Հայաստանում դեռևս կարգավորված չէ սերմերի վաճառքի ամբողջական հետագծելիության մեխանիզմը։ Այս մասին հայտարարել է Սերմարտադրողների և տնկանյութ արտադրողների ասոցիացիայի նախագահ Իշխան Հովսեփյանը՝ BusinessDaily-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել հստակ շղթա, որը կկապի բույսերի նոր սորտերի ստեղծողներին, սերմարտադրողներին, վաճառողներին և ֆերմերներին։ Դա թույլ կտա ապահովել սերմերի ծագման վերահսկողությունը և պաշտպանել սորտերի հեղինակների մտավոր սեփականության իրավունքները։
Հովսեփյանի ներկայացմամբ՝ սերմարտադրողները պետք է համապատասխան լիցենզային վճարներ փոխանցեն սորտերի հեղինակներին։ Այս մեխանիզմը կարևոր է սելեկցիոն աշխատանքների խրախուսման և տեղական սերմնաբուծության զարգացման համար։
Ասոցիացիան ստեղծվել է երկու տարի առաջ և ներկայում միավորում է 32 անդամի՝ սերմարտադրողների, վաճառքով զբաղվող ընկերությունների և ֆերմերների։ Հայաստանը 2024 թվականից անդամակցում է Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը (UPOV)։
Հայաստանը նաև ունի տեղական արտադրության մրցունակ սերմեր՝ կարտոֆիլի, հացահատիկային, բանջարային և բոստանային մշակաբույսերի համար։ Դրանց մի մասն արտահանվում է։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին ցանքի համար նախատեսված սերմերի ներմուծման արժեքը կազմել է 10,5 մլն դոլար։ Մեկ տարի առաջ այն կազմել էր 10,7 մլն դոլար։
Սերմերի վաճառքի հետագծելիության համակարգի ձևավորումը կարող է կարևոր նշանակություն ունենալ շուկայի թափանցիկության, որակյալ սերմերի շրջանառության և հայկական սելեկցիայի զարգացման համար։
