Անգլիայի կառավարությունը ներկայացրել է օրգանական գյուղատնտեսության զարգացման տասնամյա ծրագիր, որի նպատակն է մեծացնել տեղական արտադրությունը, աջակցել ֆերմերներին և ընդլայնել օրգանական սննդամթերքի շուկան։
Հոկտեմբերի 14-ին Անգլիայի շրջակա միջավայրի, սննդի և գյուղական հարցերի նախարարությունը (Defra) հրապարակել է Օրգանական գյուղատնտեսության գործողությունների ծրագիրը։ Դրա հիմնական նպատակն է մինչև 2036 թվականը օրգանական եղանակով մշակվող գյուղատնտեսական հողերի մասնաբաժինը ներկայիս 3.4%-ից հասցնել 10%-ի։
Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է շուկայի և տեղական արտադրության միջև առաջացած անհամապատասխանությամբ։ Մեծ Բրիտանիայի օրգանական սննդամթերքի շուկայի տարեկան արժեքը հասել է 3.9 միլիարդ ֆունտի, սակայն աճող պահանջարկի մի մասը բավարարվում է ներմուծման հաշվին։
Ի՞նչ է նախատեսում ծրագիրը
Գործողությունների ծրագիրը հիմնված է երեք հիմնական ուղղության վրա՝
- Աջակցել այն ֆերմերներին, որոնք ցանկանում են անցնել օրգանական արտադրության՝ տրամադրելով խորհրդատվություն և գործնական աջակցություն։
- Զարգացնել օրգանական արտադրանքի վերամշակման, պահպանման և իրացման շղթաները։
- Մեծացնել օրգանական սննդամթերքի պահանջարկը՝ այդ թվում պետական հաստատությունների գնումների միջոցով։
Ծրագրի հեղինակները կարևորում են ոչ միայն արտադրության ավելացումը, այլև ֆերմերների համար կայուն շուկայի ձևավորումը։ Նպատակն է, որ տեղական արտադրանքը կարողանա մրցակցել ներմուծվող օրգանական սննդամթերքի հետ։
Ի՞նչ կարող է սովորել Հայաստանը
Անգլիայի օրինակը ցույց է տալիս, որ օրգանական գյուղատնտեսության զարգացումը չի սահմանափակվում միայն սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցմամբ կամ ֆերմերներին տեխնիկական աջակցություն տրամադրելով։
Անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել արտադրությունը, վերամշակումը, իրացման հնարավորությունները և սպառողների պահանջարկը։
Հայաստանի համար հատկապես կարևոր է հարցը՝ ինչպե՞ս ստեղծել այնպիսի շուկա, որտեղ օրգանական արտադրանքն ունենա ոչ միայն համապատասխան սերտիֆիկատ, այլև իրացման իրական հնարավորություն։
Օրգանական գյուղատնտեսությունը կարող է դառնալ հայկական գյուղատնտեսության մրցունակ ուղղություններից մեկը, եթե ֆերմերները վստահ լինեն, որ արտադրության փոփոխությունը կբերի նաև տնտեսական արդյունքի։
Աղբյուրներ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Defra նախարարություն, Soil Association։
