Գայանե Սիմոնյան․ «Հայաստանը պատրաստ չէ Տրոպիլալեպսի տարածմանը, իսկ խնդիրը միայն մեղվաբույծներին չի վերաբերում»
Մեղվաբուծության ոլորտում նոր մտահոգություն է առաջացել․ խոսքը Տրոպիլալեպս (Tropilaelaps) մակաբույծի մասին է, որը կարող է լուրջ վնաս հասցնել մեղվաընտանիքներին։ Այն առանձնանում է արագ բազմացման և տարածման ունակությամբ, իսկ դրա դեմ պայքարը պահանջում է համակարգված աշխատանք, մասնագիտական գիտելիքներ և պետական կառույցների ակտիվ ներգրավվածություն։
Մակաբույծի տարածման վտանգների, Հայաստանում արձանագրված դեպքերի, մեղվաբույծների պատրաստվածության և անհրաժեշտ քայլերի մասին Agropress.am-ը զրուցել է մեղվաբույծ Գայանե Սիմոնյանի հետ։
– Նախ սկսենք ամենակարևոր հարցից․ ի՞նչ է Տրոպիլալեպսը, ինչո՞վ է այն վտանգավոր մեղուների համար և ինչո՞վ է տարբերվում մեզ արդեն ծանոթ Վարոա տզից։
– Տրոպիլալեպսը ինվազիվ մակաբույծ է, որի հայրենիքը Ասիան է։ Տարածվելով իր բնական միջավայրից՝ այն հասել է նաև Կովկաս և շարունակում է տարածման վտանգ ներկայացնել այլ տարածաշրջանների համար։ Այսօր այն լուրջ սպառնալիք է համարվում միջազգային մեղվաբուծության համար։
Տրոպիլալեպսը Վարոա տզից տարբերվում է մի քանի կարևոր հատկանիշներով։ Այն ավելի արագ է բազմանում, շատ շարժուն է և հիմնականում վնասում է մեղվի թրթուրներին։
Մակաբույծի ազդեցության հետևանքով թրթուրները կարող են չհասնել զարգացման բնականոն փուլին։ Իսկ գոյատևած մեղուները հաճախ ունենում են վնասված թևեր, վերջույթներ և զարգացման այլ խանգարումներ։ Արդյունքում նրանք չեն կարողանում լիարժեք կատարել իրենց գործառույթները, իսկ մեղվաընտանիքը կարող է շատ կարճ ժամանակում՝ ընդամենը մի քանի շաբաթում, թուլանալ և անկում ապրել։
Մյուս վտանգն այն է, որ մակաբույծը կարող է նպաստել տարբեր վիրուսների և վարակների տարածմանը։ Այն կարող է հասուն մեղուներին օգտագործել որպես տեղափոխման միջոց՝ մի մեղվաընտանիքից մյուսը տարածվելով։
– Այսինքն՝ նույնիսկ եթե մեղվաբույծը ժամանակին իրականացնում է բոլոր անհրաժեշտ բուժումները, հարևան մեղվանոցից եկող վարակը կարող է վտանգել նրա տնտեսությո՞ւնը։
– Այո՛։ Սա ամենամեծ խնդիրներից մեկն է։ Պատկերացնենք՝ մեղվաբույծն ունի 300 մեղվաընտանիք, հետևողականորեն իրականացնում է բուժումները, վերահսկում է իրավիճակը և պահպանում անհրաժեշտ կանոնները։ Բայց եթե երկու կիլոմետր հեռավորության վրա կա չվերահսկվող կամ վարակված մեղվանոց, վտանգը մնում է։
Դաշտային մեղուները կարող են տեղափոխել մակաբույծը և վարակը տարածել այլ մեղվանոցներում։ Հետևաբար մեկ մեղվաբույծի կարգապահությունը բավարար չէ։
Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է, որ նույն տարածքում՝ մոտավորապես 4-5 կիլոմետր շառավղով, գործող բոլոր մեղվաբույծները համակարգված աշխատանք իրականացնեն։ Բուժումները և վերահսկողությունը պետք է կազմակերպվեն համաձայնեցված ձևով։
Եթե մեկը բուժում է իր մեղվաընտանիքները, իսկ կողքին գտնվող մեղվաբույծը ոչինչ չի անում, ապա առաջինի ջանքերը կարող են անարդյունավետ դառնալ։
– Իսկ Հայաստանում Տրոպիլալեպսի առկայությունն արդեն հաստատվա՞ծ է, թե՞ դեռ խոսքը միայն հնարավոր վտանգի մասին է։
– Հայաստանում դրա առկայության վերաբերյալ արդեն ահազանգեր են եղել։ Առաջին ահազանգը ստացել ենք Տավուշի մարզից։ Մեղվաբույծների ահազանգից հետո իրականացվել են համապատասխան քայլեր, և, մեր տեղեկություններով, հայտնաբերվել է վարակի օջախ։
Մեղվաբույծները բավականին օպերատիվ են արձագանքել, համախմբվել և տեղեկացրել համապատասխան մարմիններին, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Սակայն սա միայն մեկ օջախի հայտնաբերման հարց չէ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ վարակի տարածման իրական ծավալները, բացահայտել հնարավոր այլ օջախները և կանխել հետագա տարածումը։
– Դուք բազմիցս խոսում եք պետական միջամտության անհրաժեշտության մասին։ Ի՞նչ պետք է անի պետությունը այս իրավիճակում։
– Պետության միջամտությունը խիստ անհրաժեշտ է։ Մենք՝ մեղվաբույծներս, մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք համախմբվել, տեղեկատվություն տարածել և օգնել միմյանց, բայց խնդրի ծավալն այնքան մեծ է, որ միայն անհատական նախաձեռնություններով հնարավոր չէ այն լուծել։
Առաջին հերթին անհրաժեշտ է խստացնել սահմանային վերահսկողությունը։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակի առաջ կանգնելու պատճառներից մեկը կարող է լինել Ուզբեկստանից մեղվափաթեթների ներմուծումը։
Այս տարի Ուզբեկստանից Հայաստան մեղվափաթեթներ են ներմուծվել։ Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ 2024 թվականին Ուզբեկստանը միջազգային քարտեզներում նշվել է որպես Տրոպիլալեպսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկիր։
Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս է թույլատրվել այդպիսի ներմուծումը, ի՞նչ ստուգումներ են իրականացվել և արդյոք ապահովվել է անհրաժեշտ վերահսկողությունը։
Եթե հնարավոր չէ լիարժեք երաշխավորել ներմուծվող մեղվափաթեթների անվտանգությունը, ապա պետք է քննարկվի ներմուծման սահմանափակման կամ ժամանակավոր արգելքի հարցը։
Մյուս տարբերակը հատուկ կարանտինային տարածքների ստեղծումն է, որտեղ ներմուծվող մեղվափաթեթները կենթարկվեն համապատասխան լաբորատոր ստուգումների և անհրաժեշտ միջոցառումների։ Միայն դրանից հետո կարելի է քննարկել դրանց վաճառքի թույլտվությունը։
Միաժամանակ պետք է զարգացնել մեր սեփական մայրաբուծարաններն ու մեղվափաթեթների արտադրությունը, որպեսզի աստիճանաբար կարողանանք ներքին պահանջարկը բավարարել տեղական արտադրանքով։
– Ինչո՞ւ եք կարծում, որ այս խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն մեղվաբուծության, այլև ամբողջ գյուղատնտեսության տեսանկյունից։
– Շատ կարևոր է, որ հասարակությունը խնդրին չնայի նեղ տեսանկյունից։ Սա միայն մեղվաբույծների կամ մեղրի արտադրության խնդիր չէ։ Խոսքը շատ ավելի մեծ՝ էկոլոգիական և գյուղատնտեսական վտանգի մասին է։
Մեղուները կարևորագույն փոշոտիչներից են։ Եթե մեղվաընտանիքների զանգվածային անկումներ լինեն, հետևանքները զգալի կլինեն ոչ միայն մեղրի արտադրության, այլև բազմաթիվ գյուղատնտեսական մշակաբույսերի համար։
Մեղուների միջոցով իրականացվող փոշոտումը մեծ նշանակություն ունի գյուղատնտեսական արտադրության և պարենային անվտանգության համար։
Եթե մեղվաբուծությունը հայտնվի ճգնաժամային վիճակում, դա կարող է անդրադառնալ նաև բերքատվության, գյուղատնտեսական արտադրանքի ծավալների և ամբողջ էկոհամակարգի վրա։
Հետևաբար Տրոպիլալեպսի տարածումը պետք է դիտարկել որպես լուրջ էկոլոգիական և գյուղատնտեսական ռիսկ։
– Եթե մեղվաբույծն այսօր կասկածում է, որ իր մեղվանոցում հայտնվել է այս մակաբույծը, ի՞նչ պետք է անի։ Ո՞ւմ դիմի և ինչպե՞ս վարվի։
– Առաջին հերթին անհրաժեշտ է պարբերաբար ստուգել մեղվաընտանիքները՝ անկախ փեթակների քանակից։ Կարևոր չէ՝ մեղվաբույծն ունի մեկ, հարյուր, թե երեք հարյուր փեթակ․ վերահսկողությունը պետք է լինի կանոնավոր։
Մենք ուղեցույց ենք պատրաստել, որի միջոցով մեղվաբույծները կարող են ծանոթանալ ստուգման մեթոդներին։ Անհրաժեշտ է ուսումնասիրել թրթուրները, բացել մոմակնքված բջիջները և ստուգել՝ արդյոք առկա են մակաբույծի նշաններ։
Եթե կասկած կամ հայտնաբերման փաստ կա, առաջին հերթին պետք է անմիջապես տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որպեսզի մասնագետները կարողանան նմուշներ վերցնել և ուղարկել լաբորատոր հետազոտության։
Այս կերպ հնարավոր կլինի նաև պաշտոնապես արձանագրել վարակի առկայությունը և պարզել դրա տարածման աշխարհագրությունը։
Եթե մեղվաբույծը փորձառու չէ, չպետք է փորձի միայնակ լուծել խնդիրը։ Կարող է դիմել ավելի փորձառու գործընկերներին։ Մենք ունենք մասնագետների և մեղվաբույծների շրջանակ, որոնք պատրաստ են աջակցել նման իրավիճակներում։
Ես հատկապես ուզում եմ ընդգծել՝ պետք չէ թաքցնել խնդիրը։ Մակաբույծի հայտնաբերման կամ կասկածի դեպքում պետք է անմիջապես բարձրաձայնել։ Սա ամոթի հարց չէ։ Ընդհակառակը՝ որքան շուտ արձագանքենք, այնքան ավելի մեծ կլինի խնդիրը վերահսկելու հնարավորությունը։
Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Եթե մեկը խնդիր ունի, վաղ թե ուշ այն կարող է հասնել նաև մյուսներին։
– Իսկ բուժման առումով որքանո՞վ է Հայաստանը պատրաստ։ Կա՞ն անհրաժեշտ դեղանյութեր և մասնագիտական գիտելիքներ։
– Եթե անկեղծ պատասխանեմ՝ այս պահին Հայաստանը պատրաստ չէ։
Տրոպիլալեպսի դեմ պայքարում կիրառվում են օրգանական թթուներ, մասնավորապես՝ մրջնաթթվի լուծույթներ։ Սակայն դրանց կիրառումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ և զգուշություն։
Մենք նույնիսկ Վարոա տզի դեմ պայքարում խնդիրներ ենք ունեցել։ Անցած տարի որոշ մեղվանոցներում բուժումների հետ կապված կորուստներ են արձանագրվել։ Իսկ Տրոպիլալեպսը բազմացման արագությամբ և վնասակար ազդեցությամբ ավելի լուրջ մարտահրավեր է։
Մեր անպատրաստ լինելու պատճառները մի քանիսն են։
Առաջինը՝ իրազեկվածության պակասն է։ Երկրորդը՝ մեղվաբույծների միջև համակարգված համագործակցության բացակայությունը։ Երրորդը՝ պետական կառույցների բավարար ներգրավվածության և աջակցության անհրաժեշտությունը։
Մեզ անհրաժեշտ են մասնագիտական քննարկումներ, հանդիպումներ, գործնական դասընթացներ և հստակ գործողությունների ծրագիր։
Այս պահին մենք փորձում ենք մեր ուժերով լրացնել այդ բացը։ Համագործակցում ենք տարբեր կառույցների, միջազգային փորձագետների և Վրաստանի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով այն մեթոդները, որոնք կիրառվում են այլ երկրներում։
Մեր նպատակն է այդ փորձը փոխանցել հայ մեղվաբույծներին և օգնել նրանց ճիշտ կազմակերպել պայքարը։
– Դուք նշեցիք, որ աշխատում եք նաև միջազգային փորձագետների հետ։ Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում մեղվաբույծների իրազեկվածությունը բարձրացնելու համար։
– Մենք անվճար տեսական և գործնական դասընթացներ ենք կազմակերպում մեր լաբորատորիայի տարբեր թեմաներով՝ հիվանդությունների կառավարում, մայրաբուծություն և այլ ուղղություններ։
Համագործակցում ենք տարբեր կառույցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ։ Մեզ մոտ հրավիրում ենք արտասահմանյան մասնագետների, որպեսզի հայ մեղվաբույծներին փոխանցենք առաջադեմ փորձն ու գործնական գիտելիքները։
Տրոպիլալեպսի դեպքում նույնպես փորձում ենք օգտվել այն երկրների փորձից, որոնք արդեն առնչվել են այս խնդրին։
Մեր թիմը համախմբվել է՝ մեղվաբույծների շրջանում իրազեկվածության պակասը լրացնելու նպատակով։ Մենք ցանկանում ենք տարածել ուղեցույցներ, կազմակերպել հանդիպումներ և բացատրել, թե ինչպես կարելի է ժամանակին հայտնաբերել մակաբույծը և ինչ քայլեր ձեռնարկել։
Սակայն միայն մեր ջանքերը բավարար չեն։ Անհրաժեշտ է, որ պետական մակարդակով նույնպես կազմակերպվի իրազեկման աշխատանք։
– Ի՞նչ կասեք այն մեղվաբույծներին, որոնք խնդրին դեռ լուրջ չեն վերաբերվում կամ կարծում են, որ իրենց մեղվանոցին վտանգը չի սպառնում։
– Ես կուզենայի, որ բոլոր մեղվաբույծները հասկանային՝ այս խնդիրը որևէ մեկին առանձին չի վերաբերում։ Անկախ նրանից՝ մարդն ունի մեկ փեթակ, թե հարյուրավոր մեղվաընտանիքներ, վտանգը բոլորի համար է։
Հատկապես կարևոր է, որ սկսնակ և սիրողական մեղվաբույծները նույնպես տեղեկացված լինեն։ Շատերը մեղու պահում են որպես հոբբի՝ աշխատանքից հետո մի քանի փեթակ ունենալով։ Նրանք գուցե չունեն անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, բայց նրանց մեղվանոցները նույնպես կարող են դառնալ վարակի տարածման օղակ։
Այդ պատճառով անհրաժեշտ է հասնել յուրաքանչյուր մեղվաբույծի՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում։
Մենք պատրաստում ենք իրազեկման նյութեր, սակայն կարծում եմ՝ դրանք պետք է տպագրվեն և տարածվեն նաև պետական աջակցությամբ։ Համայնքապետարանների միջոցով պետք է հասնեն բոլոր բնակավայրերին և բոլոր մեղվաբույծներին։
– Վերջում ի՞նչ ակնկալիքներ ունեք պետական կառույցներից և ի՞նչն եք համարում առաջնահերթ։
– Առաջին հերթին ակնկալում ենք, որ խնդիրը լրջորեն կքննարկվի պետական մակարդակով։
Պետք է պարզել՝ ինչ ճանապարհով է մակաբույծը հայտնվել Հայաստանում, ինչ վերահսկողություն է իրականացվել ներմուծումների ժամանակ և ինչ միջոցառումներ են նախատեսվում հետագա տարածումը կանխելու համար։
Մեզ անհրաժեշտ են հստակ պատասխաններ նախարարությունից և պատասխանատու կառույցներից։
Պետք է լինի ռազմավարական ծրագիր՝ սահմանային վերահսկողության, լաբորատոր հետազոտությունների, կարանտինային միջոցառումների, բուժման և մեղվաբույծների իրազեկման ուղղություններով։
Եթե սահմանային վերահսկողությունը չուժեղացվի, և վարակված մեղվափաթեթների ներմուծումը շարունակվի, մենք կարող ենք հայտնվել շատ ավելի բարդ իրավիճակում։
Մեր խնդիրը մեղվաբուծությունը պահպանելն է։ Բայց դրա համար պետք է աշխատենք միասին՝ մեղվաբույծներ, մասնագետներ և պետական կառույցներ։
Այսօր համախմբվածությունն ամենակարևոր պայմանն է։ Առանձին-առանձին գործելով՝ մենք կարող ենք պարտվել, իսկ միասին աշխատելու դեպքում դեռ հնարավորություն ունենք կանխելու ավելի մեծ կորուստները։
