Իշխան, թառափ. Հայաստանում արտադրվող ձկնամթերքի ամբողջ տեսականին արդեն կարող է արտահանվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ավանդական ռուսական շուկային զուգահեռ վաճառքի այս նոր ուղղությունը բիզնեսներից մեկն է հարթել, գործընկեր է գտել և դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ սերտիֆիկացումն ապահովելու նպատակով:
Իսկ, քանի որ արաբական աշխարհը «հալալի» հատուկ չափանիշներ ունի, բանակցություններն ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության հետ շուրջ 6 ամիս է տևել: Սննդամթերքի համար անհրաժեշտ առողջական վկայականը տրվել է և ձկան առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է արաբական շուկա:
Կես տարի տևած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ այս հարուստ շուկա ոչ միայն հայկական ձուկ կարտահանվի, այլ նաև որոշ ապրանքներ:
Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ կարտահանվի նաև մեղր- մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք: Այս սննդատեսակների համար տրվել է արտահանման առողջության վկայականներ:
Տարիներ շարունակ փորձագետները բարձրաձայնում էին՝ երկրի համար շատ կարևոր է, որ տնտեսվարողներն իրենց սովոր ԵԱՏՄ շուկայից բացի, նաև այլ շուկաներ մտնեն՝ դիվերսիֆիկացնեն վաճառքները:
Կասկածներ կան
«Ագրարագյուղացիականմիավորում» ՀԿնախագահՀրաչԲերբերյանը նոր շուկայի մուտքը կարևոր ձեռքբերում է համարում, բայց միևնույն ժամանակ շեշտում է՝ հայկական արտադրանքը միշտ էլ էմիրատներ մուտք գործելու հնարավորություններ է ունեցել: Հրաչ Բերբերյանը դեռ 20 տարի առաջ է հայկական ծիրանն Արաբական Միացյալ Էմիրություններ վաճառքի տարել:
«Ձկնեղեն լավ էլ կարող ենք արտահանել: Հիմա էլ կա արտահանում այդ ուղղությամբ: Խնդիր չկա, ձուկն էմիրատներ կարտահանենք, թե ՌԴ, ավելի լավ ռուսներից կկտրվենք: Այս ամենը միայն ու միայն ողջունելի է: Արաբական երկրները վատ շուկա չեն, բայց մենք հզոր արտադրություններ չունենք, որոնք կարող են այդքան ապրանք տալ»,- Ագրոպրես-ի հետ զրույցում նկատեց մասնագետը: Փորձագետը խնդիր է տեսում հատկապես մսամթերքի արտահանման դեպքում: Նրա դիտարկմամբ՝ վերջին 5 տարվա ընթացքում անասնագլխաքանակի անկում է գրանցվել, հետևաբար, արաբական աշխարհի պահանջարկը բավարարելու հարցում կարող ենք կաղել:
«Անասնագլխաքանակի բացը լրացնելու համար էկոնոմիկայի նախարարությունն արհեստական սերմնավորման ծրագիր է անում, որը շատ կարևոր և դրական քայլ է: Եթե ճիշտ անեն ծրագիրը, հրաշալի արդյունք կստանան: Ոչխարաբուծության ծրագրերի զարգացումն էլ է խիստ անհրաժեշտ: Իրան գառան և ոչխարի միս է արտահանվում, բայց այդքան քանակ չունենք, որ Էմիրատներ էլ տանենք: Այսօր էլ ոչխարի միս այդտեղ տարվում է, բայց քիչ ծավալներով: Պետք է զարգացնել ոչխաչաբուծությունը»,- մատնանշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:
Հրաչ Բերբերյանը կասկածներ ունի միայն կաթնամթերքի արտահանման հարցում: Ըստ նրա՝ այսօր շատ արտադրողներ կաթի փոշով են մթերքներ պատրաստում, արաբական շուկայի համար այն կարող է ընդունելի չլինել: Նախորդ տարի ռուսական կողմն աղմուկ բարձրացրեց հայկական կաթնամթերքի որակի վերաբերյալ՝ հայտարարելով, թե արտադրանքը որակի ստանդարտներին չի համապատասխանում:
Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը հակադարձում է փորձագետին, սխալ կարծիք է, թե չոր կաթով արտադրած կաթնամթերքը որակյալ չէ: Նա ուշադրությունը հրավիրում է հետևյալ փաստի վրա:
«Եթե ուշադիր լինենք, կտեսնեք, որ չոր կաթի կողքին գրված է անարատ: Մարդկանց մոտ մտել է այն գաղափարը, եթե կաթի փոշով է պատրաստված, ուրեմն վատն է, չկա նման բան: Չոր անարատ, անյուղ կաթը նույն կաթն է, որի ջուրը զտված է, հետո ջուրն ավելացնում են և վերականգնում: Կաթի երկարաժամկետ պահպանումը համարվում է կաթի չորացումը: Իրանից ներմուծված հումքի մասով էլ նշեմ, որ այդ երկրից ներմուծվում է բարձր՝ շուրջ 50 տոկոսանոց յուղայնությամբ կաթի սեր: Դա նույն բնական սերն է, բայց տեխնոլոգիական միոջոցներով սառեցված: Շատ ձեռնարկատերերն այն օգտագործում են կաթնամթերք պատրաստելու ժամանակ: Ասել, թե չոր կաթը կամ իրանական հումքը կաթնամթերքի որակի վրա ազդում է, չի կարելի»,-հավաստիացրեց նա: Խաչատուր Պողոսյանի պնդմամբ՝ ոչ մեծ քանակությամբ, բայց զգալի ծավալով հայ արտադրողները կարող են կաթ- կաթնամթերք արտահանել արաբական շուկա:
Մեղվաընտանիքների հարցը լուրջ է
Արաբական Միացյալ Էմիրություններ մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման լուրն ուրախացրել է Մեղվաբույծների միության նախագահ Արմեն Նազարյանին, բայց սիրտը կախ է: Նախորդ տարվա աշնանից սկսած հանրապետությունում 70-90 տոկոս մեղուներ են անկել, այդքան արտադրանք չկա խոշոր շուկաներում սպառելու համար:
Դրսից ներմուծված մայր մեղուները հիվանդ են եղել, և վարակիչ վիրուսը տարածվել է, իսկ հիվանդության դեմը մեղվաբույծներն առնել չեն կարողացել:
Մի կողմից հիվանդությունը, մյուս կողմից էլ եղանակային ոչ բարենպաստ պայմանները լավ չանդրադարձան արտադրանքի վրա: Արմեն Նազարյանը, թեև ստույգ թիվը չգիտի, բայց փաստեց, որ մեղր քիչ են ստացել: Քիչ քանակությամբ, բայց որակյալ մեղրի գինն էլ բարձրացավ:
«Մեղրն այնքան քիչ է, որ մեր երկրի պահանջարկն էլ չի բավարարում: Եթե մեղու չկա, այդքան մեղր որտեղից, որ մի հատ էլ արաբական աշխարհ վաճառքի տանենք: Որակյալ մեղրի մեկ կիլոգրամի գինը հասավ 10 հազար դրամի: Սրա կողքին կա նաև 3 հազարանոց մեղր, որն այդքան էլ որակյալ չէ: Հարցնում եք՝ կարող ենք մաքուր մեղր արտահանել Էմիրատներ, կարող եմ ասել, որ մի քանի տարի առաջ իմ ծանոթին բուժման համար օրգանիկ, բարձր որակի մեղր էր պետք, ես չգտա: Եթե ես մեղվաբույծ եմ, և չկարողացա անարատ մեղր գտնել, էլ ինչի մասին կարող է խոսք լինել»,- փոխանցեց մեղվաբույծը:
Արմեն Նազարյանը նշեց, որ մեղվաբուծության ճյուղում անհրաժեշտ է ռազմավարություն մշակել, որը հնարավորություն կտա վերականգնել անկած մեղվաընտանիքները և արտահանման համար բարձրորակ մեղր արտադրել:
Հավելենք, որ տնտեսվարողներին ոչ միայն այս հնարավորությունն է տրվել. վերջերս արտադրողների առջև դռները բացեց նաև եվրոպական շուկան:
Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել նաև Հայաստանում արտադրված կաթի կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:
Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան