Արմավիրի մարզի Արգինա բնակավայրի այգեգործ Ռոստամ Արոյանի սրտից արյուն է կաթում. որդին ծիրանի այգում է եղել և իրեն զանգով տեղեկացրել, որ մայիսի 4-ին տեղացած կարկուտը ծիրանի բերքը վնասել է:
Այգեգործության միջոցով ընտանիքի ապրուստը վաստակող ֆերմերն Ագրոպրեսի հետ զրույցում նեղսրտեց, որ այս տարի իր եկամուտը կասկածի տակ է՝ առանց այն էլ ծիրանի բարձր բերք չէր սպասվում: Արգինայում շուրջ 270 հեկտար ծիրանի այգի կա, բայց նրա խոսքով, այգեգործներն առատ բերքի սպասումներ չունեն:
«Բերքը թույլ է: Եղանակային պայմաններն անբարենպաստ էին այս տարվա ծիրանի բերքի համար, ծաղկման շրջանում անձրևներ տեղացին, փոշոտումը լավ չեղավ: Հիմա էլ կարկուտ: Ճիշտ է կարկուտը տեղ- տեղ է եկել, գյուղի մի հատվածն է տուժել, այնուամենայնիվ այն ազդելու է բերքատվության ցուցանիշների վրա»,- արձանագրեց գյուղացին:
Ռոստամ Արոյանը վստահաբար հայտարարում է, որ այս տարի իրենք այգեգործության միջոցով գումար չեն կարողանալու աշխատել, հակակարկտային կայանքներ էլ չեն կրակել, իսկ կառավարությունն այս սեզոնին ծիրանն և խաղողը կարկուտից ապահովագրում չի անի:
«Անցյալ տարի եղել են մարդիկ, ովքեր ծիրանն ապահովագրել են, բոլորն էլ օգտվել են, իսկ հիմա տուժեցին, մարդիկ անելաանելի վիճակում են հայտնվելու, սաղ բանկրոտ կմնան, չեն կարողանալու վարկերը փակեն, ինչպես միշտ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Սրանով հո չվերջացավ: Մեր գյուղը Թուրքիային սահմանակից է և այդ կողմերից կարկտաբբեր ամպեր են անցնում մեզ մոտ»,- դժգոհեց Արգինայի բնակիչը:
3,5 հեկտարից սեզոնին Ռոստամ Արոյանը կարողանում է բարձր եկամուտ ստանալ, եթե եղանակը գյուղացու օգտին է լինում: Հիշում է՝ եղել է տարի, երբ 30 տոննա ծիրան է քաղել և վերամշակման հանձնել:
«Ծիրանի մեկ կիլոգրամը սեզոնին 40 դրամով է մթերվում, իսկ դա իր ծախսը չի փակում: Իսկ, եթե ծիրանը բերքը կարկուտից չի տուժում և 400 դրամով արտահանվում է, արդեն շահույթ ենք ունենում: Ծիրանը եկամտաբեր է, եթե նորմալ բերք է լինում և գինն էլ՝ բարձր»,- նշեց նա:
Կարկտահարություն՝ 20 գյուղում
Չնայած վաղ գարնանային ցրտահարությանն ու մայիսյան կարկտահարությանը՝ ծիրանի վատ բերքատվության ցուցանիշ չի սպասվում՝ վստահեցրեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
Մարզի գլխավոր գյուղատնտես պնդմամբ՝ ցրտահարությանն ու կարկուտը բերքին էական վնասներ չեն հասցրել: Այվազյանի խոսքով՝ մարզի 20 համայնքում կարկուտ է եկել, բայց 5-ում է զգալի կորուստներ եղել:
Ըստ նրա՝ ծիրանի միջին բերք են սպասում, մոտ 45 հազար տոննա, նախորդ տարվա ցուցանիշին մոտ:
Մայիսի 4-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքի մի մասում, Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ, Արգինա և Նոր Արտագերս բնակավայրերում ուժեղ անձև, այնուհետև կարկուտ է տեղացել: Գյուղացիներն ասում են, որ կարկուտի ընթացքում հակակարկտային կայանքները չեն գործել, կայանքների կրակոցները լսվել են ավելի ուշ, երբ կակրուտը դադարել էր։ Ի՞նչն է եղել հակակարկտային կայանքների գործարկման ուշացման պատճառը, գյուղացիները չգիտեն։ Արդյո՞ք կարկուտից տուժել են գյուղացիական տնտեսությունները և ո՞րքան կկազմի հասցված վնասը պտղատու ծառերին և ցանքատարածություններին։ Հողագործները նշում են, որ չնայած անզեն աչքով երևում է, բայց ավելի պարզ կդառնա մեկ-երկու օրվա ընթացքում, երբ եղանակը տաքանա, այդ ժամանակ վնասվածքները թե՞ պտղի, թե՞ բույսի վրա ավելի հստակ կերևա:
«Ժողովուրդը պետք է բուժումներ անեն, որ կարողանան բերքի ապրանքային տեսքը պահպանեն, խոնավության դեմ էլ պետք է բուժումներ անեն, լրացուցիչ ծախսերի տակ են ընկնում մարդիկ»,- հավելեց գյուղատնտեսության վարչության պետը:
Բերքը թույլ է
Ծիրանի բերքով հայտնի Արարատի մարզի Արմաշում էլ առատ ծիրանի ակնկալիքներ չունեն: Բնակիչներ հույս են հայտնում, եթե եղած բերքն էլ կակուտի բաժին չդառնա, էլի գոհ կլինեն:
«Ընթացքը ցույց կտա, միջին բերք կլինի թե՝ ոնց: Հիմա ո՛չ ատ է, ո՛չ քիչ: Փոշոտումը լավ չի եղել, ցոգոլը թափվում է, հիմա այդ բնական կորուստ ենք ունենում»,- ընդգծեց վարչական ղեկավար Հայկ Հակոբյանը:
Գրեթե նույն պատկերն է մարզի մյուս համայնքներում, այգեգործները բողոքում են, որ ծիրանը պակաս է լինելու:
Ինչքա՞ն կարժենա ծիրանը
Ազգաբնակչություն ծիրան կուտի, 50 000-60 000 տոննա բերք կունենանք՝ իր կանխատեսումները ներկայացրեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա մատնանշեց՝ սպասված քանակից 20 հազար տոննան ներքին սպառան համար է և լիահույս է, որ մոտ այդքանն էլ կարտահանվի, մնացածն էլ վերամշակման ենթակա կլինի:
Փորձագետի դիտարկմամբ՝ եղանակային պայմաններն են ազդելի բերքի վրա, օրինակ, Աշտարակի գոտում փոշոտում լավ չի եղել, սակայն վիճակը համեմատաբար ավելի լավ է Արարատյան հարթավայրում:
Ի դեպ, անկախ սպասվող բերքից, այգեգործերի մտավախությունն արտահանումն է, ասում են՝ հանկարծ ռուսական կողմը խոչընդոտներ չստեղծի՝ Լարսը փակելով:
Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ Լարսի փակ լինելուց է կախված տեղական շուկայում ծիրանի գինը, եթե արտահանում եղավ, ծիրանի մեկ կիլոգրամը արժեքը կտատանվի 300-400 դրամի սահմաններում, հակառակ դեպքում 100-150 դրամով քաղաքացին ծիրան կգնի:
Իսկ, թե ինչպես կլինի ծիրանի արտահանման գործընթացը, «Ագրարագյուղացիական միավորման» նախագահը դժավարանում է պատասխանել: Նրա համոզմամբ՝ ամեն ինչ կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, իսկ այն անկանխատեսել է:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան