100 դրամ աջակցություն՝ բարձրորակ կոնյակի սպիրտի 1 լիտրի համար: Կառավարությունը որոշել է այս տարբերակով խթանել արահանումը: Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը, որը դրված է e-draft.am կայքում:
Այդ նախագծով տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր բարձրորակ կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով։ Նպատակն է աջակցել Հայաստանում կոնյակի և բրենդիի սպիրտի արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կոնյակի և բրենդիի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:
Սակայն, աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար, ինչպես նաև արտահանված այն խմբաքանակների համար, որոնք չունեն միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության ու խաղողի հումքով արտադրված լինելու մասին փորձաքննության դրական եզրակացություն։
Նախատեսվում է, որ արտահանվող խմբաքանակների նմուշառումը և դրանց լաբորատոր փորձաքննության արդյունքների ներկայացումը կկատարվի միջազգային հավատարմագիր ունեցող «Էս-ՋԻ-Էս Ինսպեքշն սերվիսիս լիմիթիեդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի (SGS) կողմից՝ տնտեսավարողների միջոցների հաշվին։
Տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացման աջակցության նպատակով անհրաժեշտություն է բարձրացնել դրանց մրցունակությունը:
Ի դեպ, այս աջակցությունը մասնակիորեն կշարունակվի մինչև տարեվերջ, որպեսզի տնտեսավարողները կարողանան իրացնել կոնյակի սպիրտի մնացորդները և մինչև խաղողի մթերումների սկսելը ունենան արտադրանքի պահման ազատ տարողություններ։
Կոնյակը՝ պետական քաղաքականության մաս
Արարատի մարզի Տափերական գյուղում գործող «Տավինկո» գինու- կոնյակի գործարանի տնօրեն Գագիկ Հակոբյանը կոնյակագործներին տրամադրվող աջակցությունը դրական քայլ է համարում: Տնտեսավարողի համար, սակայն, տարակուսելի է, թե ինչ չափանիշներով է որոշվելու կոնյակի սպիրտը բարձրորակ է, թե՝ ոչ:
Գագիկ Հակոբյանը 15 տարի է՝ արտադրած կոնյակը Ռուսաստանի Դաշնություն է արտահանում: Նրա խոսքով՝ գործընկեր երկիրն այդքան էլ բարձրորակ կոնյակ չի պահանջում: Բացի այդ էլ գործարարի գնահատմամբ՝ կոնյակն այսօր դարձել է պետական քաղաքականության մաս: Երբ հայ- ռուսական հարաբերությունները փոքր- ինչ լարված բնույթ են ստանում, կոնյակը դառնում է սակարկման առարկա:
«Ո՛չ գինն ենք մենք որոշում, ո՛չ որակը: Ռուսաստանն այն երկիրը չէ, որ որակով ապրանք ուզի: Ասում է՝ ինչքան հնարավոր է էժան տուր, որ ինքը կարողանա ծախի և լավ փող աշխատի: Ես Ռուսաստանում ամենաթանկ կոնյակի 1 լիտրը 2,5 դոլարով եմ վաճառում, բայց դա շատ ցածր գին է»,- Ագրոպրեսի հետ զրույցում նկատեց գործարարը:
Ինչ վերաբերում է աջակցության ծրագրին, նա նշեց, թե դա նշանակում է, որ պետությունն արդենի իսկ անհավասար պայմաններ է ստեղծում արտադրողների համար:
«Անցալ տարի, ով 5 հազար տոննայից ավել խաղող էր ընդունում 30 դրամ դոտացիա էր տալիս պետությունը, ինչի՞ 1000 տոննա մթերողը նույն խաղողը չի մթերում և նույն կոնյակը չի՞ արտադրում: Ռուսաստան արտահանելու դեպքում այս 5 հազար տոննան արտոնյալ պայմաններ է ունենում՝ հաշվի առեք, որ 12 կգ խաղողից ենք 1 լիտր բացարձակ որակի կոնյակ ստանում: 12 անգամ 30 դրամով հաշվարկելիս, 1 դոլարով մեծ գործարանը շահեկան վիճակում է հայտնվում»,-ասաց կոնյակի գործարանի տնօրենը՝ շեշտելով, որ այս կերպ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծվում:
Դժգոհություն՝ ռուսական շուկայից
Մոսկվայում գործընկեր ընկերությունների հարաբերությունների լարվածության պատճառով արդեն 3 ամիս է՝ «Տավինկո» գինու- կոնյակի գործարանի գործերը լավ չեն: Տնօրենը բողոքում է, որ կոնյակի վաճառքը կանգնած է, վնասով է աշխատում:
Գագիկ Հակոբյանը փորձել է նաև ռուսական շուկային այլընտրանք գտնել, Տափերականում արտադրված կոնյակը Եվրոպա տանել, բայց ապարդյուն:
«Եվրոպական շատ քաղաքներում եմ եղել, բայց այնտեղ անգամ 1 շիշ կոնյակ չեմ տեսել: Եթե կա էլ ֆրանսիական է: Բազմաթիվ հարազատներ ունեմ, որոնք ևս կոնյակ են արտադրում, բաց այնտեղ կոնյակ չի վաճառվում: Եվրոպայում կոնյակ չեն խմում, օգտագործում են գինի, գարեջուր և այլ ալկոհոլ»,- ասաց մեր զրուցակիցը:
Մրգանուշ գյուղում կոնյակի արտադրությամբ զբաղվողՆիկոլայ Վիրաբյանին աջակցության ծրագիրը ոգևորում է: Նրա խոսքով՝ 100 դրամը մեծ օգնություն չէ արտադրողի համար, բայց կառավարությունը աչքաթող էլ չի անում իրենց:
Ըստ նրա՝ այս կերպ գոնե կիմանան, որ պետությունն ինչ- որ մի տեղ իրենց կողքին է:
«Ես փոքր բիզնեսմեն եմ ու չեմ կարողանում մրցակցությանը դիմանալ: Կոնյակի գինն ընկել է, մեծ գործարաններն իրենց ապրանքն ավելի ցածր արժեքով են վաճառում»,- նեղսրտեց ոգելիչ խմիչքներ արտադրողը:
Օրենք պետք է մշակվի
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի կարծիքով՝ բարձրորակ կոնյակի սպիրտի 1 լիտրի դիմաց աջակցությունը լավ նախաձեռնություն է, բայց վատ է, որ տարանջատում են ներքին և արտաքին շուկան:
Նրա դիտարկմամբ՝ պետությունն այս աջակցությամբ մտածում է բարձրացնել արտահանվող կոնյակի որակը, որ արտադրողը շուկայից դուրս չմնա:
Խաղողագործների միության նախագահը կարևորեց, որ կառավարությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի մեծ ու փոքր բոլոր արտադրողների համար, ինչպես օրինակ Ղազախստանում է, Ուզբեկստանում: Նա շեշտեց, որ պետությունն այնտեղ ճանապարհածախսն է սուբսիդավորում, որ արտադրանքը մրցունակ լինի, նույնը պետք է նաև մեր երկրում լինի:
«Պետք է օրենսդրությամբ ամրագրվի, որ Հայաստանում արտադրված կոնյակն ու կոնյակի սպիրտը պետք է արտադրված լինեն հայկական սորտերի խաղողից, այդ դեպքում, եթե այդ օրենքը կիրառենք, խաղողագործությունը կծաղկի, ոչ թե անկում կապրի ինչպես հիմա: Այդպես մրցակցություն կլինի: Քանի մենք այս հարցի վրա ուշադրություն չենք դարձնում, ոլորտը չի կանոնակարգվի»,-ընդգծեց մասնագետը:
Արտակ Սարգսյանն ասաց, որ վերամշակողն ու արտադրողը շաղկապված են աշխատում, շղթայի գործունեությունը լիարժեք դարձելու համար նաև պետք է խաղողագործներին աջակցեն:
«Պետք է մտածեն նաև խաղողագործին սուբսիդավորել. յուրաքանչյոր արտադրված 1 կիլոգրամ խաղողի համար պետք է սուբսիդավորեն 50-100 դրամով, որ խաղողագործությունը զարգանա: Վերամշակողների շահերց ելնելով՝ խաղողագործությունը ծանր օրեր է ապրում: Ինքնարժեքից ցածր արժեքով խաղող է մթերվել: Խաղողագործների շահերը հաշվի չեն առնում, դրա համար ինչ քայլեր էլ անում են չի արդարացվում»,- եզրափակեց նա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան