Այս տարի խաղողի մթերումը ևս անցնցում չանցավ: Խաղողի մթերման նվազագույն գին սահմանվեց՝ 110 դրամ, ինչից խաղողագործները բողոքի ալիք բարձրացրեցին:
Կառավարությունը, սակայն, կարգավորեց մթերման ընթացքը: Մեծ քանակով խաղաղ մթերող կազմակերպությունների համար ՀՀ կառավարությունը նախատեսեց սուբսիդավորում։ 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար 1 կգ դիմաց նախատեսվեց լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, 10 հազար տոննայից ավելի մթերողների համար` 50 դրամ։ Ինչն, ըստ Էկոնոմիկայի նախարարություն, թույլ տվեց տնտեսվարողներին լավ գներով մթերել խաղողը: Կառավարությունը նախատեսեց նաև խաղողի գնում պետական ընկերության կողմից, որպեսզի մի կողմից հենց պետությունն իրականացնի կոնյակի սպիրտի արտահանումը, մյուս կողմից` խաղող մթերողներին լրացուցիչ դրամական հոսքեր տալ, որպեսզի մթերումը կարողանան ամբողջ ծավալով անել։
Խաղողի մթերման և Կառավարության ներկայացրած ծրագրերի փաթեթի վերաբերյալ Ագրոպրեսը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Այն ներկայացնում ենք ստորև.
-Հանրապետությունում ավարտվել է խաղողի մթերումը։ Որքա՞ն խաղող է մթերվել։
-Հանրապետությունում ավարտվել է խաղողի մթերման գործընթացը։ Խաղող վերամշակող ընկերությունների կողմից Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ մթերվել է շուրջ 157 հազար տոննա խաղող։
-Իսկ այս տարվա խաղողի արտադրության և մթերման ծավալները նախորդ տարվա համեմատ որքա՞ն են կազմել։
-Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին խաղողի արտադրության ծավալը կազմել է 225, 8 հազար տոննա։ 2023 թվականի խաղողի արտադրության ծավալը դեռևս հրապարակված չէ, սակայն մարզպետարանների աշխատակազմերի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության և Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով՝ ընթացիկ տարվա խաղողի արտադրության կանխատեսվող ծավալը կարող է կազմել շուրջ 190-200 հազար տոննա։
Խաղող վերամշակող ընկերությունների կողմից Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրած օպերատիվ տեղեկության համաձայն՝ 2022 թվականին մթերվել է շուրջ 196,5 հազար, իսկ 2023 թվականին՝ նախնական շուրջ 157 հազար տոննա խաղող։
-Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունների կատարումը։
Այս ծրագիրն ի՞նչ ընթացք ունի, որքանո՞վ է այն նպաստել խաղողի մթերումն անցնցում կազմակերպելու համար։
-Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ընդունել է որոշումներ, որոնց հիմնական նպատակն է արտադրված խաղողի բերքի մթերման գործընթացը կազմակերպելու համար խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին աջակցելը, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմելը և խաղողի մթերումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելը։
Կառավարության կողմից սահմանված աջակցությունից օգտվելու համար նոյեմբերի 17-ի դրությամբ Էկոնոմիկայի նախարարության հետ աջակցություններից օգտվելու վերաբերյալ համապատասխան համաձայնագրերեն կնքել 12 շահառու, որոնց կողմից աջակցություններից օգտվելու նպատակով իրականացվող աշխատանքներն ընթացքի մեջ են։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կառավարության տրամադրած միջոցառումների իրականացման արդյունքում այս տարվա խաղողի մթերման գործընթացում առկա խնդիրները լուծվել են։
-Հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված՝ մինչև 1 մլն լիտր հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով։ Այս պահի դրությամբ ի՞նչ արդյունքներ կան գրանցված։
-Կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերի համաձայն կոնյակի սպիրտի ձեռքբերման նպատակով ընտրված կազմակերպության կողմից մթերվել է վաճառված հայկական կոնյակի սպիրտին համարժեք քանակությամբ խաղող։
Ներկայումս ընթացքի մեջ է մթերված խաղողի դիմաց կազմակերպությանը համապատասխան ֆինանսական միջոջների տրամադրման և կազմակերպության կողմից մթերված խաղողի արժեքի վճարման գործընթացը։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան