, ոչ ձյուն կա վրան, ոչ բան՝ եթե ցուրտ անի կցրտահարվի»,-նեղսրտեց նա:
Հողագործի խոսքով՝ անցած տարի էլ գրեթե նույն վիճակն էր՝ տաք ձմեռվա առումով, գյուղացին էլի մտահոգ էր ու վախն արդարացված էր։ Իր հաշվարկով, եթե հանկարծ մարտին ցրտահարություն եղավ, 160 տոննա բերք չի քաղի, անցած տարի էլ այդպես եղավ ու1000 դրամի եկամուտ էլ չստացավ իր աշխատանքից:
«Աստված չանի, եթե երկու տարի իրար վրա նույն բանը լինի, լավ բան չի ստացվի հաստատ, ժողովուրդն արդեն ոնց որ հույսով սպասում է, որ այս տարի լավ կլինի, բայց ոնց նայում ենք լավ բան չկա։ Քանի տարին տաք է, ձյուն չկա, ցրտահարության վտանգ կա»,- անհանգստացավ մեր զրուցակիցը:
Դեռ անհանգստանալու առիթ չկա
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հողագործի այս օրերի մտահոգությունն ու դրա արդարացիությունը լավ գիտի, բայց հանգստացնում է գյուղացիներին՝ անհանգստանալու առիթ դեռ չկա: Փորձագետը մատնանշեց, որ վերջին տարիներին Հայաստանում շատ մեղմ ձմեռներ են գրանցվում, բայց այս տարի դրան գումարվեց, կարելի է, ասել ձյան տեսքով տեղումների բացակայությունը՝ հատկապես Արարատյան դաշտում:
Գառնիկ Պետրոսյանը, սակայն, դեռ վաղ է համարում տաք ձմեռվա ազդեցության վերաբերյալ միանշանակ կանխատեսումներ անել՝ առջևում փետրվար ու մարտ էլ կա, գուցե առատ տեղումներ լինեն: Պետրոսյանի դիտարկմամբ՝ այս պահին պատկերը փոքրիշատե հստակ է:
«Այս պահի դրությամբ Արարատյան դաշտում կորուստներ գրեթե չեն գրանցվել: Տարբեր մարզերում գործընկերներիս հետ կապի մեջ եմ, որևէ խնդիր չկա: Պտղատու այգիները նույնպես որևէ վնասվածություն չեն կրել և չէին էլ կարող կրել գրանցված ջերմաստիճանների պայմաններում։ Բոլոր մարզերում ցորենի ցանքսի վիճակը նորմալ է, առայժ խնդիրներ չկան:Ամեն ինչ կախված է փետրվարից, եթե տաք եղավ, ռիսկեր կլինեն»,- հավելեց գյուղոլորտի նախկին պաշտոնյան:
Նա շեշտեց, եթե փետրվարին էլ նորմայից բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, ապա պտղատու ծառատեսակները, հատկապես ծիրանենին վաղ է ծաղկում՝ անգամ մարտի կեսերին և դա շատ հաճախ վտանգում է բերքը, ուստի, ցրտահարության ռիսկը մեծ է:
«Մարտին գրանցվող ցածր ջերմաստիճանները վնաս են ներկայացնում պտղատու ծառերի համար, ապրիլի ցրտահարությունները՝ խաղողի այգիների և կարտոֆիլի ցանքերի համար: Բայց եթե փետրվար ամսին ցածր ջերմաստիճան գրանցվի, լինեն տեղումներ, անգամ՝ մարտի առաջին տասնօրյակին շարունակվի ցածր ջերմաստիճանային ռեժիմը, ապա դա հուսալի նախադրյալներ կարող է ստեղծել, որ ծառերի ծաղկումը կուշանա և հնարավոր կլինի խուսափել ուշ գարնանային ցրտահարություններից և իրավիճակը հուսադրող կլինի»,- ընդգծեց նա:
Կիսադատարակ ջրամբարներ
Անձյուն ձմռան բացասական հետևանքներն այս պահին ջրամաբարներն են կրում: Գառնիկ Պետրոսյանի գնահատմամբ՝ մտահոգիչ է ջրամբարների վիճակը:
«Հասկանալի է, որ քիչ տեղումների հետևանքով ջրամբարներում սակավաջրություն է, իսկ տաք եղանակային պայմաններում էլ ինտենսիվ գոլորշիացում է տեղի ունենում, ոռոգման շրջանում հնարավոր է ջրի խնդիրը սուղ լինի»,- հավելեց նա՝ հույս հայտնելով, եթե կանխատեսումներն իրականանան, ջրամբարներում կհաջողվի որոշակի պաշար կուտակել։
Ջրամբարների լցվածության վերաբերյալ պաշտոնական տվյալները, սակայն, փոքր -ինչ հուսադրող են:
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոնի տվյալների՝ հունվարի 16-ի դրությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39.2 մլն, Ազատի ջրամբարում 0.61 մլն, Մարմարիկում 0.52 մլն լիտր ծավալով ավելի է, միայն Ապարանի ջրամբարում է 0.34 մլն լիտրով պակաս:
Այդուհանդերձ, ֆերմերները լիահույս են, որ ձմեռը դեռ տեղումներ կբերի, և իրենք չեն զրկվի տարվա ապրուստը վաստակելու հնարավորությունից:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան