Գյուղատնտեսություն

Ինչ մշակել և որքան

լոգիստիկ կենտրոնները

Որպեսզի Հայաստանում գյուղացու արտադրածը դաշտում չմնա և արագ իրացվի, երկրում կստեղծվեն գյուղմթերքի մթերման ու բաշխման կենտրոններ։

Թեմայի վերաբերյալ Ագրոպրեսի հարցերին պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

- Պարո՛ն Խոջոյան, տեղի է ունեցել Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ստեղծման գործողությունների պլանի ներկայացումը: Ի՞նչ ծրագիր է այն, ո՞րն է նպատակը, ի՞նչ խնդիր է դրանով լուծվելու:

- Նախաձեռնության նպատակն է նվազեցնել հետբերքահավաքային կորուստները, խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում և նպաստել գյուղատնտեսական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կներկայացվի գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ձևավորմանը նպաստող ռազմավարական մոտեցումների փաթեթ՝ համապատասխան առաջարկներով և ճանապարհային քարտեզով։ Գործողությունների պլանը կմշակվի Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ։

Մենք սահմանել ենք խնդիր, որն ամրագրվել է նաև Կառավարության ծրագրում՝ հիմնել լոգիստիկ կենտրոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բավարարել արտաքին շուկաների պահանջարկը, դիվերսիֆիկացնել շուկաները և մուտք գործել նոր մատակարարման շղթաներ:

Հայաստանում ֆերմերների կրած փաստացի հետբերքային կորուստները հիմնականում պայմանավորված են գյուղատնտեսության ոլորտում ենթակառուցվածքների և ինստիտուցիոնալ կարողությունների բացակայությամբ: Հետազոտական տվյալների համաձայն՝ բերքահավաքի իրացումը լրջագույն խնդիրներից է ֆերմերների համար, այն ազդում է ոլորտի զարգացման և համապատասխան միջոցների արդյունավետ օգտագործման վրա՝ հող, ջուր, աշխատուժ, սերմեր, պարարտանյութ և այլն: Հենց այս խնդրին է անդրադառնում Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների՝ լոգիստիկ կենտրոնների, ստեղծման գործողությունների պլանի մշակման նախաձեռնությունը:

-Ի՞նչ միջոցներով է ծրագիրը կյանքի կոչվելու:

-Հայաստանի ներդրումային հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության համատեղ ծրագրին աջակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Միացյալ թագավորության «Լավ կառավարման» հիմնադրամը:

Հնարավոր չէ գերագնահատել առաջնային գյուղատնտեսության դերը Հայաստանում տնտեսական աճի ապահովման և գյուղական համայնքների զարգացման առումով։ Արդյունավետ հետբերքահավաքային արժեշղթան առաջնային գյուղատնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից է։ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է ֆինանսական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել մասնավոր հատվածի ներդրողներին համապատասխան բիզնես ծրագրերի առկայության դեպքում:

Պարենային անվտանգության ապահովման համար մերօրյա բարդ գլոբալ միջավայրում կարևոր է միջոցներ ձեռնարկել ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում՝ պարենային անվտանգության համակարգերի ճկունությունը բարձրացնելու համար: Այդ իսկ պատճառով կարևորում եմ նաև Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին՝ բարելավելու գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքի հավաքման և բաշխման կենտրոններ:

- Պարո՛ն Խոջոյան, այսինքն՝ օգնելո՞ւ եք ֆերմերին մթերման հարցը կազմակերպել:

-Լոգիստիկ շղթաները կարող են ապահովել ֆերմերների և շուկաների կապը, լինեն դրանք թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկաներ, և կկարողանան հստակ պայմանագրային սկզբունքով թելադրել ֆերմերին, թե այսօր ինչ մշակաբույսեր պահանջարկ ունեն:

Գյուղմթերքի մթերման ու բաշխման կենտրոնները կարևորվում են նաև սննդի անվտանգության տեսանկյունից այսինքն՝ որ մթերքն ինչ ծագում ունի, հնարավոր կլինի ապահովել գյուղմթերքի հետագծելիությունը: Նախարարությունը ուսումնասիրել է նաև, թե արտաքին շուկաներում Հայաստանի ընկերությունների հետ կնքած պայմանագրերի քանի տոկոսը չի կատարվում:

Արտաքին շուկաներում Հայաստանի ընկերությունների հետ կնքած պայմանագրերի շուրջ 30 տոկոսը չի մատակարարվում, և մանրածախ առևտրի կենտրոնները կրում են բազմաթիվ վնասներ:

-Ստացվում է, որ ծրագրի նպատակն է օգնել արտադրողին ոչ միայն իրացման հարցում, այլ նաև թե ի՞նչ մշակել: Սա գյուղատնտեսության ոլորտում խնդիր է, որովհետև գյուղացին հաճախ չպլանավորած մշակություն է անում՝ մի մշակաբույսից շատ աճեցնելով, որն էլ լճացում է առաջացնում շուկայում:

-Այո՛, մեր նպատակներից մեկն էլ ոլորտում արտադրողականության բարձրացումն է: Մենք տեսնում են, թե որոնք են այդ արտադրողականության բարձրացման ուղիները: Սակայն հենց հետբերքային փուլում տեսնում ենք, որ կան շատ բացեր, որոնք խոչընդոտում են արդյունավետության բարձրացմանը: Շատ ֆերմերներ չեն կողմնորոշվում, չեն հասկանում, թե ինչպես են գործում շուկաները, որոնք են շուկաներում պահանջարկ վայելող գյուղմթերքները, որոնք են պահանջարկ ունեցող սորտերը: Օրինակ՝ թարմ միրգ- բանջարեղենի շրջանում մենք ունենք խնդիրներ, իհարկե, ֆերմերների երազանքն է՝ իրենց ասեն՝ ինչ քանակությամբ, ինչ սորտերի բանջարեղեն պետք է արտադրվի:

Ինչ մշակել և որքան՝ ֆերմերին հետաքրքրող պլանավորման խնդիրները կարող են լուծել լոգիստիկ կենտրոնները: Մենք կկարողանանք ավելի համակարգված աշխատանք իրականացնել:

Հայաստանում լոգիստիկ կենտրոններ կան, սակայն ընդլայնելու և զարգացնելու կարիք կա: Նախնական փուլում մեկ լոգիստիկ կենտրոն կգործի Երևանին մոտ, ևս երկուսը` Հայաստանի հյուսիսում և հարավում:

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զգալի հատվածը կենտրոնացած է փոքր ֆերմերների շրջանում, որոնց մոտ հետբերքահավաքային կորուստները տատանվում են 20-30% սահմանում, մյուս կողմից` Հայաստանում գյուղմթերքի իրացման առկա շղթաները թերզարգացած են, և շատ դեպքերում անհնար է լինում դիտարկել անվտանգային, պլանավորման և սպառման կարևորագույն դրույթներ: Մթերման կայանների հիմնման ծրագրով թիրախավորվելու են հենց այսպիսի խնդիրների հաջորդական լուծումների վերհանումը:

Տվյալների հավաքագրման փուլում նախատեսվում են այցելություններ Հայաստանի տարբեր մարզեր և համայնքներ, հարցազրույցներ և մասնագիտական քննարկումներ տարբեր բնակավայրերում գործող ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ, տվյալների հավաքագրում և վերլուծություն, որի հիման վրա կմշակվի գյուղմթերքի լոգիստիկ կենտրոնների (մթերման և բաշխման կենտրոններ) ձևավորման համար անհրաժեշտ ռազմավարական մոտեցումների նախագիծը։

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search