Ինչ է որոշել Կառավարությունը
Կառավարությունը որոշել է գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար: Այս նպատակով էլ կսուբսիդարվորվեն գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերը:
Պետությունը նման քայլի է գնացել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում դրամի կտրուկ արժևորման պատճառով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները վնասներ են կրում: Դրամի արժևորման հետևանքով նրանք դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։
Բացի այս, վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն է առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով։
Նշենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել՝ 11 տոկոսով, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս:
Այս ժամանակահատվածում միայնխաղողիմթերմանուղղությանհամարներգրավվելէշուրջ 6.3 մլրդդրամվարկ։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ դիմել են խաղողի մթերումներ իրականացնող առանձին տնտեսավարողներ, որոնք խնդրել են աջակցել վարկերի սպասարկման գործընթացում առաջացած դժվարությունները մեղմելու հարցում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացում, որով շրջանակում խաղողի մթերման ուղղության համար անցած տարի տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։
Ի դեպ, ըստ կառավարության որոշման՝ նախորդ տարվա հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և Էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 %-ն ապահովվել է արտահանումների հաշվին և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին:
Ինչ կշահեն արտադրողն ու մթերողը. կարծիքներ
Դարակերտցի ֆերմեր Արմեն Սիմոնյանի կարծիքով՝ սա կառավարության հերթական միակողմանի որոշումներից է՝ այս անգամ էլ հաշվի չեն առել գյուղացու շահերը:
Նա Ագրոպրեսի հետ զրույցում նկատեց, որ սուբսիդավորումով գնային քաղաքականություն որոշելն աչքակապություն է՝ ցույց տալու հողագործին, թե պատկան կառույցները զբաղվում են գյուղատնտեսական հարցերով:
«Եթե լուրջ մոտենանք այս հարցին, և եթե ուզում են զարգացնել գյուղատնեսությունը, պետք է նախ հաշվարկեն յուրաքանչյուր մշակաբույսի ինքնարժեքը: Ինքնարժեքը չեն հաշվարկում:Միայն մտածում են՝ ինչ անեն, որ էլի գյուղացու համար թակարդ թաեն: Ով 100 դոլարով վարկ է վերցրել, այսօր դարձել է՝ 100 հազար, որովհետև գյուղատնտեսությունն արդեն ի վիճակի չի կատարած ծախսերը փակել: Այդ 2 տոկոսը բացարձակ եղանակ չի էլ ստեղծում: Եթե նպատակ ունեն զարգացնել գյուղատնտեսությունը, մթերումների հարցը լուծել առաջին հերթին պետք է ինքնարժեքի և արտահանման հարցերը լուծեն»,-մատնանշեց նա:
Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե պետությունը կարողանա սուբսիդավորել գյուղացու արտադրանքի ինքնարժեքն, այդ ժամանակ շահում է և՛ հումք գնողը, և՛ արտադրողը:
Արարատի մարզում գործող գինու, կոնյակի գործարաններից մեկի տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ, բայց ծրագրի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց՝ շեշտելով, որ այն էական նշանակություն չի ունենա արտադրության զարգացման համար:
«Վարկը, որ տալիս են, պետք է երկարաժամկետ լինի: Մթերված հումքը մինչև ապրանք է դառնում, վաճառվում և գումար գոյանում 3-4 տարի է տևում: Իրենց արածը ծիծաղելի է իրականում: Եթե 7 տարում լիներ վարկի մարման ժամկետը, այդ դեպքում հօգուտ գործարանի կլիներ: 7 տարում մենք կհասցնենք արտադրել, արտահանել, նվազագույնը 5 տարի պետք է տան վարկի մարման համար: Այս ծրագիրը ոչ մեզ է ձեռնտու, ոչ էլ գյուղացուն»,- տեսակետ հայտնեց արտադրողը:
Արմավիրցի խաղողագործ Կամո Այվազյանի համոզմամբ էլ այս ծրագրով արտադրողները կկարողանան գումար ունենալ և մթերում իրականացնել, ինչն իրենց շահերից է բխում, քանի որ բերքը կսպառվի, դաշտում չի մնա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան