ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կներկայացնի էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության մոդելներ։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է FAO-ի գլխավոր տնօրենի օգնական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հարցերով գրասենյակի տնօրեն Կավե Զահեդին, ուշադրության կենտրոնում կլինեն այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս գյուղատնտեսական արտադրությունը համատեղել բնության պահպանության հետ։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ագրոանտառաբուծությանը։ Այս մոտեցման դեպքում ծառերն ու գյուղատնտեսական մշակաբույսերը աճեցվում են նույն տարածքում՝ նպաստելով հողի պահպանությանը, կենսաբազմազանության ավելացմանը և կլիմայական ռիսկերի մեղմմանը։
Կներկայացվեն նաև հողագործության, այգեգործության և ձկնորսության ոլորտների օրինակներ, ինչպես նաև բնության պահպանման այլընտրանքային տարածքային մոդելներ՝ OECM-ներ։ Դրանք այն տարածքներն են, որոնք կարող են չունենալ պաշտոնական պահպանվող տարածքի կարգավիճակ, սակայն արդյունավետ կառավարման շնորհիվ նպաստում են կենսաբազմազանության պահպանությանը։
Զահեդիի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր ուղղություններից են նաև դեգրադացված գյուղատնտեսական հողերի վերականգնումը և ագրոանտառաբուծության զարգացումը։ Նա ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը, երաշտներն ու ջրհեղեղները մեծացնում են գյուղատնտեսության անկանխատեսելիությունը և լրացուցիչ դժվարություններ ստեղծում ֆերմերների համար։
FAO-ի մոտեցմամբ՝ պարենային անվտանգությունը, գյուղատնտեսության կայունությունը և կենսաբազմազանության պահպանումը փոխկապակցված խնդիրներ են։ Հետևաբար գյուղատնտեսության ապագան պետք է հիմնված լինի ոչ միայն արտադրության ծավալների ավելացման, այլև բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման վրա։
COP17-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19–30-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
