

Ծրագրով նախատեսվում է տարեկան 500 հա ինտենսիվ այգի հիմնել, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ 15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։ Արդյունքում արտադրվող պտղի և հատապտղի ծավալները տարեկան կավելանան շուրջ 11,5 հազար տոննայով։
Ինտենսիվ այգիների 1 հա-ից ստացվող համախառն արտադրանքի արժեքը կկազմի միջինը 11,5 մլն դրամ (1 կգ-ի իրացման միջին գինը` 500 դրամ), իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի 1 հա-ից ստացվող համախառն արտադրանքի արժեքը միջինը կկազմի 9,4 մլն դրամ: Ցուցանիշները համադրելի են 2020-2030 թվականների գյուղատնտեսության ռազմավարությամբ սահմանված 1 գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքի հետ, որը 2020-2022 թվականների համար նախանշված է 4,4 մլն դրամ։
Ճշգրտվել են նաև 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել է ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը։
Ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ջրավազանների կառուցման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։
Ընդունված որոշմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 2,4 մլրդ դրամ, իսկ 2023 թվականի համար՝ 4,1 մլրդ դրամ։
Բերքատվության և համախառն բերքի ցուցանիշների վրա կազդի նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես՝ ոռոգման արդիական տեխնոլոգիաների և կարկտապաշտպան համակարգերի ներդրումը, բնակալիմայական աղետներից կորուստների նվազումը, որի արդյունքում իրատեսական կլինեն 2020-2030 թվականների գյուղատնտեսության ռազմավարության թիրախային ցուցանիշները (2023-2025 թվականներին` 15,69 % աճ)։