Վերամշակում

Խաղողի մթերման հարցն անորոշ է, գործարանները պայմանագրեր չեն կնքում

Բերքն առատ է, բայց գյուղացին մտահոգ է

 Չնայած այս տարի խաղողի առատ բերք է սպասվում, բայց այն խաղողագործին չի ուրախացնում։ Արարատյան դաշտի խաղողագործներն այգի են մտնում, տեսնում ողկույզների ծանրությունից ճկված վազն ու դարդ անում՝ ինչպե՞ս են սպառելու։

Մթերող ընկերությունները մինչև հուլիսի 1-ը պետք է խաղողագործների հետ պայմանագրերի կնքման գործընթացն ավարտած լինեին, բայց իրավիճակը մտահոգիչ է, խաղողագործների մեծ մասը որևէ ընկերության հետ պայմանագիր չունի կնքած:

 Արարատի մարզի Լուսառատ համայնքում այս տարի 6000 տոննա խաղողի բերք է  սպասվում: Համայնքապետարանից Ագրոպրեսին տեղեկացրին, որ 2900 տոննայի չափով «Երևանի կոնյակի» գործարանն է պայմանագրեր կնքել խաղողագործների հետ, 200 տոննա խաղող էլ Լուսառատից Մերձավանի կոնյակի գործարանը կգնի:  

Խաղողագործ Արամայիս Քեշիշյանի խոսքով՝ վերամշակող մյուս ընկերությունները տարբեր պատճառաբանությամբ հրաժարվում են խաղողագործի հետ պայմանագիր կնքելուց:

Լուսառատցին դժգոհում է, որ այս տարի խաղողը ջրի գնով են գործարաններն ընդունում․ իրենց առաջարկել են 100 դրամով խաղող հանձնել:

 «Գործարանն ասում է՝ ապրանքս չեմ կարողացել վաճառել, առևտուրն  էլ անում են ռուբլով, քանի որ ռուբլին էժանացել է, հետևաբար իրենք էլ չնչին դրամով եմ մեզանից  խաղող գնում: Եթե խաղողը չմթերվեց, մարդիկ գնալու են բժշկի, հոգեկան են դառնալու, մարդ կա՝ 20-30 տոննա խաղող ունի, ի՞նչ պետք է անի, ինքը դեռ շարունակում է ծախս անել: Խաղողը, եթե նորմալ մշակում ես, ինքնարժեքը մինչև 120 դրամ է կազմում: Եթե մենք հիմա 100 դրամով ենք տալիս, վնասով ենք աշխատում, ստիպված հանձնելու ենք, որ այգում չմնա: Խաղողն էլ լոլիկ չի, ձմերուկ չի, որ մի տարի չմշակենք, մյուս տարի ուրիշ բան մշակենք: Մարդը ծախս է անում, այգի է դնում, երրորդ տարին արդեն մտել է, բերք է տալիս, քանդի՞,  դե, իհարկե, չի քանդում, սպասում է, տեսնի՝ ինչ կլինի: Կառավարությունը մեզ օգնելու փոխարեն․․․ Քերոբյանն ասում է՝ քանդեք այգիները»,- սրտնեղեց այգեգործը:

 Անհայտ ծագմամբ սպիրտով կոնյակ է պատրաստվում, պետությունն էլ աչք է փակում

«Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը ևս պայմանագրերի կնքման հետ կապված լավ լուրեր չունի։ Նրա փոխանցմամբ՝ հուլիսի 1-ի դրությամբ միայն «Երևանի կոնյակի» գործարանն է պայմանագրեր կնքել խաղողագործների հետ։

Դեռ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «Երևանի կոնյակի» գործարանը դադարեցնում է արտահանումը Ռուսաստան՝ խոստովանելով, որ դրա անմիջական բացասական հետևանքները զգալու են գյուղացիները։ Սակայն գործարանից տեղեկություններ եղան, որ շարունակվում են փոխադրումները Ռուսաստան, և կատարվում են միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները։

Մինչդեռ Արտակ Սարգսյանը նշում է, որ «Երևանի կոնյակի» գործարանն ավելացրել է մթերումների ծավալները ու պայմանագրերի քանակը։

Միության նախագահն արդեն կանխատեսում է՝ տարին շատ ծանր է լինելու խաղողագործների համար․ նորից նույն թնջուկը, նույն անելանելի վիճակն է լինելու։

«Էդքան կուրծք ծեծեցինք, ասեցինք՝ նույն խնդիրներն են առաջանալու, 60 օրից խաղողի մթերումն սկսվելու է, բայց ոչ մի պայմանագիր էլ չի կնքվել։ Եթե վերամշկող ընկերությունն առանց պայմանագիր կնքելու է խաղող մթերելու, դա նշանակում է, որ անօրինական դաշտում է աշխատում, այսինքն՝ սևով է աշխատում, խաղողի մթերումն իրենց համար երկրորդական է, իրենց պետք չէ։ ․․․Վերամշակող ըներություններն արդեն տարիներ շարունակ անհայտ ծագմամբ, համ ու հոտ չունեցող, գունավոր սպիրտով են կոնյակ պատրաստում և գերշահույթներ ստանում։ Կառավարությունն էլ աչքերը փակում է․ երևի հետները «փայ» են մտնում»,- հավելեց խաղողագործը։

Ըստ նրա՝ գործադիրն այլընտրանքային տարբերակներ պետք է մտածի։ Սակայն, ինչպես նկատեց Սարգսյանը, իրենց բարձրացրած հարցերն այդպես էլ լուծում չեն ստանում։

Սարգսյանը հայտնեց, որ պատկան մարմիններին առաջարկել են վերահսկել վերամշակողների գործը՝ պարզել, նրանք խաղող գյուղացուց գնում են, թե ոչ։
Հայաստանի խաղողագործների միության նախագահը համոզված է՝ եթե գործարանները խաղող մթերեն, հանրապետությունում մթերման խնդիր չի ստեղծվի։

«Կառավարությունը չի ուզում, որ այդ դաշտը կանոնակարգվի, խաղողագործն ապրի, փող աշխատի ու իր գյուղում մնա, և խաղողագործությունը զարգանա։ Թե՛ վերամշակողները, թե՛ կառավարությունը նպաստում են, որ Հայաստանում խաղողագործությունը չզարգանա։ Մենք կորցնում ենք խաղողագործությունը»,- սրտնեղեց մեր զրուցակիցը։

Մթերման խնդիրների պատճառով էլ արդեն մի քանի տարի է՝ շատերը քանդում են խաղողի այգիները։

Արտակ Սարգսյանի տվյալներով՝ նախորդ տարվա աշնանը խաղողագործները քանդել են շուրջ 680 հեկտար այգի։ Խաղողագործը չի բացառում, որ աշնանը գյուղացիներն ավելի շատ խաղողի այգի կքանդեն։

Նա նշեց, որ մթերման սեզոնին վերամշակող ընկերությունները մի քանի պատրվակ են մատնանշում և արհեստականորեն նվազեցնում խաղողի ընդունման գները։

«Պետության աչքի առաջ գործարանը կարողանում է խաղողագործին թալանել։ Եթե վիճակագրական տվյալներն ուսումնասիրեք և տեսնեք, թե տարեկան քանի շիշ կոնյակ է արտահանվում ՀՀ-ից, կտեսնեք՝ ինչ ահռելի քանակությամբ խաղող պետք է մթերվի։ Հիմա այստեղ աբսուրդ է։ Չհավատաք, որ գործարանները սեպտեմբերին կհայտարարեն, թե վաճառքի հետ կապված խնդիրներ են ունեցել։ Կասեն՝ Ռուսաստանում պատերազմ էր, արտահանումը լավ չէր, բայց իրենց «լոլո»-ներով գյուղացուն խաբում են։ Եթե դեռ գործարանները պայմանագիր չունեն կնքած խաղողագործների հետ, ինչպե՞ս եք նրանց սուբսիդավորելու»,- հարց բարձրացրեց Սարգսյանը։

Խաղողագործին մեկ այլ հարց էլ է անհանգստացնում. ասում է՝ Գինեգործության հիմնադրամը հորդորել է գինու սորտի խաղող աճեցնել, գյուղացիներն էլ վարկ են վերցրել և նոր այգիներ հիմնել, բայց գործարանները հիմա նաև գինու խաղողի սորտերը չեն ընդունում, առավել ևս՝ պայմանագրեր կնքում։

Կվերահսկվեն խաղողի մթերումն ու կոնյակի սպիրտի արտահանումը

Դեռ ամիսներ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից խաղողի մթերման գործընթացից էին հետաքրքրվել։ Պատասխանը կարճ էր՝ իրադրությունը հուսադրող չէ, կոնկրետ քայլերը դեռ պետք մտածեն:

«Մենք չենք տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է, և հիմա փորձում ենք հասկանալ այն մեթոդները, որ երկու ծայրերը բերենք, կպցնենք իրար»,- ասել էր նախարարը:

Ավելի ուշ ոլորտի պատասխանատու գերատեսչության ղեկավար Քերոբյանը հստակեցրել էր, թե հիմա ինչ ծրագրեր են մշակում, որպեսզի մթերումը սահուն անցնի: Նա հայտնել է, որ մասնավորապես կխստացվի ոլորտի նկատմամբ վերահսկողությունը:

«Հիմնական մոտեցումները պետք է լինեն խաղողի մթերման ավելի խիստ վերահսկողությունը և կոնյակի սպիրտի արտահանման նկատմամբ ևս խիստ վերահսկողությունը, որովհետև կոնյակի սպիրտի որակի վերահսկողությունը անպայման կհանգեցնի ավելի մեծ ծավալի մթերումների»,- նշել էր  նա:

Որքան պայմանագիր է կնքվել
Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարությունից Ագրոպրեսին փոխանցեցին, որ  գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով մինչև հուլիսի մեկը կնքվել է շուրջ 21 հազար տոննա խաղող մթերելու պայմանագիր, իսկ նախորդ  տարվա նույն ժամանակահատվածում կնքվել էր 93 հազար տոննա խաղող մթերելու պայմանագիր:

 Նախորդ տարվա գումարները դեռ չեն տվել

 Իսկ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում էլ անորոշ վիճակ է, այստեղ էլ շատ քչերին է հաջողվել վերամշակող ընկերությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերել խաղողի իրացման հարցում:
«Սարսափելի վիճակ է լինելու, աչքներս տեսածից է վախենում, ամեն տարի նույն խնդիրն է լինում: Մինչև հիմա գործարանները նախորդ տարվա մթերած խաղողի գումարները չեն վճարել․  մարդ կա, դեռ գործարանը խաղողի մթերման դիմաց 2-3 մլն դրամի պարտքեր ունի: Սաղ անհանգիստ սպասում են»,-հաղորդեց սարդարապատցի խաղողագործը:
 
Խաղողագործների պնդմամբ՝ եթե կառավարութունը գործուն քայլել չարեց, և խաղողը չմթերվեց, իրենք կտրուկ գործողությունների են դիմելու:

 Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search