Տարբեր ծառատեսակների համար երիտասարդ այգու տարիքը, անշուշտ, տարբեր է։ Օրինակ՝ հնդավորների այգու երիտասարդ «տարիքն» ավելի երկար է և տևում է 10-12 տարի, կորիզավորները՝ 6-8, հատապտուղներինը՝ 2-4, ընկուզենունը՝ 16-20 տարի և այլն:
Երիտասարդ այգու խանմքից է կախված ծառերի լրիվ կազմավորման տևողությունը, բերքատվության մեջ մտնելու շրջանը, հետագայում նրանցից բարձր և կայուն բերքի ստացումը:
Երիտասարդ այգու խնամքի աշխատանքները կարելի է բաժանել երկու խմբի:
Առաջին խումբ աշխատանքները կատարվում են հողի վրա՝ կապված նորատունկ ծառերի միջշարքային և մերձբնային տարածությունների մշակման հետ:
Երկրորդ խումբ աշխատանքները տարվում են ծառերի էտելու և ձևավորելու ուղղությամբ:
Միջշարքային և մերձբնային տարածությունների մշակման նպատակը Երիտասարդ այգու միջշարքային և մերձբնային տարածությունների հողի մշակման նպատակն է. ա) նպաստել նորատունկ ծառերի կպչողականությանը և նրանց փարթամ աճին ու սաղարթի լրիվ կազմավորմանը, բ) հողը հարստացնել ինչպես օրգանական, այնպես էլ հանքային սննդանյութերով, լավացնել և պահպանել հողի կնձիկային ստրուկտուրան (կառուցվածքը), բարելավել հողի ֆիզիկա-քիմիական հատկությունները, ուժեղացնել միկրոկենսաբանական գործընթացները և այլն, գ) արագացնել նորատունկ ծառերի բերքատվության մեջ մտնելու գործընթացը՝ հետագայում նրանցից բարձր ու կայուն բերք ստանալու նպատակով:


տղահատապտղային բույսերը մեծ մասամբ իրենց տնկման առաջին տարվա վեգետացիայի վերջում հորիզոնական ուղղությամբ զարգացնում են 0,7-1,0մ, երկրորդ տարվա վերջում՝ 1,2-1,5մ երկարություն ունեցող արմատներ, այնուհետև տարեկան 0,4-0,5մ-ով ավելանում է արմատային համակարգի տրամագիծը: Սաղարթի լրիվ կազմավորման շրջանում արմատները հորիզոնական ուղղությամբ զարգանում են 5-6, առանձին դեպքերում՝ մինչև 8մ շառավղով:
Այստեղից պարզ երևում է, որ պտղատու բույսերն իրենց հատկացվելիք սնման մակերեսը կարող են օգտագործել տնկման 4-12-րդ տարուց սկսած։
Օրինակ՝ խնձորենուն տրվում է 49-64մ2 տարածություն, որը կարող է օգտագործել իր կյանքի 8-10-րդ տարում։ Մյուս ծառերին համապատասխանաբար տրվում է՝ սալորենուն՝ 36-49 մ2, ծիրանենուն՝ 44-84 մ2, դեղձենուն՝ 20-36մ2 տարածություն, որը կարող են օգտագործել 4-7-րդ տարում:
Հայաստանի բարձրլեռնային շրջաններում, որտեղ պտղատու բույսերի նորմալ աճի համար ջերմության գործոնի առկայությունն է նվազագույնը,իսկ վեգետացիայի շրջանը համեմատաբար ավելի կարճ է, իսկ ծառերի աճը՝ թույլ, սնման ամբողջ մակերեսն օգտագործվում է ավելի ուշ ժամանակում: Օրինակ, բարձրադիր մասերում խնձորենին իրեն հատկացված սնման մակերեսը լրիվ օգտագործում է սկսած տնկման 12-13-րդ տարուց, տանձենին՝ 10-12-րդ, բալենին՝ 4-5-րդ, սալորենին՝ 6-7-րդ տարուց:
Միանգամայն հասկանալի է, որ երիտասարդ այգու միջշարքային տարածությունները, որոնք ժամանակավորապես չեն օգտագործվում պտղատու բույսերի արմատների կողմից, կարող են և պետք է մշակվեն որոշակի համակարգով: Այս նպատակով երիտասարդ այգու միջշարքային տարածություններում մշակում են այնպիսի բույսեր, որոնք ունեն տնտեսական որոշ նշանակություն, այսինքն՝ տալիս են հավելյալ բերք և հողի մեջ նպաստավոր պայմաններ են ստեղծում պտղատու բույսերի նորմալ աճի և զարգացման համար:
Ի՞նչ բույսեր մշակել այգու միջշարքային տարածություններում Ջրի և հանքային սննդանյութերի նկատմամբ պտղատու բույսերի առավելագույն պահանջը նրանց ուժեղ վեգետատիվ աճի շրջանում է լինում, այսինքն՝ մինչև ամռան կեսերը, որից հետո ջրի ու սննդանյութերի նկատմամբ պահանջն աստիճանաբար պակասում է, իսկ օգոստոսի
վերջերին համարյա հասնում է նվազագույնի, ուստի միջշարքային տարածությունների մշակման համար պետք է վերցնել այնպիսի մշակովի բույսեր, որոնց ջրի և սննդանյութերի առավելագույն պահանջը չի համընկնում պտղատու բույսերի առավելագույն պահանջի հետ:
Խորհուրդ է տրվում երիտասարդ այգիների միջշարքային տարածություններն օգտագործել հետևյալ մշակովի բույսերի համար.
1. միամյա թիթեռնածաղկավոր բույսեր (ոսպ, սիսեռ, վիկ, լոբի, շամբալա),
2. բանջարաբոստանային և շարահերկ բույսեր (ձմերուկ, վարունգ,
կարտոֆիլ, ճակնդեղ),
3. բազմամյա խոտեր՝ հացազգի խոտաբույսերի խառնուրդով (առվույտ,
կորնգան, երեքնուկ, բարձրաճ ռայգրաս, շյուղախոտ, ոզնախոտ և այլն),
4. հատապտղային բույսեր (ելակենի, հաղարջենի, կոկռոշենի):
Որպեսզի վերոհիշյալ բույսերից ճիշտ ընտրություն կատարենք միջշարքային տարածությունների մշակման համար (ելնելով մեր հանրապետության հողակլիմայական պայմաններից), անհրաժեշտ է մի քանի խոսքով կանգ առնել նրանց ընդհանուր կենսաբանական առանձնահատկությունների վրա:
1. Թիթեռնածաղկավոր բույսեր
Խորհուրդ է տրվում այգետնկման 3-4-րդ տարում երիտասարդ այգիների միջշարքային տարածություններում մշակել միամյա այնպիսի թիթեռնածաղկավոր բույսեր, որոնք ունենան հետևյալ առանձնահատկությունները.
ա) կարճ կյանք, ապրեն 3 ամսից մինչև մեկ տարի (լոբի, մաշ, ոլոռ,վիկ, շամբալա),
բ) արմատների վրա՝ պալարաբակտերիաներ, որոնք օդի ազատ ազոտը ֆիքսում են և կապում են իրենց արմատների հետ. վերջիններս էլ մնալով հողի մեջ, մեռնում, փտում և այդպիսով հողը հարստացնում են ազոտով:
Միամյա թիթեռնածաղկավոր բույսերը, ի տարբերություն մյուս բույսերի, ցանում են ինչպես գարնանը, այնպես էլ ամառվա կեսերին: Դրանց տարբեր ժամանակների ցանքը տարբեր ազդեցություն է թողնում երիտասարդ այգում աճող պտղատու բույսերի վրա: Օրինակ՝ գարնանը (ապրիլին) ցանելիս նրանք աճում են ուժեղ, իսկ մայիս-հունիս ամիսներին հողից վերցնում են մեծ քանակությամբ ջուր ու սննդանյութեր, ինչը համընկնում է պտղատու բույսերի ջրի ու սննդանյութերի առավելագույն պահանջի հետ:
Երկար տարիների մեր դիտումները և բազմաթիվ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ այդ բույսերի գարնան ցանքը նորատունկ այգիներում բացասական ազդեցություն է թողնում ինչպես տնկիների կպչողականության, այնպես էլ նրանց հետագա աճի վրա և հակառակը՝ ամռան առաջին կեսերի ցանքը խոշոր չափով նպաստում է ինչպես նորատունկ ծառերի կպչողականությանը, այնպես էլ նրանց հետագա աճին:
Այս երևույթը բացատրվում է նրանով, որ աշնանը հողը վարում, թողնում են ցելի տակ, իսկ գարնանից մինչև ամռան առաջին կեսը հողը երկու անգամ փխրեցնում և հետո են ցանում: Աշնան վարը և գարնափխրեցումները հողում կուտակում են մեծ քանակությամբ խոնավություն,որը նպաստում է բույսերի նորմալ աճին:
Ցանվող բույսերը փարթամանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, այսինքն՝ այն ժամանակ, երբ պտղատու բույսերի ջրի և սննդանյութերի պահանջը հասնում է նվազագույնի:
Այդ շրջանում ջուրը և սննդանյութերը կարող են երկարացնել պտղատու բույսերի վեգետացիան, իսկ միամյա թիթեռնածաղկավոր բույսերը,հողից խլելով այդ սննդանյութերը, նպաստում են պտղատու բույսերի վեգետացիայի արագ ավարտմանը, ինչպես նաև բույսերի բնափայտի շուտ հասունացմանը։ Վերջինս շատ ցանկալի է Հայաստանի լեռնային և չորային ցուրտ շրջաններում ծառերի ձմեռնադիմացկունությունը բարձրացնելու և նրանց ցրտահարություններից փրկելու համար: Բացի դրանից, նրանք հողը հարստացնում են օրգանական նյութերով և ազոտով, որն իր հերթին նպաստում է ինչպես նորատունկ ծառերի կպչողականությանը, այնպես էլ նրանց հետագա նորմալ աճին ու զարգացմանը:
2. Բանջարաբոստանային և շարահերկ բույսեր Խորհուրդ է տրվում տնկման հենց առաջին մեկ-երկու տարում երիտասարդ այգու միջշարքային տարածություններում մշակել ձմերուկ, վարունգ, ճակնդեղ, կարտոֆիլ, գազար և այլն:
Այդ մշակովի բույսերի կենսաբանական առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանց սերմերը կարելի է ցանել ուշ՝ ապրիլի վերջին, մայիսին, և սերմերը ծլելուց հետո սկզբում աճում են շատ դանդաղ, իսկ հետո՝ ուժեղ: Այսինքն՝ այս բույսերի վերընթաց աճը, հատկապես Հայաստանի լեռնային շրջաններում, տեղի է ունենում հուլիսի վերջին, օգոստոսի մեջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ պտղատու բույսերի առավելագույնպահանջը ջրի և սննդանյութերի նկատմամբ անցած է լինում:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այդ բույսերն իրենց ամբողջ վեգետացիայի ընթացքում պահանջում են 5-6 փխրեցում, բուկլից,մեծ քանակությամբ օրգանական պարարտանյութեր և այլն: Այս բոլոր միջոցները կիրառելուց հետո պտղատու բույսերի աճի ու զարգացման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ:
3. Բազմամյա խոտեր
Երիտասարդ այգում, որպես միջշարքային բույսեր, ցանում են բազմամյա թիթեռնածաղկավոր խոտերից առվույտ, կորնգան (չոր շրջաններում), իսկ հացազգի խոտաբույսերից՝ բարձրաճ ռայգրաս, ոզնախոտ,շյուղախոտ և այլն:
Միջշարքային տարածություններում այդ բույսերի մշակումը բնորոշ է նրանով, որ նրանք ծառերի վրա թողնում են ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցություն: Բացասական ազդեցությունը արտահայտվում է նրանով, որ նրանք վեգետացիայի ընթացքում զարգացնում են մեծ կանաչ զանգված, բացի դրանից, ունեն հողի խոր շերտերը գնացող արմատներ: Այդպիսի մեծ արմատային համակարգի կազմակերպման համար բնական է, որ նրանք պետք է շատ ջուր և սննդանյութեր ծախսեն:
Չնայած նրանց բացասական ազդեցությանը, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում բազմամյա թիթեռնածաղկավոր խոտերի և հացազգի խոտաբույսերի խառը ցանք կատարել միջշարքային տարածություններում, քանի որ դրանք լավացնում են հողի ֆիզիկա-քիմիական հատկությունները, հողին տալիս են կայուն կնձիկային կառուցվածք, այն հարստացնում են օրգանական նյութերով, ազոտով: Դա Հայաստանի քարքարոտ, անջրդի հողերում (ղըռերում) շատ կարևոր նշանակություն ունի:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առվույտի, կորնգանի դրական ազդեցությունը պտղատու բույսերի վրա ավելի զգալի է դառնում, երբ հիշյալ բույսերը մշակվում են միջշարքային տարածություններում 2-3 տարի։ Իսկ ավելի երկար տարիներ մշակվելու պարագայում, ընդհակառակը, հողում ստեղծվում են անաերոբ պայմաններ, և պտղատու բույսերն սկսում են թուլացնել իրենց աճը, իսկ հետագայում՝ նաև բերքատվությունը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում երիտասարդ այգիների միջշարքային տարածությունները 2-3 տարի պարտադիր կերպով զբաղեցնել բազմամյա թիթեռնածաղկավոր ու հացազգի խոտերի խառը ցանքով:
4.Հատապտղային բույսեր
Այս բույսերի մշակումը միջշարքային տարածություններում առաջացնում է մի շարք դժվարություններ: Նախ նրանք խանգարում են հողի մշակման, մեքենայացման, ծառերի բուժման և նրանց հետ տարվելիք այլ աշխատանքներին:
Այդ է պատճառը, որ միջշարքերում արգելվում է հաղարջենու, կոկռոշենու, մորենու մշակումը: Խորհուրդ է տրվում դրանք մշակել միայն միջծառային տարածություններում: Հատապտուղներից թույլատրվում է միջշարքային տարածություններում մշակել միայն ելակը:
Երիտասարդ այգու միջշարքային տարածություններում մշակվող վերոհիշյալ խումբ բույսերը բարձրացնում են հողի բերրիությունը և կարող են նպաստել ծառերի նորմալ աճին, եթե նրանք մշակվեն որոշակի հաջորդականությամբ:
1) Սև ցել + օրգանական պարարտանյութ (գոմաղբ)՝ 15-20տ/հա:
2) Բոստանային (ձմերուկ, վարունգ, դդմիկ) կամ շարահերկ մշակովի բույսեր (կարտոֆիլի ամառային ցանք, ճակնդեղ) + օրգանական պարարտանյութեր՝ 40-50տ/հա:
3) Միամյա թիթեռնածաղկավոր բույսեր (լոբի, ոսպ, սիսեռ, մաշ, վիկ, շամբալա):
4) Բանջարային բույսեր + օրգանական պարարտանյութեր՝ 30-40տ/հա, կամ հանքային պարարտանյութեր՝ հեկտարին 60-70 –ական կգ, ազդող նյութի հաշվով:
5) Խոտախառնուրդ (առվույտ, կորնգան + բարձրաճ ռայգրաս, ոզնախոտ, շյուղախոտ):
6) Բազմամյա խոտեր + ֆոսֆորական, կալիումական պարարտանյութեր, հեկտարին 70-80 կգ ազդող նյութի հաշվով:
7) Բազմամյա խոտեր + ֆոսֆորական, կալիումական պարարտանյութեր:
8) Բոստանային կուլտուրաներ + օրգանական պարարտանութեր՝ հեկտարին 30-40տ:
Միջշարքային տարածություններում մշակվող վերոհիշյալ խումբ բույսերը պահանջում են յուրահատուկ խնամք, սակայն դրանցից յուրա քանչյուրի մշակության ագրոտեխնիկան (միջշարքային տարածություն ների փխրեցումները, բուժումը, պարարտացումը և այլն) պետք է կիրառել այնպես, որպեսզի չխանգարի պտղատու բույսերի նորմալ աճին: Այն պետք է հարմարեցնել պտղատու բույսերի առանձնահատկություններին և պահանջներին:
Երիտասարդ ծառերի մերձբնային տարածությունների մշակումը
Երիտասարդ այգում ծառերի տարիքի ավելացմանը զուգընթաց փոքրանում է միջշարքային տարածություններում մշակվող բույսերի զբաղեց րած շերտը, որովհետև նորատունկ ծառերի արմատային համակարգն աստիճանաբար այնքան է զարգանում և տարածվում հորիզոնական ուղղությամբ, որ դուրս է գալիս սաղարթի գրաված տարածության սահմաններից: Ծառերի սաղարթները հետզհետե հասնում են ամենամեծ չափերի և նրանց կմախքային ճյուղերը միջշարքային տարածություններումխառնվում են իրար:
Բացի դրանից, եթե միջշարքային տարածությունները զբաղեցվում են այս կամ այն խումբ մշակովի բույսերով, ապա մերձբնային տարածությունների մշակումը պետք է կատարել առանձին: Ծառերի բնից մոտ 1-1,5մ տարածության վրա այդ աշխատանքը կատարում են ձեռքով՝ սովորական բահերով փորելով: Իսկ մերձբնային մնացած տարածության մշակման աշխատանքները մեքենայացվել են։ Այդ նպատակի համար կան հատուկ կուլտիվատորներ2:
Տնկման առաջին տարում մշակվող մերձբնային տարածության լայնությունը (տրամագիծը) պետք է լինի 1-1,5մ, հետագայում՝ մինչև ծառերի 7-10 տարեկան դառնալը, յուրաքանչյուր տարի 0,4-0,5 մ պետք է մեծացվի՝ հասցնելով մինչև 4-6մ-ի:
Փորում, փխրեցում
Մերձբնային տարածությունների հողի մշակման էությունն այն է, որ այդ տարածությունը փորում կամ փխեցնում են մի քանի անգամ և մշտապես պահում են փուխր վիճակում:
Առաջին անգամ փորում են աշնանը, այնուհետև գարնանն ու ամռանը փխրեցնում են 4-5 անգամ:
Մերձբնային տարածությունները կամ, այսպես կոչված՝ բաժակներըպետք է փորել այնպիսի խորությամբ, որ մազարմատները չվնասվեն:
Մերձբնային տարածությունները որքան շուտ վարեն, այնքան լավ:
Վաղ աշնանը փորը (կամ վարը) պայմաններ է ստեղծում հողում ավելի շատ խոնավություն կուտակելու, նոր մազարմատներ առաջացնելու, փորելու կամ վարելու ընթացքում վնասված արմատների վերքերը վերականգնելու համար: Աշնանափորից կամ վարից հետո հողը թողնում են չփոցխված վիճակում մինչև գարուն: Վաղ գարնանը հողը քեշի գալուց հետո մերձբնային տարածությունները փխրեցնում են 10-14սմ խորությամբ, 2 Վարած հողը փխրեցնելու, միջշարային տարածությունները մշակելու և քաղհանելու գործիք։
այնուհետև ամբողջ վեգետացիայի ընթացքում, հենց որ հողը կեղևակալում է կամ մոլախոտերը սկսում են ծլել, նորից են փխրեցնում՝ 8-10 սմ խորությամբ, և յուրաքանչյուր փխրեցումից հետո այգին ջրում են:
Բարձր լեռնային շրջաններում փխրեցումները պետք է ավարտել հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, ցածրադիր և նախալեռնային գոտու պայմաններում՝ օգոստոսի կեսին։ Ավելի ուշ կատարվող փխրեցումները ձգձգում են աճման պրոցեսները, որի հետևանքով ընձյուղներն ուշ են փայտանում և կարող են ցրտահարվել:
Պարարտացում
Մերձբնային տարածությունների խնամքի կարևոր աշխատանքներից մեկն էլ պարարտացումն է: Ինչպես նշվեց, մշակվող մերձբնային տարածությունների չափը՝ կախված ծառերի տարիքից, տարբեր է, հետևապես տարբեր չափով էլ նրանք պետք է պարարտացվեն:
Հայաստանում և նախկին Խորհրդային Միության տարբեր վայրերում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1մ2 մերձբնային տարածությանն աշնանը տալ գոմաղբ՝ բարձր լեռնային շրջաններում 5-6 կգ, իսկ մնացած շրջաններում՝ 8-10կգ ինչպես նաև 9-10գ (ազդող նյութի հաշվով), ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր: Ազոտական պարարտանյութերը պետք է տալ վաղ գարնանը և մայիսի վերջին, յուրաքանչյուրանգամ 6-8գ՝ ազդող նյութի հաշվով:
Պարարտացումից հետո պետք է անմիջապես ջրել: Երիտասարդ այգիներն ըստ բույսի պահանջի պետք է ջրել 8-10 անգամ, օգոստոսի կեսիցպետք է ուշ-ուշ ջրել, իսկ սեպտեմբերի կեսից՝ դադարեցնել:
Չոր շրջաններում խոնավությունը հողի մեջ կուտակելու և պահպանելու համար խորհուրդ է տրվում մերձբնային տարածությունները մուչապատել3, իսկ ձմռան ընթացքում ծառերի բների մոտ հավաքել և կուտակել ձյունը։ Այդ նպատակի համար լավ կլինի օգտագործել վահանիկներ, որոնք մեծ չափով նպաստում են հողի մեջ խոնավության կուտակմանը, հետևապես և ծառերի նորմալ աճին:
3 мульча - ցանքածածկ
Այգու հողի մշակման եվ պահպանման համակարգը
Հողի մշակման (պահպանման) համակարգ է կոչվում այն համալիր (կոմպլեքս) ագրոմիջոցների զուգակցումն ու հաջորդականությունը, որոնք կիրառվում են պտղատու այգիների հողը մշակելիս:
Պտղաբերող այգու հողի մշակման եղանակի ճիշտ ընտրությունից և կիրառումից է կախված նրա ֆիզիկա-քիմիական հատկությունների լավացումը, բերրիության մշտական բարձրացումը, ծառերի երկարակեցությունը, փարթամ աճը, հետևապես բարձր ու որակով բերքի ստացումը:
Ինչպես արտասահմանյան երկրներում (Ու.Զենդլեր, Վ.Ռոդջերս, Ս.Ս.Ռուբին, Ն.Ճ.Սպիվակովսկի), այնպես էլ Հայաստանում (Գ.Ն.Սանթրոսյան) կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ագրոմիջոցների չզուգակցված, իրարից անջատ կիրառումը բարձր արդյունք չի տալիս, ընդհակառակը, որոշ դեպքերում դրանց միակողմանի, երկարատև կիրառումը նույնիսկ բացասական ազդեցություն է թողնում ինչպես հողի բերրիության, այնպես էլ բերքատվության բարձրացման վրա: Հետևաբար, առանձին միջոցառումների ճիշտ զուգակցումն ու նրանց հաջորդականությունը այգու հողի մշակման համակարգում բերքատվության բարձրացման կարևորագույն երաշխիք են: Հայտնի է ակադեմիկոս Վ.Ռ.Վիլյամսի այն դրույթը, որ բույսի բերքատվությունը կարելի է անընդհատ բարձրացնել, եթե կարողանանք ներգործել հողի և արտաքին պայմանների (որոնցում աճում են բույսերը) հանրահաշվական համալիր (կոմպլեքս) գումարի վրա: Մշակման ճիշտ համակարգ ընտրելու համար անհրաժեշտ է լավ պատկերացում ունենալ նրա մեջ մտնող ագրոմիջոցառումների մասին:
Սեվ ցել
Պտղաբերող այգիների հողի մշակման (պահպանման) հիմնական միջոցառումներից մեկը սև ցելն է: Նրա դերը չափազանց մեծ է հատկապես այն գոտիներում, որտեղ մթնոլորտային տեղումների քանակը վեգետացիայի շրջանում քիչ է, արհեստական ոռոգման համար պահանջվող ջրի քանակը՝ պակաս, օդի հարաբերական խոնավությունը՝ շատ ցածր:
Սև ցելի պայմաններում այգիների միջշարքային տարածությունների հողը միշտ պահվում է վարված, փուխր, մոլախոտերից ազատ, մաքուր վիճակում:
Սև ցելի դերը հետևյալն է.
ա) լավացնել հողի ջրային ռեժիմը,
բ) հողը հարստացնել հանքային սննդանյութերով,
գ) լավացնել հողի օդային և ջերմային ռեժիմները,
դ) նպաստել հողի մեջ տեղի ունեցող միկրոկենսաբանական պրոցեսների ինտենսիվությանը,
ե) պայքարել մոլախոտերի և այն հիվանդությունների հարուցիչների ու վնասատուների դեմ, որոնք ձմեռում կամ ձվադրում են հողի մակերեսին և մոլախոտերի վրա,
զ) կանխել հողերում մթնոլորտային տեղումներից կամ հորդ անձրևներից ջրի մակերեսային հոսքի առաջացումը:
Սև ցելի պայմաններում տեղումներն ամբողջությամբ ներծծվում և կուտակվում են հողի մեջ, մեղմանում և նվազագույնի է հասնում հողի մակերեսից ջրի գոլորշիացումը:
Վարած փուխր հողերում օդն ավելի ազատ է թափանցում հողի մեջ, լավանում է ջրային ռեժիմը, հատկապես այն շերտերում, որտեղ տարածված են մազարմատները, դրանով լավացնում են արմատների ռիզոսֆերան4 ու միկորիզան, և ստեղծվում են նպաստավոր պայմաններ արմատների ինտենսիվ աճի համար: Բացի դրանից, միկրոկենսաբանական գործընթացների ուժեղացման հետևանքով հողի մեջ բարդ միացությունների ձևով գտնվող հանքային սննդանյութերը քայքայվում և վերածվում են պարզ, բույսերի համար մատչելի սննդանյութերի: Այսպիսով, հողը հարստանում է սննդանյութերով ու բարձրանում է նրա բերրիությունը: Հետազոտություններից պարզվել է, որ սև ցելի ժամանակ ծառի ընթացիկ տարվա շիվերի աճը, պտղաբերող ճյուղերի (օղանիստերի, նիզակների, փնջաճյուղերի, խառը պտղաբերող շիվերի), ծաղկաբողբոջների քանակն ավելի շատ են լինում:
4 Բույսերի արմատների հետ անմիջականորեն շփվող հողի շերտ (2-3 մմ), որտեղ կուտակված են մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ։
Սև ցելի կատարման տեխնիկան
Վեգետացիայի վերջում՝ աշնանը, այգու հողը պարարտացնում են օրգանական, ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերով: Դրանից հետո այն վարում են 20-25սմ խորությամբ: Վարած վիճակում հողը մնում է մինչև գարուն: Գարնանը հողի գոլորշիացման մակերեսը փոքրացնելու նպատակով աշնանավարը պարարտացնում են ազոտով, այնուհետև սկավառակային փոցխով փոցխում են 12-15սմ խորությամբ: Վեգետացիայի ընթացքում՝ մինչև հուլիսի վերջը և օգոստոսի սկիզբը, կա տարում են հողի կուլտիվացիա (փխրեցում)՝ 4-5 անգամ, 8-10 սմ խորու թյամբ: Մայիս, հունիս ամիսներին և մինչև հուլիսի կեսը 2-3 անգամ սնու ցում են ազոտական պարարտանյութերով: Սնուցման ժամկետները պետք է զուգակցել համապատասխան ամիսներին կատարած փխրեցումների ժամկետների հետ:
Սակայն միաժամանակ պրակտիկան ցույց է տվել, որ եթե սև ցելի տակ այգու հողը մի քանի տարի է մնում, ապա այն բացասաբար է անդրադառ նում ծառերի աճի ու բերքատվության վրա, քանի որ տարիների ընթացքում անընդհատ փխրեցումների հետևանքով հողը փոշիանում է, քայքայվում է նրա կառուցվածքը և խիստ պակասում են նիտրիֆիկացիոն գործընթացները, բույսերի աճի համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ: Դրանից խուսափելու համար այգու հողը սև ցելի տակ պետք է պահել ոչ ավելի,քան 2-3 տարի: Ավելի լավ արդյունք է տալիս, երբ սև ցելը զուգակցվում է ծածկող մշակովի բույսերի (զբաղեցրած ցելի) հետ:
Կանաչ պարարտացում կամ սիդերացիա
Այգու հողի պահպանման այդ ձևը երբեմն կոչվում է ծածկվող բույսերի մշակման համակարգ, երբեմն էլ՝ զբաղեցրած ցել: Դա փաստորեն սև ցելի և ծածկող բույսերի զուգակցումն է:
Այդ համակարգով միջշարքային տարածությունների մշակման էությունն այն է, որ վեգետացիայի շրջանում պտղատու բույսերի բուռն աճի ընթացքում այգու հողը գարնանից (դեռ նախորդ տարվա աշնանից) մինչև ամռան կեսերը պահում են սև ցել վիճակում, որից հետո հուլիսին (կախված տեղի հողակլիմայական պայմաններից՝ որոշ շրջաններում հուլիսի սկզբին կամ կեսին, իսկ բարձր լեռնային շրջաններում հուլիսի վերջին) ցանում են միամյա, կյանքի կարճ տևողություն (2-3 ամիս) ունեցող թիթեռնածաղկավոր բույսեր: Աշնանն այդ ամբողջ կանաչ զանգվածը վարում և շուռ են տալիս հողի տակ՝ որպես կանաչ պարարտացում:
Հողի այդպիսի մշակման ժամանակ օգտագործում են սև ցելի դրական կողմերը և վերացնում բացասականները:
Պտղաբերող այգու հողի ցելա-սիդերացիոն մշակման առավելություններն են.
ա) Պտղատու բույսերի ուժեղ վեգետատիվ աճի շրջանում, երբ նրանց պահանջը սննդանյութերի և ջրի նկատմամբ հասնում է առավելագույնի, միջշարքային տարածությունները պահվում են ցել վիճակում, որը նպաս տում է հողի մեջ ջրի կուտակմանը, կանխում է գոլորշիացումը և, համեմատած մշակման այլ սիստեմների հետ, ավելի լավ է ապահովում պտղատու բույսերի աճն ու զարգացումը:
բ) Լավացնում է հողի օդային ռեժիմը, նպաստում է միկրոկենսաբա նական գործընթացների ինտենսիվությանը: Քայքայվում են հողի մեջ եղած բարդ հանքային միացությունները՝ վերածվելով բույսերի համար ավելի պարզ, մատչելի սննդանյութերի, ինչի արդյունքում հողը հարստանում է հանքային սննդանյութերով:
գ) Այգիների միջշարքային տարածություններում ամռան կեսերին ցանում են միամյա, կյանքի կարճ տևողություն ունեցող թիթեռնածաղկավոր բույսեր, որոնց բուռն աճի շրջանը օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են, երբ նրանք իրենց փարթամ աճի համար հողից վերցնում են մեծ քանակությամբ հանքային սննդանյութեր և ջուր, ինչի արդյունքում պտղատու բույսերի համար դառնում են ուժեղ մրցակիցներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մրցակցությունում սիդերացիոն բույսերը հողի վերին շերտում տարածված խիտ արմատային համակարգի շնորհիվ հաղթող են դուրս գալիս, որի հետևանքով պտղատու բույսերը, ընկնելով սննդանյութերի և ջրի խիստ անբարենպաստ պայմանների մեջ, ճնշվում են, շիվերի աճը կանգ է առնում, տեղի է ունենում փայտացում, և բույսերը շուտ են մտնում հանգստի շրջան: Այս հանգամանքն օգնում է ծառերի ձմեռնադիմացկունության բարձրացմանը:
դ) Սիդերացիոն բույսերն աշնան վարի ժամանակ շուռ են տալիս հողի տակ,նրանց ամբողջ կանաչ զանգվածն ու արմատային համակարգը հողի մեջ մնալով, աշնան ու ձմռան ընթացքում քայքայվում, վերածվում են օրգանական նյութերի: Դրա հետևանքով հողը հարստանում է հումու սով, լավանում են նրա կառուցվածքը և ֆիզիկա-քիմիական հատկու թյունները: Բացի դրանից, սիդերատները, լինելով թիթեռնածաղկավոր բույսեր, իրենց արմատների վրա ունենում են պալարաբակտերիաներ, որոնք, ֆիքսելով օդի ազատ ազոտը, հողը հարստացնում են ազոտով, որը շատ կարևոր է պտղատու բույսերի ծաղկման, վեգետատիվ մասերի աճի, պտուղների խոշորացման և նոր ծաղկաբողբոջների գոյացման համար:
Մշակման այդ համակարգը կոչվում է կանաչ պարարտացում:
Հայաստանում Գ.Ն.Ամիրջանյանի, Վրաստանում՝ Ս.Պ.Կաչարովայի և ՌԴ Կրասնոդարի փորձնական կայանում կատարած բազմաթիվ փորձերով հաստատվել է, որ ցելասիդերացիոն համակարգով այգիների միջ շարքային տարածությունների մշակումը ծառերի բերքատվությունը բարձրացնում է 15-17 և ավելի տոկոսով: Ցելասիդերացիոն համակարգով հողի մշակման արդյունավետությունը շատ բանով կախված է բույսերի ճիշտ ընտրությունից:
Խորհուրդ է տրվում սիդերացիոն բույսերն ընտրելիս առավելությու նը տալ այն բույսերին, որոնք լավ հարմարված են տվյալ գոտու հողակլի մայական պայմաններին: Նրանց առավելագույն պահանջը չպետք է համ ընկնի ծառերի պահանջի հետ: Նրանք պետք է լինեն միամյա և ունենան կյանքի կարճ տևողություն. սկզբից (ցանքի առաջին ամսին) աճեն դան դաղ, իսկ հետո՝ արագ, լինեն թիթեռնածաղկավոր և այնպիսի բույսեր, որոնց սերմերն ամառվա ցանքի ժամանակ ունենան լավ և հավասար ծլունակություն:
Հաշվի առնելով այդ բոլորը, խորհուրդ է տրվում Հայաստանի ցածրա դիր և նախալեռնային շրջաններում մշակել լոբի, ոլոռ, ոսպ, մաշ, սիսեռ, վիկ, շամբալա, վիկ-վարսակի խառնուրդ, Մեղրիում՝ նաև գետնանուշ (արախիս):
Ինչպես նշվեց վերևում, սիդերացիայի համար ընտրված բույսերի սերմերը պետք է ցանել ամռանը. բարձր լեռնային գոտում՝ հունիսի սկզբին, նախալեռնային գոտում՝ հունիսի կեսին, իսկ ցածրադիր գոտում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան)՝ հուլսի սկզբին:
Սերմերը ցանում են շարքացանով, իսկ բնի մոտ՝ ձեռքով, 3-4սմ խորությամբ: Ցանքից անմիջապե հետո պետք է ջրել: Առաջին ցողունն արձակելուց հետո հողը 5-6 սմ խորությամբ պետք է պարարտացնել ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերով՝ 30-40 կգ/հա ազդող նյութի հաշվով: Լոբու, ոլոռի, մաշի բերքահավաքից հետո աշնանը հողը պետք է վարել ու դրանց ամբողջ ցողունային մասն ու արմատները շուռ տալ հողի տակ:
Եթե ցանված է վիկ, շամբալա կամ վիկ-վարսակային խառնուրդ, ապա բույսերի ծաղկելուց 1-8 օր առաջ հողը պետք է վարել և ամբողջ կա նաչ զանգվածը վարածածկել որպես կանաչ պարարտացում:
Պտղատու այգիների միջշարքային տարածությունների մշակման ճմաբուսային եղանակի էությունն այն է, որ այգու հողը երկար ժամանակ պահվում է խամ վիճակում, բնական, երբեմն արհեստական խոտածածկի տակ:
Խոտերից բարձր բերք ստանալու համար ամեն տարի հողը պարարտացնում են:
Վեգետացիայի ընթացքում խոտը հնձում են հաճախակի։ Հնձելուց հետո խոտի հնձված կանաչ զանգվածն այգուց չեն հանում և չեն օգտագործում որպես անասնակեր, այլ թողնում են տեղում կամ հավաքում են մերձբնային տարածություններում՝ որպես մուլչ:
Հաճախակի հնձելու հետևանքով փոքրանում է խոտաբույսերի գոլոր շիացման մակերեսը, հանքային սննդանյութերի ծախսը և աստիճանաբար մեծանում է մուլչաշերտի հաստությունը, որը և կանխում կամ խիստ քչացնում է գոլորշիացումը:
Հնձված խոտը փռում են միջշարքային կամ մերձբնային տարածություններում, և դրա հետևանքով քչանում է գոլորշիացումը (հատկապես սաղարթի տակ հասնում է նվազագույնի): Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի պտղատու բույսերի աճի ու բերքատվության համար, որովհետև ակտիվ արմատների 70-80%-ը կենտրոնացած է այն մերձբնային տարածությունում, որը գտնվում է սաղարթի տակ:
Այգու հողի ճմաբուսահողային համակարգով մշակումը լավացնում է հողի կառուցվածքը և նրա մասնիկների ջրակայունությունն ու ջրաթափանցելիությունը, մեծացնում է հումուսի քանակը, պակասեցնում կամ մեղմացնում է ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում հողի ջերմաստիճանների տատանումները:
Սակայն այդ բոլոր կողմերի հետ միաժամանակ նկատվում է ազոտային սննդառության վատացում: Չնայած տարվա ընթացքում ֆոսֆորի ու կալիումի ընդհանուր քանակը ավելանում է, սակայն խիստ կերպով պակասում են նրանց մատչելի վիճակում եղած միացությունները, ինչը բացասաբար է անդրադառնում ծառերի աճի և պտղաբերման վրա:
Այգու հողի պահպանման ճմաբուսային համակարգը մեր հանրապե տության գրեթե բոլոր շրջաններում կիրառվում է դեռևս հին ժամանակներից, միայն այն տարբերությամբ, որ խոտը հնձում են ոչ հաճախակի (ինչպես այդ արվում է արտասահմանում)՝ 2-3, երբեմն՝ 4-5 անգամ, և դժբախտաբար հնձված խոտը չեն թողնում այգում որպես մուլչ, այլ դուրս են հանում այգուց և օգտագործում որպես անասնակեր: Այդ է պատճառը, որ ճմաբուսաին համակարգը, ոչ ճիշտ օգտագործման պատճառով, Հայաստանի
պայմաններում լավ արդյունք չի տալիս, հաճախ այգիների չորացման պատճառ է դառնում կամ խիստ կերպով իջեցնում է բերքատվությունը:
Ժամանակավոր արհեստական ճմակալում
Այգու հողի մշակման (պահպանման) վերը նշված համակարգերից ոչ մեկն այնքան դրական ազդեցություն չի թողնում հողի կառուցվածքի ստեղծման և պահպանման վրա, որքան ժամանակավոր արհեստական ճմակալումը:
Ժամանակավոր արհեստական ճմակալման արդյունավետ ներգործությունը հողի բերրիության բարձրացման վրա ավելի ակնհայտ է դառնում, եթե այն զուգակցում են բարձր ագրոտեխնիկայի, հատկապես ոռոգման և պարարտացման հետ:
Ճմակալումը շատ կարևոր նշանակություն ունի մեր հանրապետության՝ հատկապես Արզնի-Շամիրամի, Աբովյանի, Թալինի, Աղավնաձորի ջրանցքների տակ ընկած, ստրուկտուրազուրկ հողերի համար: Հայաստանի ղըռ, կիսանապատային հողերում ճիմի ստեղծումն այդ հողերի յուրացման, բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործման նախապայմանն է:
Ճմակալման էությունն այն է, որ այգիների միջշարքային տարածությունների հողը 2-3 տարի պահվում է բազմամա թիթեռնածաղկավոր և հացազգի խոտաբույսերի տակ:
Բազմամյա թիթեռնածաղկավոր խոտերը, հատկապես առվույտը, ունեն հողի ստորին շերտերը (1,5-2մ) թափանցող արմատներ, որոնք շատ հարուստ են կարբոնատներով, հատկապես կալցիումով: Առվույտի արմատները, հասնելով այդ շերտին, բարձրացնում են այնտեղից կալցիումը և դրանով իսկ հարստացնում են հողը: Ինչպես գիտենք, կալցիումը կարող է հողի տարբեր մասնիկներն իրար միացնող, ցեմենտող դեր կատարել: Մասնիկներն իրար հետ միացնելով՝ կալցիումը ստեղծում է ստրուկտուրա: Բացի այդ, առվույտի ու կորնգանի արմատների վրա եղած պալարաբակտերիաները ֆիքսում են օդի ազատ ազոտը և հողը հարստացնում ազոտով:
Հացազգի խոտաբույսերը, ընդհակառակը, զարգացնում են շատ խիտ, հողի ոչ շատ խոր շերտերը թափանցող մազարմատներ, որոնք իրենց մեջ ընդգրկում, պարուրում են հողի յուրաքանչյուր մասնիկը և, հողի մեջ մնալով, փտում ու այն հարստացնում են օրգանական նյութերով՝ ավելացնելով հումուսի քանակը:
Ճմակալման դրական կողմերից մեկն էլ հողի պահպանումն է էրո զիայից. դա շատ կարևոր է, որովհետև Հայաստանում պտղատու այգիների զգալի մասը հիմնադրված է 7 և ավելի աստիճան թեքություն ունեցող լեռնալանջերի վրա, որտեղ հողի լվացման վտանգը շատ մեծ է:
Բացի դրական կողմերից, արհեստական ճմակալումն ունի նաև բացասական կողմեր: Խոտերն աճում են սկսած վաղ գարնանից մինչև ուշ աշուն և ամբողջ վեգետացիայի ընթացքում օգտագործում են շատ մեծ քանակությամբ ջուր ու սննդանյութեր։ Նրանց առավելագույն պահանջը համընկնում է պտղատու բույսերի համանման պահանջի հետ, որի հետևանքով վատանում են ծառերի ջրային և սննդառության ռեժիմները:
Եթե հողը մի քանի տարի պահվում է այդ համակարգով, ապա պնդանում է, օդն ազատ չի թափանցում նրա մեջ, և դրանից վատանում է միկրոկենսաբանական գործընթացների ինտենսիվությունը, ստեղծվում են անաերոբ պայմաններ, վատանում են ռիզոսֆերան և միկորիզան, ծառերի աճը թուլանում է, և ի վերջո նրանք կարող են չորանալ:
Չնայած այդ համակարգի բացասական կողմերին, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում ղըռ, ստրուկտուրազուրկ հողերը պահել ժամանակավոր ճմակալման տակ, սակայն ոչ ավելի, քան 2-3 տարի։ Ընդ որում, վերջին տարվա վերջին հարի խոտը այգուց դուրս չտանել, այլ փռել հողի մակերեսին և վարելով շուռ տալ հողի տակ՝ որպես կանաչ պարարտացում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այգու միջշարքային տարածությունների մեկընդմեջ ժամանակավոր արհեստական ճմակալման եղանակն ավելի դրական ազդեցություն է թողնում, քան համատարած ճմակալումը:
Դրա էությունը հետևյալն է. ծառերի յուրաքանչյուր շարքի մի կողմի տարածությունը պահվում է արհեստական ճմակալման տակ, իսկ մյուս կողմինը՝
սև ցելի կամ ցելասիդերացիայի: Հետագայում (2-3 տարի հետո) կատարվում է տեղափոխություն, այսինքն՝ ցելով զբաղեցրած տարածությունում ցանում
են բազմամյա խոտեր, իսկ ճմակալման տակ եղած միջշարքերը վարում և թողնում են որպես սև ցել:
Այգու հողի մուլչապատում
Պտղատու այգիների հողի մուլչապատումը շատ հին պատմություն ունի, սակայն, որպես հողի պահպանման կարևորագույն միջոցառում, այն ճանաչում է ստացել միայն վերջին երկու տասնամյակների ընթացքում: Հայաստանում մուլչապատումը, որպես կարևորագույն միջոցառում, մինչև այժմ չի կիրառվել: Ճիշտ է, որոշ տնամերձներում առանձին մարդիկ կիրառում են այն, սակայն այն կրում է տարերային բնույթ:
Մուլչապատման ժամանակ հողի մեջ ջուր կուտակելու և գոլորշիացումը կանխելու կամ այն մեղմացնելու նպատակով հողի մակերեսը ծածկում են զանազան նյութերով, օրինակ՝ ծղոտով, անասնակերի համար ոչ պիտանի խոտաբույսերով, թեփով, դարմանով, գոմաղբով (ընդ որում, կան սև և սպիտակ մուլչաթղթեր): Այդ նյութերը կոչվում են մուլչանյութեր, իսկ հողի երեսի ծածկումը մուլչանյութով կոչվում է մուլչապատում:
Մուլչապատման նշանակությունը պտղատու այգիների համար շատ մեծ է. այն նպատում է ջրի թափանցմանն ու կուտակմանը հողի խոր շերտերում, կանխում կամ մեղմացնում է նրա մակերեսից ջրի գոլորշիացումը, արգելակում է հողի մակերեսից ջրի հոսքի առաջացումը:
Կարգավորում է հողում ջերմային ռեժիմը, ցուրտ շրջաններում հողի մակերեսային շերտում տարածված արմատները պահպանում է ցրտահարումից։ Մանավանդ սև մուլչը կլանում է արեգակի ճառագայթները և, հողը տաքացնելով, պայմաններ է ստեղծում արմատների նորմալ աճի համար: Ամռանը սպիտակ գույնի մուլչն անրադարձնում է արեգակի ճառագայթները և հողը պահպանում է ուժեղ տաքացումից, դրանով նպաստավոր պայմաններ են ստեղծվում արմատների համար:
Խոնավության և ջերմության ռեժիմների կարգավորման հետևանքով ստեղծվում են նպաստավոր պայմաններ միկրոկենսաբանական պրոցեսների ընթացքի և ռիզոսֆերայի համար, ինչի հետևանքով բարդ օրգանական միացությունները քայքայվում և վերածվում են պարզ, մատչելի սննդանյութերի:
Մուլչապատման միջոցով պայքարում են նաև մոլախոտերի դեմ. նոր ծլած մոլախոտերը մուլչի տակ՝ ստվերոտ պայմաններում, ոչնչանում են:
Մուլչապատումը սկսում են գարնանը՝ կուլտիվացիայից անմիջապես հետո և հողը մուլչի տակ պահում են ամբողջ ամառը: Աշնանը մուլչը հավաքում և խնամքով պահում են՝ հաջորդ տարին օգտագործելու համար:
Մուլչապատում են 7-8սմ շերտով: Շատ լավ արդյունք է տալիս, երբ մուլչապատում են բնամերձ տարածությունները:
Այգու հողերի մշակման ժամկետները եվ տեխնիկան
Պտղատու բույսերի արմատները, ինչպես նշվեց վերևում, աճում են նաև աշնանը և նույնիսկ ձմռանը։ Հետևաբար աշնանը արմատների աճի ու կենսագործունեության համար անհրաժեշտ է հողը վարել և պահել փուխր վիճակում:
Հայաստանում բազմամյա ուսումնասիրություններն ու առաջավոր պրակտիկան ցույց են տվել, որ կորիզավորների և հնդավորների ամառային սորտերով հիմնված այգիներում հողի վարի ամենալավ ժամանակը համարվում է սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի վերջը: Հնդավորների աշնանային և ձմեռային սորտերով զբաղեցրած այգիների հողը վարելու լավագույն ժամանակը բերքահավաքից հետո կատարած վարն է, որը մեր պայմաններում համընկնում է հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 10-15-ը ընկած ժամանակաշրջանի հետ: Բազմամյա գիտափորձերից պարզվում է նաև, որ շատ չորացած հողերը չպետք է վարել, որովհետև չոր հողի դիմադրողականությունը մեծ է, այն ամուր է կպած լինում արմատներին և այդ վիճակում վարելիս արմատների, մանավանդ մազարմատների ոչնչացման և չորացման հավանականությունը շատ մեծ է: Դրանից խուսափելու համար այգու հողը պետք է լավ ջրել և, երբ հողը քեշի գա, կատարել աշնանավար։
Բացի այդ, կարելի է վարել նաև լավ տեղացող անձրևներից հետո՝ հողի քեշի գալու ժամանակ: Փուխր հողերն ամուր կպած չեն լինում, և վարելու ժամանակ արմատները քիչ են վնասվում:
Հայաստանի տարբեր շրջաններում կատարած մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե այգու միջշարքային տարածությունները խորությամբ չեն մշակվում (վար) կամ բոլորովին չեն մշակվում, ապա այդպիսի պայմաններում ծառերի մազարմատներն աճում և տարածվում են հողի վերին շերտերում: Օրինակ՝ ծիրանենու այգու այն հողամասը, որտեղ միջշարքային տարածությունները երկար տարիներ չէին մշակվել, մազարմատների զգալի մասն առաջացել էր գետնի մակերեսից 7-8սմ խո-
րության վրա, 25-30սմ խորության մեջ նրանց թիվը շատ քիչ էր, իսկ 40-50սմ խորության մեջ նրանք համարյա թե չէին թափանցել: Այդ նույն այգու մյուս հողամասում, որտեղ միջշարքային տարածությունները մի քանի տարի անընդմեջ խորությամբ մշակվել էին, գետնի մակերեսից մինչև 15սմ խորության վրա մազարմատներ չէին առաջացել, իսկ 18-20սմ խորությունում առաջացել էին շատ քիչ: Նրանք հիմնականում գոյացել էին 25-30-ից մինչև 60սմ խորությունների վրա, 70-80սմ-ից ավելի խոր շերտե-
րում մազարմատներ չէին առաջացել: Վերջին հողակտորում ծառերն աճում էին շատ փարթամ, մեկ տարեկան շիվի միջին երկարությունը երկու անգամ ավելին էր, քան առաջին դեպքում, տերևներն ավելի խոշոր էին և ծիրանենու Երևանի սորտի բերքը 1,5-2 անգամ ավելին էր, քան չմշակված միջշարքային տարածություններում:
Այս տվյալները վկայում են, որ պտղաբերող այգու միջշարքային տարածությունները պետք է վարել խորը (25սմ): Խորը վարելու դեպքում հողի խոնավությունը 5-6%-ով ավելի բարձր է լինում, մազարմատները գոյանում են ավելի խոր շերտերում, ավելի մեծ սնման մակերես են ունենում, դրանից ծառերն ավելի երաշտադիմացկուն ու ցրտադիմացկուն են լինում, բարձրանում է բերքատվությունը և այլն:
Աշնան վարի խորությունը, կախված այգում աճող ծառատեսակների կենսաբանական առանձնահատկություններից և տեղի կլիմայական պայմաններից, անշուշտ, տարբեր է. օրինակ՝ հատապտղային այգիներում վարի խորությունը պետք է լինի 10-15սմ, կորիզավորներից՝ դեղձենու, բալենու այգիներում աշնանավարի խորությունը պետք է լինի 15-
18սմ, մնացած կորիզավորների համար՝ 20-22սմ, իսկ հնդավորների այգիներում՝ 22-25սմ:
Աշնանավարից առաջ այգու հողը պարտադիր կերպով պետք է պարարտացնել ֆոսֆորական, կալիումական և օրգանական պարարտանյութերով:
Աշնանավարից հետո հաջորդ տարում (վեգետացիայի ընթացքում)պետք է կատարել 5-6 կուլտիվացիա: Ընդ որում, առաջին կուլտիվացիան կատարում են ցածրադիր շրջաններում՝ մարտի վերջին, հյուսիս-արևելյան շրջաններում՝ մարտի 10-20-ը, նախալեռնային շրջաններում՝ մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբը, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ ապրիլի մեջ: Իհարկե, նշված ժամկետները, կախված տարվա եղանակներից, կարող են փոխվել մի քանի օրով և նույնիսկ շաբաթով: Առաջին կուլտիվացիայից առաջ հողը պարարտացնում են ազոտական պարարտանյութերով, ապա սկավառակային կուլտիվատորներով վարում են 10-14սմ խորությամբ:
Երկրորդ և երրորդ կուլտիվացումները կատարում են մայիսին և հունիսին՝ 10-12սմ խորությամբ, 4-6-րդ կուլտիվացումները՝ հունիսին, հուլիսի մեջ՝ 8-10սմ խորությամբ:
Փխրեցումներից անմիջապես հետո այգին պետք է ջրել: