Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական համատարած հաշվառում աշնանը

Գյուղատնտեսական ոլորտի իրական պատկերը ստանալու նպատակով հոկտեմբերի 11-31-ը հանրապետությունում անցկացվելու է գյուղատնտեսական համատարած հաշվառում:

Կառավարությունն արդեն ընդունել է հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում կատարելու մասին որոշումը:

Գործադիրի որոշմամբ՝ Հայաստանում հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառումը կանցկացվի հոկտեմբերի 11-31-ը:

Ինչ է գյուղատնտեսական հաշվառումը

Ազգային վիճակագրական կոմիտեի աշխատակիցները 20 օրում կհաշվարկեն՝ որքան և ինչ տեսակի հողեր ունենք, կպարզվի գյուղատնտեսականկենդանիների գլխաքանակը, շինությունների, գյուղտեխնիկայի քանակը և այլն:

Գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու հիմանական նպատակը հանրապետությունում գյուղտնտեսությանն առնչվող յուրաքանչյուր տեղեկատվության իրական պատկերը ստանալն է:

Այն նաև գյուղմթերքներ արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց վիճակագրական նպատակով անցկացվող համալիր միջոցառում է, որտեղ արտացոլվելու է ամբողջական տեղեկատվություն գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարքների և մշակաբույսերի մշակովի տարածքների, ոռոգման աղբյուրների ու մեթոդների, բույսերի պաշտպանության, հողի պարարտացման, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեոսական նշանակության շինությունների, աշխատուժի վերաբերյալ։

Արդյունքում գյուղատնտեսության ոլորտը դուրս կգա «ոչ ֆորմալ գործունեության» բնութագրից (2010թ. հետազոտության արդյունքներով գյուղատնտեսական հատվածը Հայաստանում ունեցել է ոչ ֆորմալ զբաղվածության ամենաբարձր մակարդակը՝ 97,8%՝ պայմանավորված գյուղատնտեսական գործունեության մեջ իրավական ինստիտուցիոնալ կազմավորման բացակայությամբ)։

Հայաստանում ազգային վիճակագրական կոմիտեն ամեն տարի իրականացնում է գյուղատնտեսության ապրանքայնության վիճակագրական հետազոտություն:

Գյուղատնտեսական համատարած հաշվառումը տնտեսապես զարգացած երկրներում կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ, իսկ անցումային փուլում կամ զարգացող երկրներում՝ առնվազն 10 տարին մեկ անգամ: Մեր երկիրն անկախացումից հետո առաջին գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացվել է 2014 թվականին:

Մինչև այդ, գյուղատնտեսական հաշվառման փորձնական ծրագիր էր անցկացվել 2013-ին՝ ընդգրկելով Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար և Այգեհովիտ համայնքները, ինչպես նաև Բերդ քաղաքը:

Հաշվառումը՝ ստվերը բացահայտելու միջոց

Գյուղատնտես Վիկտոր Համբարձումյանը ճիշտ է համարում հաշվառումը: Նա Ագրոպրեսի հետ զրույցում նշեց, որ այն էական դեր կունենա հատկապես հողի սեփականության հետ կապված հարցերում:

Ըստ գյուղատնտեսի՝ խնդիրները հիմնականում վերաբերում են հողի սեփականության իրավունքի վկայականներում ամրագրված հողերի չափերի անհամապատասխանությանը հողային հաշվեկշռի համապատասխան տվյալների հետ:

«Հաշվառման շնորհիվ կբացահայտվեն հողերի այն քանակը, որոնք սեփականաշնորհված չեն: Սեփականաշնորհմանժամանակ շատ-շատ տարածքներ ճիշտ չեն բաժանվել, ուստի, դեռ կան տարածքներ, որոնք հաշվառման մեջ չեն: Եթե դրանք բերվեն օրինականության դաշտ շատ լավ կլինի: Բոլորն էլ պետք է հարկերը վճարեն: Բացի այդ էլ, նախկինում երբեմն գյուղացիներն իրենց սեփական անասունների մի մասը թաքցրել են հաշվառումից, որպեսզի նպաստ ստանան, սյս հարցը ևս կլուծվի սրանով»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Համբարձումյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ արվում են նմանատիպ հաշվառումներ, բայց անհրաժեշտ է հաշվառել, օրինակ, գյուղտեխնիկան:

Գյուղատնտեսի այս կարծիքները, սակայն, չեն կիսում, որոշ գյուղացներ: Նրանք կասկածներ ունեն, թե այս ծրագրի քողի ներքո պետությունն իրենց վրա հարկային պարտավորություններ է դնելու:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով էլ կարևոր է հատկապես վարելահողերի հաշվառումը, որպեսզի ճշգրիտ պատկեր լինի, թե որքան հող չի մշակվում:

Նրա ուսումնասիրություններով մեր հանրապետության վարելահողերի շուրջ 80 տոկոսն անմշակ է մնում:

«Հայաստանի նման սակավահող երկրում մոտ 300 հազար հեկտար հողը խոպան թղնելը պետական դավաճանություն է: Հոլանդիայում մի սանտիմետր անմշակված հող չես գտնի: Իսկ հաշվառումից հետո էլ ձևական թվեր կգրեն՝ ցույց տալով, թե գործ են արել»,- տեսակետ հայտնեց Սեդրակյանը:

Երեք տարի առաջ, երբ դարձյալ պետք էր հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնել, Կառավարության նիստում հարցը քննարկելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք՝ երկրում քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա:

Վարչապետի ներկայացմամբ՝ կլուծվի նաև սննդի անվտանգության և, ինչ-որ առումով, հետագծելիության հետ կապված խնդիրը: Այսինքն՝ կիմանանք՝ որ կենդանին որ սպանդանոցում մորթվեց, ինչպես առաքվեց, և այլն:

 

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search